Մոսկվայի խորքից եկել է նամակ

02/07/2011

Կազանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բեկում կարող էր լինել, սակայն դա տեղի չունեցավ Ադրբեջանի պատճառով: Երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ Կիեւում կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սարգսյանը` ավելացնելով. «Ադրբեջանը, ցավոք սրտի, իրեն պահեց այնպես, ինչպես վերջին մեկուկես տարվա ընթացքում, եւ արդեն առկա փաստաթուղթը փոփոխելու 10 առաջարկ ներկայացրեց… Ես կարծում եմ, որ առնվազն մեկ հնարավորություն բաց է թողնվել: Դա չի նշանակում, թե վերջ է դրվում բանակցային գործընթացին, դա չի նշանակում, թե մենք չենք շարունակելու բանակցությունները:

Դա նշանակում է, որ մենք, ամեն դեպքում, մինչեւ նոր հանդիպումը, այս ժամանակահատվածը բաց թողեցինք»: Ս. Սարգսյանը երեկ նաեւ տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախօրեին իրեն եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նամակ է հղել, որում ներկայացրել է կարգավորման գործընթացում հետագա գործողությունների իր առաջարկները: Ի դեպ, նոր առաջարկների մասին երեկ հայտարարել է նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն: «Ես, իհարկե, ողջունում եմ Ռուսաստանի եւ նրա նախագահի ջանքերը: Նա շատ ջանքեր է գործադրել խնդրի առնչությամբ եւ՛ Սոչիում, եւ՛ Կազանում: Սակայն ցավալի է, որ այդ ամենից հետո որեւէ արդյունք չի գրանցվել: Ամեն դեպքում, որքան գիտեմ, խնդրի առնչությամբ որեւէ համաձայնության հասնելու համար լինելու են լրացուցիչ առաջարկներ»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Այս հայտարարությունները` հատկապես Դ. Մեդվեդեւի կողմից երկու երկրների նախագահներին նամակների տեսքով առաջարկներ հեղելու փաստը, առավել հետաքրքիր է Կազանի հանդիպումից հետո հնչած հուսահատական գնահատականների եւ հատկապես ռուսական շրջանակների արձագանքների ֆոնին: Հիշեցնենք, որ Կազանի հանդիպման հաջորդ օրը ռուսական «Կոմերսանտ» թերթը հղում անելով ռուս դիվանագետներից մեկին` հրապարակել էր մի տեղեկություն, ըստ որի` Դ. Մեդվեդեւը հիասթափված է կազանյան հանդիպումից եւ վերջնագիր է ներկայացրել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին` սպառնալով, որ այլեւս չի զբաղվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: «Հաջորդ եռակողմ գագաթաժողովի անցկացումը հնարավոր է միայն մի դեպքում, եթե դրա ընթացքում ստորագրվի ղարաբաղյան կարգավորման պատրաստված պլանը»,- ըստ ռուսական թերթի աղբյուրի, նման բովանդակությամբ վերջնագիր է կողմերին ներկայացրել Մեդվեդեւը: