«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս հնարավորությունը բաց չթողնենք, որովհետեւ ցանկացած ցնցում կարող է պրոբլեմատիկ լինել ոչ թե միայն իշխանության, այլ թե իշխանության, եւ թե ընդդիմության, իսկ առաջին հերթին` ողջ հասարակության համար»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով նախօրեին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի կողմից հնչեցված երկխոսությանը վերաբերող պահանջներին: Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանություններին կողմնորոշվելու համար մինչեւ սեպտեմբեր ժամանակ էր տվել: Սակայն Է.Շարմազանովը ընդդիմության կողմից նման արմատական պահվածքն անօգուտ է համարում: «Նաեւ կարծում եմ, որ ժամկետներ նշելը եւ վերջնաժամկետ դնելը դա ժողովրդավարության լավագույն լեզուն չէ»,- ավելացրել է նա: