– Տիկի՛ն Խառատյան, Հայաստանը համարվում է մոնոէթնիկ երկիր: Այդ փաստն առիթի դեպքում սիրում ենք հատուկ ընդգծել: Արդյո՞ք դա առավելություն է: Ամեն դեպքում, թարմ են հուշերը, երբ Հայաստան էին ժամանել պարսիկ զբոսաշրջիկներ, իսկ հանրապետությունում ավելի շուտ շոկային վիճակ էր:
– Մոնոէթնիցիզմը մեզ պատմականորեն բնորոշ չէ. սա վերջին տարիներին ձեւավորված իրողություն է: Ընդամենը 20 տարի առաջ, 88-90 թթ., Հայաստանի ազգային պատկերում այլազգի բնակչությունը մոտ 8 տոկոս էր: Հայաստանից հեռացան քրդեր ու ադրբեջանցիներ, ովքեր զգալիորեն բազմազանեցնում էին մեր մշակույթը: Մեր երկիրը մոտ է մոնոէթնիկությանը, սակայն բացարձակ մոնոէթնիկ չենք: Բարեբախտաբա՛ր: Աշխարհը գնում է մշակութային բազմազանեցման: Հայաստանը` նույնպես: Որքան էլ բորբոքվենք, թե դա սպառնում է մեր ազգային, էթնիկ դիմագծի կորստին, պիտի ասեմ, որ ժամանակակից աշխարհում մշակութային բազմազանությունը սկզբունքորեն էթնիկ դիմագծի կորստի վրա չի ազդում, այլ բերում է նոր փնտրտուք:
– Մոնոէթնիկ լինելու առավելությունը թերեւս քաղաքական է. այսինչ ազգային փոքրամասնությունը չի կարող օգտագործվել ներքաղաքական անկայունություն հրահրելու նպատակով:
– Այդ իմաստով անգամ եվրոպական երկրները, միշտ քաղաքական տագնապում են իրենց ազգային պետությունների այլազգի քաղաքացիների հնարավոր քաղաքական նկրտումներից: Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Արեւելյան Եվրոպայի շատ երկրներ իրենց տարածքները «մաքրեցին» այլազգիներից: Սա դարձավ ազդակ, որ միջազգային կառույցները մտահոգվեն` ինչպես անել, որ թե՛ ազգային պետության ամբողջականությունը ապահով լինի, թե՛ ազգային փոքրամասնություններն իրենց ինքնության պահպանության հնարավորությունները չկորցնեն: Վերջին 15 տարիներին մշակվել են ազգային փոքրամասնությունների իրավունքների դրսեւորման ձեւերը, որոնք պետք է նպաստեն նրանց ինքնության պահպանությանը:
– Մեր երկրում Սահմանադրությունը վավերացնում է` Հայաստանում բոլորը հավասար քաղաքացիներ են: Ըստ այդմ` երաշխավորված է ՀՀ տարածքում ապրող ազգությունների էթնիկ ինքնության պահպանության հնարավորությունը: Սակայն այդ խմբերի սոցիալական, քաղաքական դերակատարությունը գրեթե աննկատ է:
– Ազգային փոքրամասնությունների ակտիվության աստիճանն իրո՛ք տարբեր է: Ինքնության համար ջանքեր գործադրողները խմբեր են ձեւավորում, որոնք կարող են գրանցվել որպես հասարակական կազմակերպություն` իրավական բնույթի գործողություններ իրականացնելու հնարավորություն ունենալու համար` պայմանագիր կնքել, հաշվի համար բացել եւ այլն: Մեր Քրօրն էլ ունի մի քանի կետ` միտված խտրականությունը վերացնելուն: Տեսեք, ազգային հողի վրա կատարված հանցանքն ավելի խիստ է պատժվում եւ այլն: Մի ազգային փոքրամասնությունը ՀՀ-ում կարող է ունենալ տասից ավելի գրանցված կազմակերպություն: Օրինակ` վերջին մարդահամարով (2001թ.- Լ.Ա.) Հայաստանում կա գրանցված 1200 հույն եւ, պատկերացրեք, նրանք ունեն 11-ից ավելի հասարակական կազմակերպություն: Կան այլազգի խմբեր, որոնք առհասարակ ջանք չեն գործադրում պահելու իրենց ինքնությունը:
– Ի դեպ, «Կրոնի մասին» օրենքը բավականին հանդուրժող է ազգային փոքրամասնությունների հանդեպ:
– Մեր երկրում օտարների կրոնական պատկանելությունը ոչ մեկին չի հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է հայերի` այլակրոն կամ քրիստոնեության այլ ճյուղերին պատկանելությունը: «Աղանդավոր» բառը նշանակում է` ո՛չ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ հայ: «Կրոնի մասին» օրենքը պարտադրում է կրոնական կազմակերպությունը գրանցելու համար 200 անձի ստորագրություն եւ ներկայություն, իսկ ազգային փոքրամասնությունների դեպքում անգամ երեք հոգու ցանկության դեպքում հնարավոր է ձեւակերպվել որպես կրոնական կազմակերպություն: Նրանցից չի պահանջվի 200 հոգու առկայությունը: Մեր կառավարությունն իր որոշումներով ազգային փոքրամասնություններին սպասարկած կրոնական հաստատությունը հաճույքով վերադարձնում է այդ կրոնական համայնքներին, եթե կա այդպիսի հայտ, եթե պարտավորվում են շինությունը պահել կրոնական նպատակներով: Այդպես վերադարձվել են հունական, ասորական, ռուսական եկեղեցիները: Հրեաները պնդում էին, թե Աբովյան փողոցում երբեմն եղել է սինագոգ, սակայն ոչ ոք այդ հասցեն արխիվում գտնել չկարողացավ, բայց սինագոգը գործում է: Կա մահմեդական մզկիթը:
– Գուցե այն, որ ազգային փոքրամասնությունների 75 տոկոսը եզդիներ են, գուցե այլ պատճառով, սակայն վիզուալ փողոցում քայլող շարքային հայերին կարելի է նույնականացնել քրդերի, եզդիների, փոքր մասին` եվրոպացիների հետ, եւ մի տեսակ դժվար է հասկանալ` իսկ ո՞րն է իսկական հայը:
– Այդքան միանշանակ չէի ասի: Այոգ, եզդիներն ու քրդերն անհամեմատ շատ են: Պատմականորեն այնպես է ձեւավորվել, որ այսօր ազգային փոքրամասնություններից ոչ մեկը չունի Արեւելյան Հայաստանի տարածքում ապրելու այնքան վաղեմություն, որ համահարթեցված լինեին մարդկային բոլոր հարաբերությունները: Հայաստանի տարածքում ամենահին ազգային փոքրամասնությունն ասորիներն են: Նրանք 1828թ. հայերի հետ միասին` որպես քրիստոնյա, Պարսկաստանից տեղափոխվեցին Հայաստանի մի հատված: Նրանց հաջորդում են ռուսները` մոլոկանները: 19-րդ դարի կեսերին ցարական Ռուսաստանը նրանցով բնակեցրեց Արեւելյան Հայաստանը` լուծելով երկու խնդիր: Նախ` այստեղ ունենալ սլավոնական բնակչություն, ապա` Ռուս ՈՒղղափառ եկեղեցուց շեղում ունեցող կրոնական խմբերին նոսրացնել: Ինչ վերաբերում է հայաստանաբնակ եզդիներին, ըստ վերջին մարդահամարի` 40.000 են: Դա հիմնականում ցեղասպանության հետեւանքով առաջացած համայնք է, որը Թուրքիայից տեղափոխվեց Արեւելյան Հայաստան` ենթարկվելով, չզարմանաք, քրդական հետապնդումներին:
– Յուրաքանչյուր պետություն փորձում է ազգային փոքրամասնությունների պոտենցիալը մաքսիմում օգտագործել, ինչպես նաեւ` պայմաններ ստեղծել, որ նրանք եւս դառնան իր լեզվի, մշակույթի կրողը: Մեր իշխանությունը նման ջանք չի թափում: Շատ անփույթ են մարդկային ռեսուրսի` թե՛ տեղաբնակների, թե՛ ազգային փոքրամասնությունների հանդեպ:
– Մեր պետությունն առաջին հերթին չի օգտագործում ի՛ր քաղաքացիների պոտենցիալը: Չկա ծրագիր` օգտագործելու նաեւ փոքրամասնությունների պոտենցիալը: Բայց, պատկերացրեք, բարենպաստ պայմաններ է ապահովում` նրանց ինքնության զարգացման պահպանության եւ այն հաջորդ սերունդներին փոխանցելու համար: Նրանք կարող են ընտրել լեզուն, որով ցանկանում են կրթություն ստանալ: Հայաստանում էլ բնակչության մեծ մասը, կարծում եմ, ցանկանում է կրթություն ստանալ ռուսերենով եւ անգլերենով: Դեմ չէ, եթե հայերեն էլ սովորի: Կան փոքրամասնություններ, որոնք իրենց լեզվով կրթություն պարզապե՛ս չեն կարող ստանալ. եթե 1000 մարդ է համայնքը, այն էլ` ցրված երկրով մեկ, ուղղակի անհնար է այդ լեզվով կրթություն իրականացնել:
– Մենք հետեւողական չենք, որպեսզի ինքներս, ապա` նաեւ ազգային փոքրամասնությունները տիրապետեն հայերենին: Հետեւաբար, երբ, դիցուք, վիրահայ համայնքը բողոքում է, որ Վրաստանում նրանց պարտադրում են որպես առաջին լեզու սովորել վրացերեն, զայրանում ենք: Գերմանիայում եւս բավական խիստ է. այնտեղ կրթություն ստանալ ցանկացող ուսանողը նախ քննություն է հանձնում գերմաներեն լեզվից, նոր միայն` մասնագիտությունից:
– Այսքան տարի Վրաստանի տարածքում ապրող հայերն ու ադրբեջանցիներն այդպես էլ վրացերեն չսովորեցին: Այդտեղ ապրող մարդկանց համար սա իրական ողբերգություն է: Նրանք շարունակում են մնալ մեկուսացված, լեզվի չիմացության պատճառով չեն կարող մասնակցել երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացումներին: Մյուս կողմից` նաեւ լեզվի չիմացությունն է պատճառ, որ Վրաստանում վիրահայերը մեկուսանում են ազգային ինքնության շրջանակում: Միջազգային իրավունքի նորմերը այսօր պնդում են, որ ազգային փոքրամասնությունները, տվյալ տարածքում բնակության պատմություն ունեցող ժողովուրդներն իրավունք ունեն կրթություն ստանալ մայրենի լեզվով: Սակայն այդ երկրում ապրող բոլոր քաղաքացիները պարտավոր են այդ երկրի պետական լեզուն իմանալ (խնդիրը բարոյական հարթությունից իրավական հարթություն եմ տեղափոխում): Այդ թվում եւ` Հայաստանի ազգային փոքրամասնությունները պարտավոր են իմանալ հայերենը:
– Թե՛ ՀՀ սահմանադրությունը, թե՛ այլ օրենքներ ազգային փոքրամասնությունների համար սահմանել են հավասար հնարավորություններ` ընտրելու եւ ընտրվելու: Սակայն մեր խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, կարծես, չկան: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին շատ դժվար է համարել հույն. նա տիպիկ հայ է:
– Եթե ուզում եք, որ Ազգային ժողովում լինեն մարդիկ, ովքեր հենց կբարձրացնեն փոքրամասնությունների խնդիրները, նշանակում է, որ մենք մեր երկրի սոցիալական խմբերի ողջ գամման իրավունքի նորմով տեղափոխենք ԱԺ` փախստականներ, աղետի գոտի… Լուծումներ, սակայն, կան. համապատասխան հանձնաժողովում կարող են լինել հաստիքային փորձագետներ, ովքեր կներկայացնեն խնդիրները, եւ հանձնաժողովը կներկայացնի դրանք ԱԺ-ում, ինչպես եւ լինում է: