– Կարծիք կա, որ Դուք առաջիկա խորհրդարանական ընտրություններին չեք առաջադրվելու:
– Այո, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
– Ի՞նչ աշխատանք:
– «Տոնուսը»:
– Բայց ձեզանից ավելի շատ բիզնես ունեցողներ էլ կան, որոնք հասցնում են այդ գործերը եւ նորից ուզում են պատգամավոր դառնալ:
– Կարող է նրանք հասցնում են, ես չեմ կարողանում:
– Միգուցե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությո՞ւնը չի ցանկանում Ձեզ առաջադրել:
– Բացարձակ, ոչ մի բանի հետ կապ չունի: Ես դա հայտարարել եմ դեռ անցած տարի: Կապված «Տոնուսի» խնդիրների հետ:
– Ինչո՞ւ, այնուամենայնիվ, նման որոշում կայացրեցիք: Դուք հասկացաք, որ պատգամավոր աշխատելն ավելի բա՞րդ է:
– Երեւի բարդ չի, իմը չի:
– Այս 5 տարվա ընթացքում խորհրդարանական գործունեությանն ի՞նչ տվեցիք:
– Ինձ թվում էր, որ իմ աշխատանքային փորձն օգտակար կլինի շատ, բայց այդպես չեղավ: Իմս չի, կարելի է կոնկրետ այդպես ասել:
– Հասկացաք, որ պետք չէ՞ր պատգամավոր դառնայիք:
– Երեւի պետք էր, որ ես դա իմանայի, հասկանայի այդ ամեն ինչը:
– Այսինքն` արժեր 5 տարի պատգամավոր դառնալ, որ հասկանայի՞ք, թե չեք կարող պատգամավոր աշխատել:
– Որ ասեմ, բացարձակ անօգուտ էր` անօգուտ չէր, բայց մինիմալ էր:
– Իսկ Դուք Ձեր գործունեությամբ ի՞նչ օգուտ տվեցիք խորհրդարանին:
– Շատ քիչ:
– Որեւէ օրինագիծ ներկայացրե՞լ եք:
– Մասնակից եմ եղել:
– Ո՞րը, կհիշե՞ք:
– Կապված արտահանման-ներմուծման հետ:
– Ի՞նչ էիք առաջարկում այդ նախագծերով:
– Զուտ համատեղեցի իմ աշխատանքային փորձը, որ կյանքում ինչպես է ավելի ռեալ: Ես ավելի շատ դրան էի մասնակցում:
– Ո՞նց է ավելի ռեալ:
– Բայց ոտքի վրա խոսելու համար շատ ծավալուն չի՞:
– Լավ, եթե հիմա էլ չեք ուզում պատգամավոր դառնալ, չե՞ք կարծում, որ Ձեր փոխարեն մեկ ուրիշը լիներ, ավելի արդյունավետ աշխատանք կտաներ խորհրդարանում:
– Միգուցե, իհարկե: Միգուցե մեկ ուրիշը գար, ավելի արդյունավետ գործ աներ:
– Եթե հասկացաք, որ խորհրդարանը Ձեր տեղը չէ, այդ դեպքում Ձեր կարծիքով` խորհրդարանում ի՞նչ կարգի մարդիկ պետք է լինեն:
– Շատ ավելի աշխատանքային, քան գործնական դաշտից:
– Կարծիք կա, որ եթե գործարարները պատգամավոր չդառնան, ընտրությունների ժամանակ շատ շահագրգիռ չեն լինի իրենց կուսակցություններին ձայն բերելու համար: Դրա համար էլ կուսակցությունները ստիպված գործարարներին էլ են բերում խորհրդարան:
– Դա չի նշանակում, որ մենք կուսակցությունից մեկուսանալու ենք եւ գործ չենք անելու: Ես ԲՀԿ-ի համար անպայման աշխատելու եմ:
– Կարծիք կա, որ ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանում քիչ ներգրավվածություն կունենա:
– Դա կախված է ժողովրդի ընտրությունից, ոչ թե ԲՀԿ-ի ցանկությունից: ժողովուրդը ոնց կընտրի, այդքան էլ կստանա:
– Ժողովրդի հետ Ձեր շփումներից ի՞նչ եք զգացել այդ ուղղությամբ:
– Նորմալ:
– Ասում են` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն արդեն սկսել է ընտրարշավը, հանդիպումներ է ունենում տարբեր խավի մարդկանց հետ, գումարային ու այլ տիպի խոստումներ է տալիս: Ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, շուտ չի՞ նման գործունեություն ծավալելու համար:
– Ես ասե՞լ եմ, ով ասել է` իրեն հարցրեք: