Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը` երեկ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպմանը, ասել է, թե մինչ այդ արված լավատեսական հայտարարությունների համատեքստում իր հիասթափությունն էլ ավելի խորն է: «Ես մտահոգված եմ նրանով, որ եթե բանակցային գործընթացը ձախողվի, ապա պատերազմի վերսկսման վտանգ կլինի»,- ասել է նա: Ս. Ֆրեյզերի խոսքով` Կազանում կողմերը հայտարարել են միայն այն մասին, որ համաձայնության են հասել որոշակի հարցերի շուրջ, ինչը նշանակում է, որ դեռեւս կան հարցեր, որոնց շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել: «Ռազմական սցենարի դեպքում պատերազմը չի լինելու կարճատեւ, այլ տեւելու է երկար ամիսներ եւ տարիներ»,- հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարը: