Ազատ մրցակցությունն այնքան էլ լավ բան չէ

10/11/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ ՀՅԴ նախաձեռնությամբ ՀՅԴ Բյուրոյի նորակառույց շենքում տեղի ունեցավ «Մենաշնորհները ՀՀ-ում. հիմնախնդիրներ եւ լուծումներ» թեմայով համաժողով, որի նպատակը «Հայաստանի տնտեսության մեջ օրինական եւ ոչ օրինական մենաշնորհների հիմնախնդիրների քննարկումն» էր:

Համաժողովի ընթացքում հնչեցին երեք զեկույցներ, եւ հարցուպատասխանի արդյունքում բավականին հետաքրքիր բանավեճ ծավալվեց: Զեկուցողները կարեւորեցին այս դաշտում օրենքների անկատարությունը, որոնք արդիականացնելն օրվա հրամայական համարեցին: «Այսօրվա թեման համահունչ է այն խնդիրների հետ, որոնց առաջ այսօր մեր երկիրը կանգնած է, եւ սա ինչ-որ տեղ տեղավորվում է այն խնդիրների շրջանակի մեջ, որ Սահմանադրության բարեփոխումների առումով մենք նպատակ ենք դրել իրականացնել»,- համաժողովի բացման խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքերով՝ բարեփոխումների մի կարեւոր խնդիրն էլ տնտեսական քաղաքականությունը ճիշտ հունով տանելն է։ «Այս առումով մենք պարտավորված ենք վերանայել որոշակի մոտեցումներ` հաշվի առնելով մեր երկրի անցած փորձը տնտեսության զարգացումը ուղենշելու համար»,- շարունակեց Ա. Ռուստամյանը: Վերջինիս կարծիքով՝ գործող Սահմանադրությունում բացթողում կա. այն շատ անորոշ ձեւակերպում է տալիս ազատ մրցակցությանը եւ շրջանցում է մի կարեւոր հարց. կա բնական մենաշնորհներ հասկացություն, որը սահմանված չէ Սահմանադրությամբ եւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ Սահմանադրությամբ այդ հասկացության ամրագրումը կստիպի, որ այն կարգավորվի առանձին օրենքով. «Այսօրվա քննարկման նպատակն այդ օրենքը նախապատրաստելն է»: Ստացվում է, որ ՀՅԴ-ն կասկած չունի, որ սահմանադրական փոփոխություններն անցնելու են ու հիմա առանց ժամանակ կորցնելու անցել է օրենսդրական դաշտը փոփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելուն ուղղված քննարկումներին: Ինչեւէ, Ա. Ռուստամյանի գնահատմամբ՝ սահմանադրական փոփոխությունների մի կարեւոր խնդիր է նաեւ «տնտեսական քաղաքականությունը ճիշտ գունավորելը»: Նրա խոսքերով` ՀՅԴ-ի բոլոր ջանքերն այս ընթացքում ուղղված են եղել երկու կարեւոր խնդրի լուծմանը. դրանք են՝ երկրում ազատ մրցակցության ապահովումն ու «արտադրված բարիքների արդար բաշխումը»: Վերջինս, նրա կարծիքով, անհրաժեշտ է սոցիալական բեւեռացումից խուսափելու համար: «Այս երկու խնդիրները չեն կարող լուծվել առանց որոշակի տեսական կարգավորիչ դերի: Դրանք ինքնահոսի թողելը տնտեսությանը կարող է մեծ կորուստներ բերել եւ տնտեսական ոլորտում ստեղծել անարդար իրավիճակ»,- համոզված է Ա. Ռուստամյանը: Փաստորեն, այդ կարգավորումը պետք է լուծի վերոնշյալ երկու խնդիրները: Իսկ եթե դա տեղի չի ունենում, ըստ Ա. Ռուստամյանի, ազատ մրցակցությունը կարող է չարաշահվել, վերածվել անբարեխիղճ մրցակցության, եւ «առաջացնել մենաշնորհային անընդունելի իրադրություն, որի հիմքում ընկած է ստվերային տնտեսությունը»: Բայց այսքանով ազատ մրցակցության հնարավոր վատ հետեւանքները չեն սահմանափակվում: «Չկարգավորելով պրոցեսը, մենք կարող ենք լեգալ ստվերային մենաշնորհներ ունենալ»,- շարունակում է պրն Ռուստամյանը: Իսկ ստվերային մենաշնորհների կանխումը, վերջինիս խոսքերով, մեր կարեւորագույն խնդիրներից մեկը պետք է լինի: Հակառակ պարագայում դարձյալ լիքը վատ բաներ կլինեն: Մի խոսքով, Ա. Ռուստամյանի կարծիքով` շատ կարեւոր խնդիր է՝ թույլ չտալ, որ ազատ մրցակցությունը չարաշահվի ու ստվերային մաս առաջացնի: Ինչպե՞ս: Համաժողովի բացման խոսքում Ա. Ռուստամյանն այս հարցի որոշակի պատասխան նշեց, որն ըստ նրա ցույց է տալիս աշխարհի փորձը: Ռուստամյանի խոսքերով՝ սոցիալական ուղղվածության տնտեսական քաղաքականություն իրականացնելու համար պետք է պետությունը կարգավորիչ դեր ունենա, որը պետք է հաշվի առնի ազգային անվտանգության հետ կապված խնդիրները, հանրության ընդհանուր շահերը պաշտպանելու հարցերը: «Դա ենթադրում է ինչ-որ տեղ խրախուսել որոշակի լեգալ մենաշնորհներ»,- կարծում է նա: Փաստորեն ազատ մրցակցությունն այնքան էլ լավ գաղափար չէ, ինչքան թվում է, եւ կարող է առաջացնել «ստվերային մենաշնորհներ», որոնցից էլ խուսափելու համար ստիպված ենք լինելու «խրախուսել որոշակի լեգալ մենաշնորհներ»: