Ֆիլիպինների նախագահ Բենինո Աքվինոն հատուկ հրավիրված ասուլիսում հայտնել է, որ վաճառել է իր ավտոմեքենան: Ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը, նա իր «Porsche 911» մակնիշի ավտոմեքենան վաճառել է 104 հազար դոլարով: Սպորտային այս մեքենան մի քանի ամիս շարունակ հանգիստ չէր տալիս երկրի բնակիչներին: Նախագահին չէր փրկում անգամ այն փաստը, որ մեքենայի համար նա սեփական գրպանից էր վճարել, իսկ 2007թ.-ի Porsche-ն մինչ այդ երկու սեփականատեր է ունեցել: Այդուհանդերձ, Ֆիլիպինների նախագահի վարկանիշն օրեցօր ընկնում էր, իսկ հարցված քաղաքացիների կեսն ասել է, որ երկրի նախագահի համար անթույլատրելի է սպորտային նման մեքենա ձեռք բերել մի երկրում, որտեղ կենսամակարդակը ցածր է, իսկ գներն անընդհատ բարձրանում են։
Ինքը` Աքվինոն, Porsche-ն վաճառելու իր որոշումը բացատրել է անվտանգության նկատառումներով: Նրա խոսքերով` սպորտային մեքենա վարելը չարդարացված ռիսկ է թե՛ իր, եւ թե՛ նախագահական թիկնազորի համար: