Հայաստանի եւ Ավստրիայի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Այն երեկ ստորագրել են Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Հայաստանում Ավստրիայի դեսպան Միխայել Փոսթլը: ՊԵԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ միջազգային կապերի ամրապնդման ուղղությամբ սա հերթական համաձայնագիրն է: «Բարեփոխումների փուլում գտնվող մեր համակարգի համար սա շատ կարեւոր փաստաթուղթ է: Փոխգործակցության այսպիսի համաձայնագրերը հնարավորություն են տալիս Հայաստանին տեղեկատվության փոխանակման, նաեւ` հետբացթողումային հսկողության գործընթացներն ավելի կատարելագործել եւ հասցնել այն մակարդակի, որ նախատեսված է բարեփոխումների ծրագրով: Այսպիսով, կլրացվեն այն բացերը, որոնք առաջանում էին ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայության պատճառով: Համաձայնագիրը նաեւ սահմանի վրա ազատ առեւտրի ռեժիմը մեղմացնելու հնարավորություն է տալիս»,- ասել է Գ. Խաչատրյանը: Իսկ դեսպան Միխայել Փոսթլն էլ նշել է, որ Ավստրիան եւս կարեւորում է համագործակցությունը հայաստանյան մաքսային ծառայության հետ: «Փաստաթղթի ստորագրմամբ ուղղակի կապ կհաստատվի երկու երկրների մաքսային ծառայությունների միջեւ, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի ներմուծումների եւ արտահանումների ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտումը»,- ասել է դեսպանը: