ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

09/07/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր կառավարության համար, ինչպես հայտնի է, իրականությունից ավելի կարեւոր է տարբեր միջազգային վարկանիշներում Հայաստանի ցուցանիշների բարելավումը։

«Doing Business» եւ այլ նման տիպի հրապարակումներում վեր բարձրանալու համար մերոնք անգամ վերջերս պաշտոնական ծրագիր կազմեցին։ Իսկ երեկ, միջազգային ինդեքսներում վեր բարձրանալը գործունեության գերնպատակ դարձրած մեր որոշ գործիչների համար շատ տհաճ անակնկալ մատուցեց հանրահայտ «Forbes» պարբերականը։

Բանն այն է, որ Forbes-ը հրապարակում է աշխարհի 10 ամենավատ տնտեսությունների ցանկը, եւ երեկ հրապարակված ցանկում մեր երկիրը զբաղեցրել է այդ խայտառակ ցանկի պատվավոր երկրորդ հորիզոնականը։ Մեզանից առաջ է միայն Մադագասկարը։ Երրորդ տեղում Գվինեան է։ Ցանկում տեղ են գտել նաեւ Ուկրաինան, Վենեսուելան, Իրանը եւ այլ երկրներ։

Բնական է, որ կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները համաձայն չէին լինելու այս գնահատականի հետ։ Օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ըստ «Ա1+» կայքի, համամիտ չէ «Forbes»-ի եզրահանգման հետ։ «Մեղմ ասած, դա չի կարող համապատասխանել իրականությանը: Որոշակի մակրոցուցանիշների կտրվածքով կարող է պատահի` այդպես լավ տեղեր չգրավենք, բայց բոլոր պարագաներում ամբողջ մեր տնտեսական մակարդակը այդքան մղված չէ հետին պլան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Վարդան Բոստանջյանը: Նա կարծում է, որ Հայաստանը պետք է գրավի 70-րդ տեղը կամ դրան մոտ տեղեր:

Նրա ՀՀԿ-ական գործընկեր Գագիկ Մինասյանը հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով, որ ինքն այդ հրապարակմանը ծանոթ չէ։ Նա նաեւ ավելացրեց, որ օրվա ընթացքում դժվար թե հասցնի ծանոթանալ այդ վարկանիշին։

Իսկ գործարար Միխայիլ Բաղդասարովը «Forbes»-ի հրապարակման մասին երեկ լրագրողներին ասել է. «Forbes»-ը հեղինակավոր պարբերական է: Ճիշտ է` ես չգիտեմ, թե որտեղից է վերցնում իր տվյալները, բայց… Ամեն ինչ կախված է, թե որ կողմից ես նայում իրերին»։ Ի դեպ, պատասխանելով հարցին, թե արդյոք համաձա՞յն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության հետ, թե նրա կառավարման օրոք կենսամակարդակն ավելի բարձր էր, քան հիմա, Բաղդասարովը նշել է. «Ռոբերտ Քոչարյանը փորձառու տնտեսական եւ քաղաքական գործիչ է: Նրա կառավարման օրոք Հայաստանում կապիտալ շինարարության աճ է գրանցվել: Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե ինչ ենք անում եւ ուր ենք գնում: Բայց կարող եմ ասել, որ միջազգային ճգնաժամի պատճառով ողջ աշխարհը հայտնվեց բարդ դրության մեջ»:

Նախկին պաշտոնյաներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, կեսկատակ-կեսլուրջ նախ ասաց, որ շոգի պատճառով մեկնաբանություններ չի տալիս։ Հետո, իմանալով, որ խոսքը վերաբերում է «Forbes»-ին, նշեց, որ իր համար «Forbes»-ը պարզապես բամբասանք է, քանի որ ոչ ոք չի կարող իմանալ մարդկանց հարստության իրական չափը։ Իսկ հետո, երբ տեղեկացրինք, որ այս անգամ ոչ թե հարստությունն են հաշվել, այլ կոնկրետ չափանիշների հիման վրա վատագույն տնտեսությունների ցանկ են կազմել եւ Հայաստանին էլ տեղավորել «պատվավոր» երկրորդ հորիզոնականում՝ պատասխանեց, որ լիովին համաձայն է այդ գնահատականի հետ։ Իրականում ցանկի հետ չհամաձայնելը դժվար է, քանի որ այն ոչ թե ինչ-որ մեկի սուբյեկտիվ կարծիքն է, այլ կոնկրետ չափանիշների հիման վրա կատարված հաշվարկների արդյունք։ 177 երկրների վարկանիշը կազմողները, մասնավորապես, հաշվի են առել 3 չափանիշ։ Դրանք են՝ վերջին երեք տարվա ՀՆԱ-ի եւ գնաճի միջին վիճակագրական տվյալները (ինչպես նաեւ՝ ԱՄՀ-ի կանխատեսումները 2012 թվականի համար), մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, եւ ընթացիկ հաշվի հաշվեկշիռը՝ որպեսզի երեւա՝ տվյալ երկիրն ավելի շատ ներմուծո՞ւմ է, թե՞ արտահանում։

Հիմա մեջբերենք Հայաստանին վերաբերող հատվածը։ «Երկրորդ տեղում Հայաստանն է, որի տնտեսությունը 2009թ. 15% անկում ապրեց, երբ արտերկրում ապրող հայրենակիցների կողմից ֆինանսավորվող շինարարական բումը փլուզվեց՝ համաշխարհային տնտեսության հետ միասին։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում կանխատեսվում է միջին աճ։ Նախկին սովետական այս շրջափակված երկիրը, որը իր բոլոր էներգետիկ մատակարարումների առումով կախված է Ռուսաստանից եւ Իրանից, պայքարում է աշխարհից ետ չմնալու համար։ Մեկ մարդուն բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 3000 ԱՄՆ դոլար, որն ավելի քիչ է, քան հարեւան Թուրքիայի նույն ցուցանիշի մեկ երրորդը։ Նշենք նաեւ, որ Ռուսաստանը դադարեցրել է ադամանդի մատակարարումները՝ մեծ վնաս հասցնելով Հայաստանի՝ երբեմնի ծաղկող ադամանդագործության ոլորտին»։

Այդ պնդումներից որեւէ մեկին դժվար է չհամաձայնել։ Այն, որ տնտեսությունն անկում ապրեց 15%-ով, վիճակագրական փաստ է։ Այն, որ առաջիկա երեք տարիներին մեր տնտեսական աճը չի գերազանցելու 5%-ը, հայտարարում են հենց իրենք՝ իշխանությունները։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն էլ, չնայած արտահանման աճի տեմպերին, շարունակում է մեծանալ եւ բյուջեի հետ համադրելի թիվ է դառնում։ Նկատենք նաեւ, որ այս վարկանիշը ոչ թե ներկայացնում է մեր տնտեսության վիճակագրական պատկերը, այլ գնահատական է տալիս աճի որակին։ Մասնավորապես, երբ նշվում է, որ շինարարական բումը` հիմնված դրսից եկող փողերի վրա, նշանակում է, որ մեր տնտեսությանը հերթական անգամ անվանել են «պղպջակ», իհարկե՝ այս անգամ ավելի մեղմ ձեւակերպումներով։

«Forbes»-ի զեկույցը, մեծ հաշվով, որեւէ հայաստանցու զարմացնել չի կարող։ Սոցիալական ցանցերում երեկ շրջանառվում էր մի կատակ, որ վիճակը ավելի տխուր է, քանի որ չենք էլ կարող ասել` «վերջից առաջին տեղում ենք»։ Զարմանալին միայն մեր որոշ պետական գործիչների անուշադրությունն էր այս զեկույցի նկատմամբ. չէ՞ որ լավ ցուցանիշների մասին նրանք շատ արագ են իմանում։

Թե ի՞նչ հակահարված կտա պետական քարոզչամեքենան այս հրապարակմանը, դժվար է ասել։ Ամեն դեպքում, չենք զարմանա, եթե վաղվանից սկսած որոշ վերլուծաբաններ սկսեն հայտարարել, որ «Forbes»-ը դեղին մամուլի ներկայացուցիչ է։