24 հազար դոլար` ի պետս ԲՀԿ-ի

09/07/2011

«Եվ որպես նախագահ, եւ որպես վարչապետ` առաջին տեղում է Գագիկ Ծառուկյանը»,- երեկ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով իր սոցհարցումների արդյունքները: Ըստ նրա` հարցման արդյունքներով, արտահերթ ընտրությունների դեպքում, առաջին տեղում է ԲՀԿ-ն։ Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում նույն Ա.Ադիբեկյանը Գ.Ծառուկյանին անվանել էր «ռեստորանային մտածողության տեր քաղաքական գործիչ», իսկ նրա կուսակցության վարկանիշն իր հարցումներում շատ ցածր արդյունքներ էր արձանագրել: Եվ ուրեմն` ի՞նչ պատահեց, որ Գ.Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայտնվեցին առաջին հորիզոնականում: «Դա իմ կարծիքը չէ, ձայների տոկոսն է, ես իրավունք չունեմ իմ տեսակետով ծածկել հանրային կարծիքը»,- երեկ մեր թղթակցին ասել է Ա.Ադիբեկյանը: Նա հերքել է շրջանառվող այն կարծիքները, թե վերջին շրջանում ԲՀԿ-ն բարձր վարկանիշ ցույց տալու համար իրեն սոցհարցումներ է պատվիրում: Այդ դեպքում ո՞վ է վճարել այդ սոցհարցումների համար: «Իսկ եթե մենք աշխատում ենք անվճար, ծախսում ենք միայն տրանսպորտի, թղթի եւ տպագրական գումարները եւ այն ակնկալիքով, որ հետո մենք այդ գումարը ետ կբերենք: Այդ ժամանակ մեզ վրա նստում է շատ էժան, եւ մեր աշխատողները գիտեն, թե ինչի են գնում»,- ասել է Ա.Ադիբեկյանը: Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ Ա.Ադիբեկյանն ասել էր, թե յուրաքանչյուր հարցման համար օգտագործում են 2400 հարցաթերթ, որոնցից յուրաքանչյուրն արժե 10 դոլար: Այսինքն` 24.000 դոլար: