Գրավի դիմաց

29/06/2011

«Արզնի» ԹՏԽ-ի սեփականատեր Մարատ Ջանվելյանի որդու` Արմեն Ջանվելյանի խափանման միջոցը փոխվել է, եւ նա 3 միլիոն դրամ գրավի դիմաց օրերս ազատ է արձակվել: Այս մասին news.am-ի թղթակիցը տեղեկացել է Ջանվելյանի մյուս որդուց` Գեղամ Ջանվելյանից: Նույնը հայտնել են նաեւ ՀՀ ոստիկանությունից: Հիշեցնենք, որ Արմեն Ջանվելյանը մոտ երկու ամիս առաջ Հատիս գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո երկու ամսով կալանավորվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Դատական նիստից հետո Արմեն Ջանվելյանը տեղափոխվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Բացի այդ, վերափոխվել է նրա մեղադրանքը` «խուլիգանություն զենքի գործադրմամբ», սակայն ոչ թե անօրինական, այլ օրինական (ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մաս): Ինչպես հայտնի է, Կոտայքի մարզում մայիսի 11-ին, 17:30-ի սահմաններում, «Արզնի» ԹՏԽ ԲԲԸ-ի տնօրեն Մարատ Ջանվելյանն` իր երկու որդիների` Գեղամի ու Արմենի, նաեւ մի քանի անձանց հետ Կոտայքի մարզի Հատիս գյուղում վիճաբանության մեջ էր մտել գյուղացիների հետ եւ ծեծի ենթարկել նրանց: Գյուղացիների պատմելով` վիճաբանության պատճառը եղել է այն, որ Մարատ Ջանվելյանին պատկանող կովերը մտել են գյուղացիների արոտավայրերն ու ցորենի դաշտերը: Մայիսի 13-ի երեկոյան ձերբակալվել էին նաեւ Ջանվելյանի երկու որդիները` Գեղամ եւ Արմեն Ջանվելյանները: Մայիսի 14-ին Մարատ Ջանվելյանը բերման էր ենթարկվել Ոստիկանություն եւ հարցաքննվելուց հետո ստորագրությամբ ազատ արձակվել: Կայքի թղթակցի հարցին, թե, ի վերջո, այս պատմության մեջ ովքե՞ր էին իրական մեղավորները, Գեղամ Ջանվելյանը խուսափել է պատասխանել: