Երկրային նախագի՞ծ

30/06/2011

Ռուսաստանցի գործարար Միխայիլ Պրոխորովը հարցազրույց է տվել ռուսական «Վեդոմոստիին», որտեղ մասնավորապես ընդգծել է, որ դառնալով քաղաքական գործիչ` պատրաստվում է երջանկացնել ռուսաստանցիներին: Նրա խոսքով` նորաստեղծ «Արդար գործ» կուսակցությունը մոտ 90 տոկոսով պատրաստ է, եւ դա բացարձակապես երկրային նախագիծ է. «Մենք չենք պատրաստվում առաջարկել անհնարինը»: Պրոխորովը պատրաստվում է առանձնացնել հասարակության հիմնական խնդիրները, գտնել դրանք հաղթահարելու ուղիները եւ իրականացնել դրանք: Հարցին, թե արդյո՞ք դադարել է զբաղվել բիզնեսով, Պրոխորովը պատասխանել է, որ քաղաքականությունն ու բիզնեսը համատեղելն անհնար է ու ոչ արհեստավարժ. «Երբ հասկանում ես, որ բիզնեսում ինչ-որ բանի հասել ես, հարց է ծագում` որքա՞ն կարելի է: Եթե բիզնեսում ինչ-որ բան արել ես այն մարդկանց համար, ում հետ աշխատել ես, ապա ներքին պահանջարկ կա որեւէ օգտակար բան անել նաեւ ուրիշների համար. քաղաքականությունը տալիս է այդ հնարավորությունը։ Երկիրը լավ վիճակում չէ, եւ այն կարգի բերել շարունակելով մնալ գործարար` պարզապես անհնար է: Երկրում չկան քաղաքական գործիչներ, որոնք ազգային շահի մասին են մտածում: Մեզ մոտ քաղաքականությունն արհեստավարժ չէ, եւ ես կդառնամ այդպիսին»: Իսկ հարցին, թե քաղաքական գործունեությունը կարո՞ղ է հարված հասցնել միլիարդատիրոջ բիզնեսին, նա պատասխանել է. «Հնարավոր է»: Նաեւ հավելել է. «Ավելին` կարող է ներքին հակասություն տեղի ունենալ, երբ ծրագիրս սկսի հակասել ակտիվին. այդ դեպքում ակտիվը պետք է վաճառել»: Պրոխորովը նաեւ ընդգծել է, որ չի նեղանում, երբ իրեն պիտակավորում են որպես Կրեմլի նախագիծ` մեջբերելով` «Շունը հաչի, քամին փչի» ասացվածքը: