«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ձեռք բերել վրացական «Աիրզենա» ավիաընկերությունը: Նա նշել է, որ այս պահին հարցը քննարկման փուլում է, եւ վերջնական որոշում առայժմ չի կայացվել: Բաղդասարովը բարձր է գնահատել վրացական ընկերության պոտենցիալը` նշելով, որ այն ունի լավ համբավ ու բալանսավորված աշխատանք: Այս փաստը կարելի է երկու ձեւով հասկանալ։ Մի կողմից՝ դա նշանակում է, որ մեր բիզնեսմեններն այնքան են կայացել, որ ներդրումներ են անում արտասահմանում (ինչպես օտարերկրյա ընկերությունները՝ Հայաստանում)։ Մյուս կողմից՝ դա նշանակում է կապիտալի արտահոսք։ Ճիշտ է, Բաղդասարովը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունները, թե ինքը մտադիր է իր բիզնեսն արտահանել Վրաստան, սակայն, եթե ոչ բիզնեսը, ապա կապիտալի մի մասի արտահանումը կասկած չի հարուցում։ Ընդ որում, երեկվա ասուլիսում Բաղդասարովն անուղղակիորեն պարզաբանել է, թե ինչո՞ւ են իր հետաքրքրությունները տարածվում Հայաստանի սահմաններից դուրս։ Մասնավորապես, խոսելով տնտեսության ներկա վիճակի մասին, նա ասել է. «Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե ինչ ենք անում եւ ուր ենք գնում»։ Իսկ երբ գործարարը չգիտի, թե իր երկրում ինչ է կատարվում, ապա նա գնում է այնտեղ, որտեղ այդ հարցերի պատասխանները գոնե հայտնի են։