«Կազանում տեղի ունեցած հանդիպումը ցույց տվեց, որ գործընթացն ավարտված չէ, եւ որ միջնորդները շահագրգռված են հասնել հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրմանը: Սերժ Սարգսյանը կազանյան հանդիպումից օրեր առաջ, Ստրասբուրգում հայտարարեց, որ փաստաթուղթը մեր երազածը չէ` սրանով իսկ ուղերձ հղելով միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել առաջարկվող փաստաթուղթը: Ակնհայտ է, որ Կազանում փաստաթուղթ չստորագրվեց Ադրբեջանի պատճառով: Իսկ մեր պատվիրակության սխալն այն էր, որ Ադրբեջանի ապակառուցողական եւ անհարդուրժողական դիրքորոշումը չֆիքսվեց հենց տեղում»,- երեկ ասել է ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նրա կանխատեսմամբ` հուլիսի 20-ին տարածաշրջան ժամանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կբերեն Կազանում ներկայացված փաստաթղթի վերաբերյալ ադրբեջանական 10 առաջարկները եւ դրանք կքննարկեն իշխանությունների հետ` պարզելու, թե այդ կետերից որոնք են ընդունելի Հայաստանի համար: