ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանն արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում ԼՂ խնդրին վերաբերող հակահայկական բանաձեւի ներառմանը: «2006-ից ի վեր Գլխավոր ասամբլեայի օրակարգ է մտել «ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգված հակամարտությունները եւ դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա», իսկ դրանից առաջ նաեւ Ադրբեջանի տարածքներում իրավիճակի մասին կետերը, որոնց ներառման հարցում, ինչպես Հայաստանը, այնպես էլ ՄԱԿ-ի անդամ այլ երկրները դեմ են եղել ի սկզբանե: ԳԱ-ի օրակարգում այդ երկու կետերը ներառելու մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք համարում ենք, որ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ԼՂ հիմնահարցի դեպքում` նաեւ միջազգային այլ կազմակերպության շրջանակում, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, տարվում են համապարփակ կարգավորմանն ուղղված կարեւորագույն բանակցային գործընթացներ, եւ այդ հարցերը ՄԱԿ տեղափոխելը, այսինքն` դրանք Գլխավոր ասամբլեայի օրակարգում ներառելը չի կարող խթանել այդ գործընթացները, այլ, ընդհակառակը, կշարունակի խոչնդոտել բանակցությունների ընթացքը կողմերի եւ միջնորդների միջեւ: Ավելին, միջազգային խաղաղության ու անվտանգության համատեքստում այդ կետերը ՄԱԿ-ի համար առաջնային կամ հրատապ չեն կարող հանդիսանալ, համեմատած այն ճգնաժամային դեպքերի ու խնդիրների հետ, որոնք առկա են աշխարհի տարբեր մասերում, եւ որոնց շուրջ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում ՄԱԿ-ի հիմնական մարմիններում, այդ թվում` Գլխավոր ասամբլեայում, Անվտանգության խորհրդում կամ, ասենք, Արդարադատության միջազգային դատարանում: Այլ բան է, որ Ադրբեջանը ռազմատենչ, պատերազմ ու ագրեսիա սանձազերծելու իր շարունակական հայտարարություններով եւ սադրիչ գործողություններով փորձում է միջազգային կառույցներում, այդ թվում` ՄԱԿ-ում ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի պատկեր` դրանով իսկ վտանգելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից իրականացվող միջնորդական ջանքերը: Օրակարգի այս կետերն ամեն տարի փոխանցվում են ԳԱ-ի հաջորդ նստաշրջան կոնսենսուսային որոշմամբ: Այդպիսի որոշում դեռեւս չի կայացվել, ինչպես որ այդ մասին գրում են լրատվամիջոցները: Իսկ եթե այդ ուղղությամբ լինեն քննարկումներ, ապա, վերը բերված պատճառաբանությամբ, Հայաստանը չի միանա կոնսենսուսային որոշմանը: Ավելին, մենք դեմ ենք այդ կետերով ներկայացված բանաձեւերին եւ առաջարկներին, որի համար էլ Վրաստանի կողմից ներկայացրած` Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից փախստականների ու ներքին տեղահանվածների կարգավիճակի մասին բանաձեւին Հայաստանը «դեմ» է քվեարկել»,- ասել է Նազարյանը: