Ռուսական «Գազպրոմ» ընկերության մասնակցությունը հայաստանյան շուկայում անուղղակիորեն նվազում է: Ընկերության վարչության փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը հայտարարել է, որ «Գազպրոմն» իրականացնում է «Գազպրոմբանկի» բաժնետոմսերի գնահատում` դրանք վաճառելու նպատակով: «Գազպրոմը» մտադիր է բանկում իր մասնակցությունը կրճատել մինչեւ 25%-ի` այժմյան 41,73%-ի փոխարեն: 1990թ. ստեղծված «Գազպրոմբանկն» իր ֆինանսական ցուցանիշներով ռուսական խոշոր բանկերի եռյակում է: Բանկը մասնակցում է նաեւ երկու արտասահմանյան բանկերի` բելառուսական «Բելգազպրոմբանկի» եւ հայաստանյան «Առէկսիմբանկի» կապիտալում: Վերջինիս բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Գազպրոմբանկին»: Ի դեպ, հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «Առէկսիմբանկը» խորհրդի նախագահ չունի, քանի որ խորհրդի նախկին նախագահ, այժմ` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն, ամենայն հավանականությամբ, «Գազպրոմբանկի» համար «անփոխարինելի» է: