ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԵՆԴԱՆԻ ԽԹԱՆԻՉՆԵՐԸ

09/07/2011

Գնահատականները, որ կառավարությունը խթանում է քաղաքացիների արտագաղթը Հայաստանից, երբեմն չափազանցված են թվում անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո: Ավելի իրական է բանավեճը տեղափոխել այլ հարթություն` այդ քաղաքականությունը նպատակամղվածությա՞ն, թե՞ անմեղսունակության հետեւանք է: Այդ դեպքում պատկերն ավելի ամբողջական կդառնա: Այլ կերպ դժվար է հասկանալ ամբողջությամբ կառավարության եւ նրա առանձին անդամների գործունեությունը: Օրինակ, օրերս ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այցելել է Լոռու մարզի Եղեգնուտ համայնք: Տվյալ դեպքում խնդիրն այն չէ, որ նման գյուղնախարարն ինքնին արտագաղթի կենդանի խթան է: Ս. Կարապետյանն իրեն այնպես է պահել գյուղացիների հետ շփման ժամանակ, որ նրան գրեթե «դուրս են հրավիրել» գյուղից: Մասնավորապես` բնակիչների դժգոհություններին, թե նախարարությունն իրենց ոչնչով չի օգնում, նույնիսկ համապատասխան տեխնիկա չի հատկացնում, Ս. Կարապետյանը բավական կոպիտ է պատասխանել, ինչն ավելի է ըմբոստացրել գյուղացիներին: Այդ հանդիպման ականատեսների վկայությամբ, գյուղացիների դժգոհությունները մեղմելու փոխարեն` Ս. Կարապետյանը նկատողություն է արել նրանց` ասելով. «Կարտ ու նարդի եք խաղում, ինչո՞ւ չեք գնում հանդ»: Նրա այս խոսքերն ավելի են զայրացրել գյուղացիներին, որոնցից մեկն, ի պատասխան Կարապետյանի` ասել է. «Տո ջահել, մեր գյուղում ձենդ չբարձրացնես»: Զգալով, որ գյուղացիների մոտ «վերակացուի» իր պահվածքը հակառակ արդյունքի է հանգեցնում, Կարապետյանը սկսել է արդարանալ` ասելով. «Ես էլ մարդ եմ, ես էլ եմ բորբոքվում» (ինչպես Տ. Սարգսյանն էր մեր թերթում հայտնի հայտարարությունից հետո ասել, թե կատակ է արել): Չնայած, Կարապետյանին կարելի է հասկանալ` մարդը գյուղատնտեսության նախարար դառնալով` հույս ուներ, որ դաշտերն օրհնելով ամեն ինչ լավ կլինի, իրեն էլ գյուղացիները «մինիստրի տեղ կդնեն», սակայն կյանքը ցույց տվեց, որ իր պաշտոնավարման յուրաքանչյուր օրը ավելի ծանր է դարձնում գյուղատնտեսության ու գյուղացու վիճակը: Եվ ստացվում է, որ կամ Ս. Կարապետյանը (դիցուք) պետք է արտագաղթի, կամ գյուղացիները: Ովքեր արդեն արտագաղթում են ոչ թե անհատապես կամ ընտանիքներով, այլ` ամբողջական գյուղերով: