ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի եւ Դմիտրի Մեդվեդեւի` Դովիլում արած հայտարարությունը ցույց էր տալիս, որ նրանք մեծ հույսեր էին կապում Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ: Այս մասին ադրբեջանական «Trend» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Նաեւ հիշեցրել է, որ այդ հայտարարության մեջ նախագահները նշել էին, որ եկել է ժամանակը` ավարտին հասցնելու «հիմնարար սկզբունքների» աշխատանքները, որը հիմք կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նրանք նաեւ հստակ հասկացնել տվեցին, որ իրականում ոչ մի այլ ճանապարհ չկա հակամարտության կարգավորման համար, քան խաղաղ ճանապարհը: «Սակայն Կազանում կողմերին չհաջողվեց բեկում գրանցել եւ ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները: Բայց ես հասկանում եմ, որ բանակցությունները շարունակվում են, գործընթացը շարունակվում է, եւ կողմերը դարձյալ կհանդիպեն եւ կփորձեն քննարկել սեղանի վրա մնացած հարցերը: Ինչպես հայտնի է, նախագահ Օբաման Կազանի հանդիպումից մեկ օր առաջ զանգահարել է նախագահներ Իլհամ Ալիեւին եւ Սերժ Սարգսյանին։ Նախագահ Մեդվեդեւն անձամբ է մասնակցել այդ հանդիպմանը, իսկ նախագահ Սարկոզին հանդիպումից առաջ նույնպես հանդես էր եկել գործընթացը շարունակելու օգտին: Ես ակնկալում եմ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների աջակցությունը կշարունակվի»,- ասել է Բրայզան: