Բուժիչ նամակներ

01/07/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Մեխակենի

Eugenia caryophyllata- Մեխակի ծառ, մեխակ համեմունքային։ Մեխակենին մշտադալար ծառ է, որի չհասունացած, չորացրած կոկոնները հայտնի են որպես համեմունքային մեխակ։ Այս ծառատեսակի հայրենիքը Մոլուկյան կղզիներն են։ Արեւելյան Ասիայում եւ Հնդկաստանում այս համեմունքի հետ ծանոթ են եղել հնագույն ժամանակներից, չինացիները զբաղվել են մեխակի առեւտրով դեռեւս 2400 տարի առաջ։ Բուժական նպատակներով օգտագործել են ատամի ցավի դեմ եւ որպես շնչառությունը լավացնող միջոց։

Անտիկ աշխարհում չեն իմացել այս համեմունքի մասին, Եվրոպա են բերել արաբ վաճառականները 5-րդ դարում Ալեքսանդրիայից։ Եվրոպայում մեխակը մեծ տարածում է ստացել 9-րդ դարում, այն օգտագործել են ազնվականները։ Մեծ ճանապարհորդ Մարկո Պոլոն (13-րդ դար) առաջին եվրոպացին էր, որ տեսել է հսկայական` մինչեւ 20 մետր բարձրության մեխակի ծառը։ Երբ մեկ ուրիշ ճանապարհորդ` Վասկո դա Գաման, հայտնաբերեց Մոլուկյան կղզիները, արաբները կորցրին իրենց մենաշնորհը համեմունքների վաճառքի ասպարեզում։ Այս մեծ շահութաբեր առեւտուրն անցավ պորտուգալացի, իսկ 17-րդ դարից` հոլանդացի վաճառականների ձեռքը։ Մինչեւ 19-րդ դարի սկիզբը մեխակի միակ արտահանողը Մոլուկյան կղզիներն էին։ Ֆրանսիացի նավագնացները կարողացան վտանգելով իրենց կյանքը` արտահանել կղզուց մեծ քանակությամբ մեխակի սերմ եւ հիմնեցին այս արժեքավոր բույսի պլանտացիաներ իրենց պատկանող Ռեունիոն եւ Մավրիկիոս կղզիներում։ Մեխակի խոշոր արտահանող երկիր է նաեւ Զանզիբարը։

Ճյուղերի վերջավորությունների վրա գտնվող ծաղկաբույլերը հավաքում են ձեռքով, չորացնում արեւի տակ, որի պատճառով կոկոնները մգանում են։ Կոկոնները պարունակում են մեծ քանակությամբ բուրումնավետ նյութեր, որոնք երկար պահպանության դեպքում գոլորշիանում են։ Համեմունքի օգտակարությունը որոշելու համար կոկոնն իջեցրեք սառը ջրի մեջ, եթե այն սուզվի կամ առնվազն ընդունի ուղղահայաց դիրք, ապա պիտանի է, հակառակ դեպքում` այն կորցրել է իր օգտակար հատկությունները։

Մեխակը լավացնում է ախորժակը, նպաստում մարսողությանը, պարունակում է հականեխիչ հատկություն ունեցող էվենգոլ նյութը։

Մեխակն օգտագործվում է որպես համեմունք մսով կերակրատեսակների հետ եւ Գլինտվեյն (թերմոն) արտադրության մեջ։

Չինական ժողովրդական բժշկությունում մեխակը օգտագործում են որոշ մաշկային հիվանդությունների դեպքում։

Ա. Ամասիացին գրել է. «Հնդի յասամինը (մեխակ) որքան բուրումնավետ է, այնքան լավն է։ Ամրացնում է սեռական կարողությունը։ Ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Դրա վնասակար ներգործությունը կարող են վերացնել արմավենու սերմերը։ Իսկ փոխարինել կարող է մշկընկույզը»։

Մեխակի յուղը կիրառվում է հիշողության անկման, թոքախտի բուժման համար, նաեւ որպես կանխարգելիչ միջոց` ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում, այն ոչնչացնում է աղիների մակաբույծներին։

Զգուշացում։ Կարեւոր է իմանալ, որ ներքին օգտագործման դեպքում 1 օրվա չափաբաժինը չպետք է գերազանցի 1 գրամը, քանի որ կառաջացնի թունավորում։

Արտաքին օգտագործման դեպքում մեխակի յուղը արդյունավետ միջոց է քոսի, խոցերի, ինֆեկցիոն բնույթի վերքերի դեպքում։

Մեխակի մանրացրած կոկոնը եւ նարնջի կեղեւը վանում են ցեցերին եւ այլ միջատներին։

Մեխակի բուրմունքը հանգստացնում է հիստերիայի նոպաները, պաշտպանում է չար աչքից, նախանձից։

Դեղատոմսեր

Կլիմաքսի հետեւանքով առաջացած բարձր ճնշման դեպքում. 15 հատիկ համեմունքային մեխակը 8-12 ժամ թրմեք 300 մլ տաք ջրի մեջ։ Առավոտյան մինչեւ սնունդ ընդունելը ոչ մեծ կումերով խմեք ողջ չափաբաժինը։ Շարունակեք 2 շաբաթ եւ 1 շաբաթ ընդմիջեք։ Անհրաժեշտության դեպքում բուժումը կրկնեք։

Գորտնուկների դեմ. Խառնեք 2 ճ/գ մանրացրած հազրեվարդ, նախապես աղացած քառորդ նարինջ եւ կես կիտրոն, 1 ճ/գ մշկընկույզ, 1 թ/գ մեխակ համեմունքային, 100 մլ վարդի ջուր եւ 50 մլ օղի։

Թրմեք մութ եւ հով տեղում` կիպ փակված տարայի մեջ։ Պարբերաբար թափահարեք։ 72 ժամ անց քամեք, օրվա մեջ 2-3 անգամ մշակեք մաշկը։

Ոչ ուժեղ գլխացավի դեպքում. 2-3 հատ մեխակից պատրաստված թեյը կթեթեւացնի գլխացավը։

Կոկորդի ցավի դեպքում. 7-10 հատ մեխակը փոշիացրեք եւ թրմեք տաք ջրի մեջ, ավելացրեք 0,5-1 թ/գ աղ։ Տաք վիճակում կատարեք ողողումներ։

Հազի դեպքում. 2-3 կաթիլ մեխակի յուղը լուծեք եռջրի մեջ, կատարեք ինհալացիա։ Կամ` ծամեք մեխակի հատիկ` դաղձի կոնֆետի հետ։

Բուժումներ բուրումնավետ եթերային յուղերով

Սրտխառնոցի, փքվածության դեպքում. Խառնեք 2-ական կաթիլ դաղձի, մեխակի, համեմի յուղերը։ Խառնուրդի 1-2 կաթիլով թրջեք թաշկինակը եւ խորը շնչեք։

Այրուցքի դեպքում

– Երկուական կաթիլ մեխակի եւ կիտրոնի եթերային յուղ, մեկական կաթիլ բերգամոտի եւ մեխակի յուղ։ Օգտագործեք նույն ձեւով։

– 3 կաթիլ նարնջի, 2 կաթիլ մեխակի յուղ։ Օգտագործեք նույն ձեւով։

Ոտքերի լոգանք` հոդատապի դեպքում. 3-4 կաթիլ մեխակի յուղը կաթեցրեք 5-7 լ ջրի մեջ։ Ջերմաստիճանը` 38 աստիճան C։ Լոգանքի տեւողությունը` 20 րոպե։ Լոգանքների քանակը` 10-15 հատ` օրը մեջ։

Զգուշացում։ Բուրումնավետ եթերային յուղերն օգտագործելիս խստորեն պահպանեք չափաբաժինները։ Արգելվում է յուղը քսել լորձաթաղանթներին, դեմքին։