Աղքատների փրկությունը, հարուստների քմահաճույքը

10/11/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ճիշտ է, վերջին տարիների գազիֆիկացման ծավալների ավելացումը փայտին մասամբ դուրս է արել վառելիքի շուկայից, բայց ամբողջությամբ չի կարողացել: Ու Երեւանի բնակչության մի մասը ձմռանը շարունակում է տաքանալ փայտի կրակով: Փայտ վառում են հիմնականում քաղաքի ծայրամասերի ու անապահով բնակիչները, որոնք կարողանում են գյուղերից էժան վառելիք ձեռք բերել: Փայտով տաքանում են մեկ էլ այն մեծահարուստները, որոնք հնարավորություն ունեն ձմռանը վայելել բուխարու մոտ նստելու եւ կրակին նայելու հաճույքը: Փաստորեն, փայտի տաքությունը աղքատների փրկությունն է եւ հարուստների քմահաճույքը: Որպես քմահաճույք` 1 խորանարդ մետր փայտը Երեւանում այս օրերին արժե մոտ 20.000 դրամ: «Տաշիր» հանրախանութի մոտ փայտ վաճառող տղան ասաց, որ հիմա մեծ մեքենաներով բացահայտ վաճառք չի լինում:

«Դե, հիմա կտրելն արգելում են,- բացատրեց նա: -Բայց թաքուն բերում-ծախում են»:

Նրա մոտի փայտը Իջեւանի անտառներից են բերել: Երեւի տղան գիտեր, որ ծառերը մեծամասամբ անօրինական կերպով են հատում, դրա համար էլ ասաց, որ վառելիքի փայտը գաղտնի են վաճառում:

Գլխավոր անտառապետ Ռոբերտ Պետրոսյանն ասում է, թե «Հայանտառն» իրավունք ունի բռնել ապօրինի ծառահատումը: Իսկ բնակավայրերում հայտնված ապօրինի վառելափայտն արդեն Բնապահպանական պետական տեսչության գործն է:

Բնապահպանության նախարարության տվյալներով` 9 ամիսների ընթացքում բուսական աշխարհի խախտման 34 դեպք է հայտնաբերվել, որոնց մեծ մասը հավանաբար ապօրինի ծառահատումներն են: Վնասի փոխհատուցումը կազմել է 81 մլն 673 հազար դրամ: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը մեզ հետ զրույցի ժամանակ ակնարկեց, որ ստուգումներն ավելացել են, եւ գրվել են բազմաթիվ միլիոնների տեսչական ակտեր: Նա նաեւ արդարացրեց անտառի վերահսկողությունը Բնապահպանության նախարարությանը փոխանցելու քայլը, սակայն չմանրամասնեց, թե ապօրինի ծառահատումներն ավելացե՞լ, թե՞ պակասել են այն ժամանակների համեմատությամբ, երբ շահագործումն էլ իրենք էին իրականացնում:

«Հայանտառին» մի քիչ հանգիստ թողեք, հա,- ասաց Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: -600 հազար ազգաբնակչություն կա, որ անտառի կողքին է ապրում, եւ ապօրինի անտառահատման առյուծի բաժինն ընկնում է այս բնակչության վրա: Գիտե՞ք ինչ, եթե 1 հեկտար անտառի պահպանության համար հատկացվում է 1000 դրամ, մենք չենք կարող ասել, թե ինքն օբյեկտիվ է»:

Հիշեցնենք, որ անցած տարի «Հայանտառը» Բնապահպանության նախարարության կազմից տեղափոխվեց Գյուղատնտեսության նախարարության համակարգ, վերահսկողությունը, սակայն, տրվեց Բնապահպանության նախարարությանը: Այս երկու կառույցներից էլ տեղեկացրին, որ իրենք փայտագողության դեմ ակտիվ պայքար են մղում: Բայց, միեւնույն է, երեւույթն ամբողջությամբ հնարավոր չէ վերացնել, որովհետեւ փայտի բիզնեսը թե՛ շինարարության, թե՛ վառելիքի համար բավական եկամտաբեր է:

Արգելված ձկնորսություն

Բնապահպանական պետական տեսչությունը 2005թ. 9 ամիսների ընթացքում առգրավել է 235 ձկնորսական պարագաներ եւ ընդամենը 570 կգ ձուկ: Իսկ սեպտեմբերից մինչեւ դեկտեմբերի 25-ը բնապահպանության նախարարի հրամանով ձկնորսությունն ընդհանրապես արգելված է: Բայց վստահաբար կարելի է ասել, թե չի եղել մի օր, որ Երեւանի շուկաներում, փողոցներում ու բակերում չվաճառվի Սեւանա լճից բռնած սիգ ձուկը: Բնապահպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Պեպանյանը տեղեկացրեց, որ նման դեպքերում իրենց տեսուչները, գողոնն առգրավելուց բացի, ուրիշ իրավասություններ չունեն: Այ, երբ որ ընդունվի Բնապահպանական տեսչության մասին ցանկալի ենթաօրենսդրական ակտերը, իրենք կկարողանան ձկնագողերին նաեւ բռնել: Իսկ մինչ այդ Սեւանից կշարունակեն սիգ գողանալ:

Տիգրան Մեծ փողոցի վրա «Տաշիր» հանրախանութից մինչեւ Ֆիրդուսի շուկայի մոտ երկու տեղով բավականին խոշոր սիգ ձուկ էին վաճառում՝ 250-300 դրամ: Տաշիր հանրախանութի մոտի ձկնավաճառ կինը վստահեցրեց, որ իր ապրանքը թարմ է:

«Առավոտյան բռնել ենք, մինչեւ ժամը երեքը հասցրել ենք քաղաք: Թարմ-թարմ է»,- տեղեկացրեց նա:

Իսկ երբ մյուս կնոջը հարցրինք, թե ինչպես են ձուկը բռնել, երբ որսն արգելված է, այսպես պատասխանեց. «Արգելել են, բայց բռնում ենք էլի»: «Իսկ ինչպե՞ս եք քաղաք հասցրել»: «Երգելով ենք հասցրել»: «Բա ոստիկաները չե՞ն նկատել»: «Նկատել են, նրանց էլ, մեր մոտի տեսուչներին էլ փող ենք տալիս ու բերում ենք,- բացատրեց ձկնավաճառ կինը: -Ամեն օր ժամը երեքին-չորսին արի, թարմ համով ձուկ կտանք: Հիմա էլ երկու հատ առ-տար, աղջիկ ջան: Տես, ինչ ձկներ են, չես փոշմանի»:

Երբ ասացի, որ էն մյուս ձկնավաճառից արդեն առել եմ, նույնիսկ ուրախացավ: «Վայ, ճիշտ ես արել, աղջիկ ջան, ապրես, նա էլ իմ քույրն է,- ասաց տիկինը: -Սիրուն, սպիտակ կնիկ էր, չէ՞: Իրար հետ ենք բերել»: