«Հայկական աշխարհն» ու Մադագասկարը

09/07/2011

Մինչ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են զանազան միջազգային զեկույցներում ու վարկանիշներում պլպլան ցուցանիշներ ունենալու համար, նրանց ուշադրությունից դուրս մնացած, բայց շատ հեղինակավոր մի կազմակերպություն հողին է հավասարեցրել նրանց տիտանական ջանքերը։ Խոսքը վերաբերում է հանրահայտ «Forbes» պարբերականին, որն ամեն տարի հրապարակում է աշխարհի վատագույն տնտեսությունների տասնյակը։ Նախորդ հրապարակումներում Հայաստանը ներգրավված չի եղել, եւ առաջին անգամ հայտնվելով այս ցանկում՝ միանգամից զբաղեցրել է այդ ցուցակի երկրորդ հորիզոնականը։ Ավելի վատ տնտեսություն, ըստ «Forbes»-ի, ունի միայն Մադագասկարը։ Նշենք, որ այդ վարկանիշային աղյուսակի պատրաստման ժամանակ հաշվի են առնվում 3 չափանիշներ՝ վերջին երեք տարվա ՀՆԱ-ի եւ գնաճի միջին վիճակագրական տվյալները (ինչպես նաեւ՝ ԱՄՀ-ի կանխատեսումները 2012 թվականի համար), մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն եւ ընթացիկ հաշվի հաշվեկշիռը։