Հաղորդավար, եւ, ինչպես ինքն է ասում` «ոչ դերասան» Հովհաննես Ազոյանը որոշել է ամռան շոգերի դեմ պայքարել իր խիտ գանգուրներով: «Այս սանրվածքը պաշտպանում է ինձ արեւից,- ասում է Հովոն: -Սկզբից ցրտից էր պաշտպանում, իսկ հիմա` արեւից: Ես չեմ երկարացնում մազերս, ուղղակի չեմ կտրում»:
– Տարբեր նախագծերում մասնակցում ես երգիծական դերերով: Նախագծերում մասնակցելը բավակա՞ն է դերասան կոչվելու համար:
– Հանրությունը սխալվում է ինձ դերասան համարելով: Ես դերասան չեմ: Ես ընդամենը հաջողությամբ նմանակում եմ դերասանի:
– Դա համեստությո՞ւն է, թե՞ քո անկեղծ կարծիքն է:
– Խնդիրը հանդիսատեսի մեջ է, ով, չգիտես ինչու, կարծում է, որ ես դերասան եմ: Մեր երկրում շատ գլոբալ խնդիր կա՝ հասարակությունը չի կարողանում յուրաքանչյուր առարկա կոչել իր անունով: Անհայտ պատճառներով` մեկին անվանում են դերասան, մյուսին` երգիչ, չգիտես ինչի հիման վրա աջ ու ձախ շքանշաններ են բաժանում, մրցանակներ են տալիս: Եվ անհայտ է, թե ի՞նչ չափանիշներով է որոշվում այդ ամենը, եւ ամենակարեւորը՝ ո՞վ է որոշողը:
– Դու դուստր ունես, ով, բնականաբար, դիտում է հայրիկին հեռուստացույցով: Նրան դո՞ւր է գալիս «հեռուստացույցի հայրիկը»:
– Կարինաս 3 տարեկան 8 ամսական է, բայց շատ խիստ է իր գնահատականների մեջ: Իմ արած բոլոր աշխատանքներից նրան դուր է գալիս իմ կերպարը միայն «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմից, որի անունը դրել է «Արեւիկ»:
– Գիտեմ, որ շատ երեխաներ են քեզ սիրում: Միգուցե քո մեջ երեխա՞ են տեսնում:
– Սիրում են, քանի որ ես ավելորդ լրջություն իմ մեջ չեմ պարունակում: Չեմ ուզում ասել, որ ինքս երեխա եմ, եւ դրա համար են ինձ սիրում, բայց ես չեմ ծանրաբեռնում ոչ հանդիսատեսին, ոչ պարզապես ինձ հետ շփվող մարդուն՝ ավելորդ եւ խանգարող լրջությամբ:
– Միգուցե քեզ նույնիսկ լուրջ չընդունեի՞ն:
– Չեմ մտածել, թե ինչպիսին ինձ կընդունեն կամ չեն ընդունի: Ես եղել եմ եւ կամ այնպիսին, ինչպիսին որ եմ: Եթե երեխաները սիրում են, ապա կարծում եմ, որ ճիշտ եմ ապրում, քանի որ նրանք միշտ անկեղծ են իրենց կարծիքի մեջ:
– Երբ դու դեռ միայն ընկերություն էիր անում քո ներկայիս կնոջ հետ, անգամ այդ ժամանա՞կ էիր գաղտնի պահում քո անձնական կյանքը: Վախենում ես «աչքո՞վ տան»:
– Դատարկաբանություն եմ համարում անձնական կյանքը հրապարակելը: Ինչի՞ համար հրապարակել:
– Որեւէ զարմանալի բան չկա նրանում, որ քո անձնական կյանքը հետաքրքրում է հանրությանը: Ճանաչված մարդկանց պարագայում միշտ էլ այդպես է եղել:
– Ես չեմ պատրաստվում անել միայն այն, ինչ հետաքրքրում է հանրությանը:
– Կինդ որքանո՞վ է հեռու քո ընտրած ոլորտից:
– Ի ուրախություն ինձ` շատ է հեռու: Նա make up-ի մասնագետ է՝ աշխատում է կլինիկայում:
– Քեզ հրավիրո՞ւմ են մասնակցելու կորպորատիվ միջոցառումների:
– Ժամանակին եղել է: Բայց այժմ ես կարող եմ ինձ թույլ տալ չգնալ: Ես այն հազվադեպ հաջողակներից եմ, ով կարող է իրեն թույլ տալ չանել այն, ինչ չի ուզում:
Ես հաջողակ եմ, քանի որ ամեն ինչ անում եմ հաջողակ լինելու համար: Մարդու բախտը որոշ չափով կախված է իրենից: Մարդ ինչպիսի էներգիա որ ուղարկում է տիեզերք, այնպիսի էներգիա էլ ետ է ստանում:
– Չե՞ս վախենում, որ երբ մի օր որոշես լուրջ կերպար խաղալ բեմում, քո կատակերգակի կերպարը կխանգարի հանդիսատեսին` քեզ այդպիսին ընդունելու հարցում:
– Ախր, մենք չենք հասկանում լուրջ բառի իմաստը: Ես իսկապես շատ լուրջ մարդ եմ: Դա դեռ չի նշանակում, որ ես կարող եմ շատ լուրջ դեր խաղալ: Դա իմը չէ: Եթե ես այդ կարծիքին եմ, ինչպե՞ս կարող է հանդիսատեսն ինձ ընդունել այլ կերպարում: Ես որպես մարդ` անհամեստություն եմ համարում` ինքս ինձ հանրության մոտ բացահայտելը, ասելը` «Տեսեք, թե ես ինչպիսին եմ իրականում»: