Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերի խոսքով, Պենտագոնը չի կարող անտեսել այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար կարեւորագույն հիմնախնդիր է եւ էական դժվարություններ է առաջացնում այդ երկրների հետ Միացյալ Նահանգների հարաբերություններում: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ կարող է արդյունավետ լինել մի կողմից` Միացյալ Նահանգների, մյուս կողմից` միմյանց հետ հակասություններ ունեցող հարավկովկասյան երկրների միջեւ համագործակցությունը, Սելեսթ Վոլանդերն ասել է. «Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի մոտեցումը հետեւյալն է` կենտրոնանալ հատկապես այն ոլորտների ուղղությամբ, որոնցում մենք կարող ենք կառուցողական ու օգտակար օժանդակություն ցուցաբերել երկու երկրներին էլ: Այնպիսի օժանդակություն, ինչն այդ երկրներին հնարավորություն կտա մեծացնել իրենց ներդրումը միջազգային անվտանգության ամրապնդման գործում»:
Խոսելով Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների մասին` Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ երկու երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակն իսկապես շատ բարձր է եւ շարունակում է աճել: «Սկսած այն պահից, երբ ես պատասխանատվություն ստանձնեցի պաշտպանության ոլորտում համագործակցելու հարցում, մենք ընդլայնեցինք համատեղ իրականացվող մի շարք միջոցառումներ` կենտրոնանալով առավել ռազմավարական ու երկարաժամկետ ծրագրերի վրա: Մենք ավելացրել ենք այն վարժանքների ու ծրագրերի թիվը, որոնց Հայաստանը մասնակցում է: Հայաստանն իր հերթին ընդլայնել է միջազգային գործողություններում իր ներգրավվածությունը, այդ թվում` բոլորովին վերջերս Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերի կազմում իր ներկայությունը»,- նշել է ամերիկացի պաշտոնյան: Հարցին` որքանո՞վ կարող է արդյունավետ լինել Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ հանդիսացող Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ` օրինակ, ՆԱՏՕ-ի ձեւաչափում, Սելեսթ Վոլանդերը պատասխանել է, թե ՀԱՊԿ-ին անդամակցության հանգամանքն իրենք չեն դիտարկում իբրեւ խոչընդոտ: Խոսելով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին` Սելեսթ Վոլանդերը, մասնավորապես, կանգ է առել հայաստանյան սպաների կրթության եւ վերապատրաստման ծրագրերի վրա: Դրանց շրջանակներում մի շարք հայ զինծառայողների համար արդեն իսկ կազմակերպվում են եւ հետագայում էլ կկազմակերպվեն ամենամյա ուսուցողական սեմինարներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Սա այն կարեւորագույն ոլորտներից է, որում մենք ընդլայնելու ենք մեր համագործակցությունը, քանի որ հենց այդպիսի ծրագրերի արդյունքում են ձեւավորվելու հայկական բանակի ապագա` կարող եւ ունակ ղեկավարները»,- ասել է Վոլանդերը: