Աչք չեն՞նք ծակում …

10/11/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Հանրապետությունում լսողության խանգարում ունեցող շուրջ 4000 քաղաքացիներից ոչ մեկը լսողական ապարատի կարիք չունի՝ հավաստիացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը:

Ամեն տարի պետությունը միջոցներ է հատկացնում հասարակության այս խավին անվճար լսողական ապարատներ տրամադրելու համար: «Նախկինում մենք հազարներով ապարատներ էինք գնում, ու միշտ մեզ մոտ հերթ էր, հիմա հերթեր չկան, բոլորն ապահովված են»,- ասում է Կ. Պետրոսյանը: Պետական միջոցներով 500 ապարատ ձեռք են բերել այս տարի, 500-ն էլ նախատեսել են եկող տարվա համար: Նախարարությունն այս ապարատները տալիս է լսողության խանգարում ունեցող այն մարդկանց, ովքեր հաշմանդամության կարգ ունեն կամ կենսաթոշակառու են: Պետական միջոցներով ձեռք բերվող այդ ապարատները ռուսական արտադրության են, 28.000 դրամ արժողությամբ: Մինչեւ 2003 թվականը պետությունը հասարակության այս խավին չինական արտադրության ապարատներով է խաբել, որոնք, ինչպես պատմում են շահառուները, երկու-երեք շաբաթ հետո պիտանի չեն եղել: Կարմեն Պետրոսյանի հավաստմամբ` եւս չինականներն անորակ են եղել. «Հիմա, եթե ինչ-որ մեկը գալիս-ասում է` ինձ երկրորդ անգամ ապարատ տվեք, որովհետեւ նախորդը չինական է եղել, առանց որեւէ խնդրի տալիս են, որովհետեւ չինականներն իսկապես բանի պետք չէին»: Թեեւ 2003-ից չինականները փոխարինվել են համեմատաբար որակյալ ռուսականներով, սակայն դրանք եւս իրենց չեն արդարացնում: «Մարդիկ գոհ են ռուսական ապարատներից, դժգոհողներ դեռ չեն եղել»,- հավաստիացնում է Կ. Պետրոսյանը: Խուլերի «Օվասիս» մնջախաղի թատրոն-ստուդիայի սաները, ովքեր կրում են ռուսական արտադրության այդ սարքերից, լսել չեն ուզում դրանց մասին: Հանրապետական հիվանդանոցի Լսողության վերականգնման բաժնի վարիչ Գարեգին Միրաքյանն ասում է. «Ես ծանոթ եմ այդ ապարատներին, մենք մեր եզրակացություններում միշտ ասում ենք, որ դրանք լսողական ապարատներ են, բայց դե էն չեն, ժամանակակից ոչ մի պահանջի չեն համապատասխանում»: Ռուսական ապարատներ ձեռք բերած մարդկանց 80 տոկոսը շատ կարճ ժամանակում հրաժարվում է այդ ապարատներից՝ համոզված է Գ. Միրաքյանը:

Մինչեւ 14 տարեկան լսողության խանգարում ունեցող երեխաների խնդիրներով զբաղվում է «Հավատ» Վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպությունը: Ինչպես տեղեկացնում է ՀԿ նախագահ Սուսաննա Ժամակոչյանը, «Հավատը» միայն այս տարի լսողական ապարատներով ապահովել է 121 երեխայի: Դրանք դանիական «Օթիկոն» ֆիրմայի լսողական ապարատներ են: «Հավատը» աշխատել է հնարավորինս որակյալ սարքավորում ձեռք բերել: Որակի առումով մասնագետներն առանձնացնում են աշխարհում մեծ համբավ վայելող գերմանական «Սիմենսի» լսողական ապարատները: Այս ֆիրմայի ամենաէժան լսողական ապարատն արժե 112.000 դրամ: Հովանավորների շնորհիվ` «Հավատն» այս տարի 17 լսողական ապարատ էլ ձեռք է բերել «Սիմենսից»: Սակայն «Սիմենսից» լիովին օգտվելու հնարավորություն առայժմ ոչ «Հավատը» ունի, ոչ էլ պետությունը: Քանի որ լսողական ապարատների պիտանելիության ժամկետը սահմանված է 3-4 տարի, «Հավատ» ՀԿ-ի բարօրությունից օգտված երեխաները հետագայում լուրջ խնդիրների առաջ են կանգնում: 14 տարեկանից հետո նրանք կրում եմ այն ապարատները, որ առաջարկում է պետությունը, տվյալ դեպքում՝ ռուսական արտադրության: Համեմատաբար որակյալ դանիական ապարատներից հետո ռուսականները կրելն անհնար է դառնում նրանց համար: Իսկ հիմա, երբ սկսել են օգտվել նաեւ «Սիմենսից», հետագայում ռուսականները գերադասում են ուղղակի չօգտագործել: Մասնագետները ոչ միայն խորհուրդ չեն տալիս, այլեւ պնդում են, որ որակյալ սարքերից հետո անորակին անցնելն ուղղակի վատթարացնում է առանց այդ էլ խանգարված լսողությունը: Ոմանք առաջարկում են պետությանը՝ էժանի ետեւից չընկնել եւ ձեռք բերել թեկուզ քիչ քանակությամբ, բայց որակյալ սարքավորումներ: Բայց այս պարագայում էլ, ինչպես Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետն է ասում, այլ խնդիր է առաջանում՝ ո՞ւմ տալ այդ քիչ քանակությունը. «Կարծում եք` տարեցները կհամաձայնե՞ն, եթե առաջարկենք երիտասարդներին նախապատվությունը տալ, չէ՞ որ ամեն ոք նախ իր առողջության մասին է մտածում, տարեցն էլ կասի՝ նա դեռ երիտասարդ է, հնարավորություն կունենա նորմալ սարք ձեռք բերելու, ինձ ապրելու ժամանակ չի մնացել…»:

Աշխարհում լսողական անալոգային ապարատները շուտով գործածությունից դուրս կգան: Օրեցօր զարգացող թվային տեխնիկան այսօր հասարակության այս հատվածի համար հնարավորությունների այնպիսի դաշտ է բացում, որի մասին մեզ մոտ դեռ երկար տարիներ կերազեն: Իսկ մեր հիվանդների համար այսօր նույնիսկ լուրջ խնդիր է լսողության ճիշտ ախտորոշումը, եւ նույնիսկ ճիշտ ախտորոշման դեպքում՝ համապատասխան սարքավորում ձեռք բերելը: Այն, ինչ առայժմ կարող է առաջարկել պետությունը, ընտրության հնարավորություն չի ընձեռում: Հաճախ լսողության թույլ, միջին, ծանր եւ գերծանր խնդիրներ ունեցողները կրում են միանման հզորության ապարատներ, ինչը, բնականաբար, վատթար հետեւանքներ է ունենում: «Նորմալ ֆիրմաները սովորաբար ոչ միայն համապատասխան տեխնիկական փաստաթղթեր են կցում իրենց արտադրանքին, այլեւ սովորեցնում են իրենց սարքը տեղադրելու բազմաթիվ նրբություններ ու գաղտնիքներ, սակայն դա անում են միայն իրենց ֆիրմայի օրինական ներկայացուցիչների միջոցով»,- ասում են Հայաստանում «Սիմենսի» օրինական ներկայացուցչությունից: Հայաստանում լսողական ապարատների վաճառքի միակ օրինական ներկայացուցչությունը «Սիմենսինն» է: Այն ոչ միայն վաճառք է իրականացնում, այլ` նաեւ ախտորոշում: Ոչ միայն Հայաստանում, այլեւ` ողջ Անդրկովկասում սա նմանատիպ միակ օրինական հաստատությունն է. եթե հավատանք «Սիմենսի» հայաստանյան մասնաճյուղի այս պնդմանը, մտահոգվելու եւս մի խնդիր էլ կունենանք՝ մեզ առաջարկվող ռուսական կամ դանիական արտադրության այդ սարքերը որքանո՞վ են համապատասխանում իրենց ծագմանը եւ արդյո՞ք երաշխավորված է դրանց անվտանգությունը: Այսինքն՝ զանազան բարեգործությունների միջոցով մենք իրականում ա՞չք ենք բուժում, թե՞ աչք ենք ծակում: