«Ես «աջաբսանդալ» չեմ երգում»,-ասում է Արման Էլբերտը

29/06/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երգիչ Արման Էլբերտն ու երգչուհի Արփինե Բեկջանյանը միմյանց համար առաջին հերթին ամուսիններ են, հետո նոր երգիչներ: Դա է պատճառը, որ ընտանեկան համատեղ կյանքում երաժշտական առումով մեկը մյուսին «ապացուցելու» ոչինչ չունի: Իսկ ահա facebook եւ այլ սոցիալական ցանցերը կարծես թե փորձում են ներխուժել նրանց ամուսնական կյանք: Ի տարբերություն Արփինեի, Արմանն առանձնապես տարված չէ վիրտուալ ճանապարհով ընկերների հետ շփվելով եւ ինտերնետ կոչված վարակով: «Ինտերնետն օգտագործում եմ զուտ ինֆորմացիոն եւ մասնագիտական նպատակներով: Անգամ facebook-յան իմ անձնական էջի գաղտնաբառը չեմ հիշում, որ հասկանամ, թե ինչ է կատարվում այնտեղ»,- ասում է Արմանը, ում Էլբերտ բեմական անունն իրականում իր հայրանունն է՝ Ալբերտ: Արփինեն հպարտությամբ նշում է, որ իրենց զավակները՝ 7-ամյա Էրիկան եւ 2-ամյա Էնիոն, Արմանի կրկնօրինակներն են: «Տղաս հոր շեկ տեսակն է, իսկ աղջիկս անգամ թխությամբ է նման հորը»,- նշում է Արփինեն:

– Արման, ունենալով ձայնային նման տվյալներ, ինչո՞ւ մինչ օրս չեք լքել երկիրը:

– Շատ անգամ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչո՞ւ պետք է հեռանամ մի երկրից, որտեղ ծնվել-մեծացել եմ: Միեւնույն ժամանակ պետք է նշեմ՝ որքան լավ երիտասարդ երաժիշտ եմ տեսնում, ասում եմ, որ պետք է հեռանան այս երկրից, եթե ցանկանում են կայանալ: Ես իմ «ոտքերը կապած» մնացել եմ այս երկրում՝ հայրենիք ասելով, բայց երիտասարդներին մշտապես խորհուրդ եմ տալիս՝ հեռանալ, քանի դեռ ուշ չէ: Այստեղ որոշ չափով կայացել եմ: Ի վերջո, ընկերներ, ընտանիք, շրջապատ ունեմ այստեղ:

– Այսինքն` համարո՞ւմ եք, որ արդեն կայացել եք Հայաստանում:

– Ես իմ տեղը գտել եմ: Մեր երկրում արվեստ գոյություն չունի: Ինչ էլ որ կա, թվացյալ է՝ փուչիկ, որը վաղ թե ուշ պայթելու է, քանի որ չկա այդ արվեստի ունկնդիրը: Ուզում եմ պատկերացնել այս դեգրադացման վերջը, որը, վստահ եմ՝ դաժան է լինելու: Ազգն ա մեղք, որին դեգրադացիայի են ենթարկում՝ վերեւից ճաշակ թելադրողները:

– Ի դեպ, թելադրողները, որոնց շարքում են նաեւ շատ պրոդյուսերներ, արդարանում են` ասելով, թե ժողովրդին մատուցվում է այն, ինչի պահանջարկն ունի:

– Երեխան մաքրամաքուր է լույս աշխարհ գալիս: Եվ մեզանից է կախված, թե նա, ի վերջո, մարդկային ինչ տեսակ կդառնա: Հանրությունը կարիք ունի լավ երաժշտության եւ պատրաստ է լավը, որակյալը լսելու: Պարզապես մեր երկրում մի քանի հոգի որոշել են, որ իրավունք ունեն համատարած ճաշակ աղավաղելու:

– Դեգրադացիան եւ թելադրողներին մի կողմ թողնենք եւ խոսենք «սեւ ցուցակ» ասվածի մասին, Դուք ընդգրկվա՞ծ եք այդ ցուցակում:

– Այնքան սոսկալի են նրանք, որ ինչ-որ «սեւ ցուցակներ» են կազմում, «տուսովկաներ» են կազմակերպում, հավաքվում են՝ մեծ մտքեր են արտահայտում, որոնցից իրականում գաղափար անգամ չունեն… փուչիկներ են: Սովորական «ճ» դասի մի երգչուհու այնքան են «ռասկրուտկա» անում, որ նա էլ է սկսում հավատալ, որ «համաշխարհային» մեծության աստղ է: Բայց իրականում գեղջուկի մեկն է: Իսկ ես սովորաբար փախչում եմ այդ «տուսովկաներից»:

– Բայց Ձեզ կանչո՞ւմ են:

Արփինե Բեկջանյան – Ոչ, քանի որ Արմանը սովորություն չունի «սապոնվելու»:

Ա.Է.– Երբ ինձ որեւէ տեղ հարցազրույցի են կանչում` լինի դա եթեր թե տպագիր մամուլ, միայն անկեղծ կարծիք եմ արտահայտում: Իսկ անկեղծ խոսողները շատերի մոտ խնդիրներ են առաջացնում:

– Երբ տարիներ առաջ Ձեզ հրավիրեցին՝ մասնակցելու «Երկու աստղ» նախագծին, թվում էր, թե Դուք չեք գտնում Ձեզ այնտեղ:

Ա.Է.
– Ուղղակի նախագծի ձեւաչափը չէր համընկնում իմ էության հետ: Պարտադիր պետք է կոնկրետ իրենց ասած երգը երգեի, իրենց ասած հագուստը կրեի, իրենց ուզածով բեմում շարժվեի… Ես չեմ կարող այդպես աշխատել:

– Վերջերս էկրան բարձրացավ «Թափառում» ռոք օպերան, որտեղ դուք մարմնավորում եք գլխավեր դերերից մեկը: Փորձե՞լ եք հասկանալ, թե որքանով է հանդիսատեսը հետաքրքրված այդ ֆիլմով:

Ա.Է.– Այդ ֆիլմը պետք է երկրից դուրս ցուցադրվեր: Հանդիսատեսը դեռ պատրաստ չէր նման աշխատանքի ընկալման: Մենք սիրում ենք, որ մեզ նախ` երկրից դուրս գնահատեն, հետո նոր ասենք՝ «բրավո, մերն ա»:

– Դուք ունեք ընտանիք եւ պետք է ամեն կերպ ապահովեք Ձեր ընտանիքի կարիքները: Բնականաբար երգում եք տարբեր ակումբներում եւ կորպորատիվ հրավերների ժամանակ: Կոպիտ է հնչում, սակայն ի՞նչ տեսակի երաժշտություն են նրանք պատվիրում Ձեզ:

Ա.Է.– Ակումբներում ինձ հրավիրողները շատ լավ գիտեն, թե ինչ երաժշտություն եմ ես երգում: Եվ միայն այդ պատճառով են ինձ հրավիրում: Ես չեմ կարող «աջաբսանդալ» երգել: Չեմ հասկանում այն հանդիսատեսին, ով կարող է եւ՛ ինձ ծափահարել, եւ՛ «Մուռկա» երգողին: Այդ ունկնդիրն ինձ համար կորած մարդ է: Ես սովորաբար երգում եմ համաշխարհային հիթեր:

Ա.Բ.
– Իսկ ես երգում եմ իմ երգացանկից, ինչպես նաեւ` ռուսական էստրադա:

– Արփինե, Դուք հայտնվեցիք 90-ականներին եւ որոշ ժամանակ անց «կորաք»: Ի՞նչն էր պատճառը:

Ա.Բ.– Դա ամենացավալի թեման է ինձ համար: Պարզապես ժամանակին երաժշտական ասպարեզում ի հայտ եկան մարդիկ, ովքեր, չգիտես ինչու, որոշեցին, որ իրավունք ունեն որոշ մարդկանց եթեր մտցնել եւ որոշ երգիչների հանել եթերից եւ փակել նրանց առջեւ բոլոր դռները: Ամբողջ խնդիրը նրանում էր, որ ոչ ոք չէր հասկանում, թե ինչ չափանիշներով է կատարվում այդ ընտրությունը: Զավեշտալի է, բայց պարզվեց, որ ընտրությունը կատարվում էր զուտ կոնկրետ մարդկանց քմահաճույքով: Այսօր իմ կյանքում ամենակարեւորն իմ բալիկներն ու իմ ընտանիքն են: