Մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնող ձայնագրություններն ու տեսագրությունները համացանցում տարածողն արդեն հայտնի է «Մարտի 1»-ի գործը քննող հանձնաժողովին: Այս մասին երեկ ասել է Հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւոր գործերով քննիչ, «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը` հավելելով, թե տեսագրություններ տեղադրողն արդեն իսկ ներգրավված է գործում` որպես վկա: Նրա խոսքով` տեսանյութերը վիդեոհոսթինգում տեղադրողին հարցաքննել են, սակայն հարցաքննությունը դեռ հրապարակման ենթակա չէ: