Ըստ աստղագուշակների` սպիտակ ճագոմի (Viscum album) մոլորակն է Երկիրը, տարերքը` օդը, աուրան` ջերմությունը։ Դրուիդների մշակույթում սպիտակ ճագոմը համարվել է մոգական բույս, որի ճյուղերը կտրել են ոսկյա մանգաղով եւ օգտագործել գուշակություններ կատարելու նպատակով։
Բույսից պատրաստված հուռութն օգնում է ճանապարհորդներին` հաղթահարելու դժվարությունները, զերծ պահում հիվանդություններից։ Ճագոմի տարածումը Եվրոպայից դեպի Ամերիկյան մայրցամաք կապված է այդ սովորության հետ, մանավանդ գնահատվում էր կաղնու վրա աճող ճագոմը։ Հավատքը ճագոմի մոգական հատկությունների հանդեպ այնքան խորն է, որ ամերիկացիներն Ամանորին զարդարում են իրենց բնակարանները ճագոմի ճյուղերով` հավատում են, որ այն կբերի պտղաբերություն, սեր, երջանկություն, կպաշտպանի ընտանիքը զանազան չարիքներից։ Սպիտակ ճագոմը երկտուն, խիտ ճյուղավորված, մշտադալար թուփ է, ձմռանը հեռվից դիտողին թվում է, որ տերեւաթափ եղած ծառի վրա գտնվում է արագիլի հյուսած կլորավուն բույնը։ Սակայն մոտիկից երեւում է, որ ծառի վրա «տեղավորված» է ճագոմի թուփը։
Հետաքրքիր է, որ սպիտակ ճագոմի տերեւները յուրաքանչյուր ճյուղի վրա ամեն տարի ավելանում են մեկ զույգով։ Թուփը ծաղկում է ձմռան վերջում, դեղնականաչավուն ծաղիկներով, օգոստոսի վերջերից սկսում է պտղաբերել։ Օվալաձեւ հասունացած պտուղները պարունակում են մեկ սերմ եւ սոսնձանման պտղանյութ, այդ է պատճառը, որ բույսը անվանվել է viscum, որը թարգմանաբար նշանակում է` «թռչնի սոսինձ»։ Դա այդպես է, քանի որ ճագոմի սերմերը կպչում են թռչունների կտուցին, իսկ վերջինները մաքրելով կտուցները ծառի վրա` թողնում են ճագոմի սերմը կեղեւի ճեղքի մեջ։ Սերմը ծիլ է տալիս, որը մտնելով կեղեւի տակ, սնվում է ծառի փայտանյութում գտնվող ոչ օրգանական նյութերով, կլանում ածխաթթու գազ եւ արտադրում թթվածին։ Այսպիսով, կարելի է ասել, որ սպիտակ ճագոմը ֆոտոսինթեզին մասնակցող կիսամակաբույծ բույս է։ Սպիտակ ճագոմի բուժիչ հատկությունների մասին իմացել են Հին Հունաստանի եւ Հռոմի բժիշկները։
Պլինիուսն օգտագործել է այն ընկնավորության, գլխապտույտի դեպքում։
Պարացելսն առաջինն է ուսումնասիրել սպիտակ ճագոմի քիմիական եւ բուժիչ հատկությունները, նա հիմնավորել է բույսի օգտակարությունը ներքին արյունահոսությունների, ողնուղեղի պարալիչի, գլխացավի, աչքի հիվանդությունների, տարբեր բնույթի ուռուցքների բուժման համար։ Շատ երկրներում բույսն ընդունված է որպես դեղամիջոց ավանդական բժշկության կողմից։ Գերմանիայում ճագոմաբուժությունը ձեւավորվել է որպես ինքնուրույն գիտություն։ Ապացուցված է, որ ճագոմը ոչնչացնում է ուռուցքի բջիջները, կանխում մետաստազները։
Միջնադարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր աշխատություններում առաջարկել է օգտագործել պանթումայի (սպիտակ ճագոմ) հյութը կոտրվածքների եւ արյունաթքության, տերեւները` մաշկային հիվանդությունների դեպքում, իսկ թզի հետ համատեղ` հազի բուժման ժամանակ։
Ժամանակակից գիտության կողմից սպիտակ ճագոմի կենսաբանորեն ակտիվ նյութերը մանրակրիտ ուսումնասիրված են։ Այն պարունակում է օլեանոլաթթու, ուրսոլատ, քոլին, ճարպայուղ, բուսախեժ, C վիտամին, ենթավիտամին A, ֆլավոններ, մոմ…
Առանձին հիշատակման է արժանի վիսկոտոքսին ալկալոիդը, որը սպիտակ ամորֆ հեղուկ է, պարունակում է ամինաթթուներ եւ շաքարներ։
Հետաքրքիր է, որ մեր հայրենիքում աճող սպիտակ ճագոմն աչքի է ընկնում վիսկոտոքսինի բարձր պարունակությամբ։
Հայտնի է, որ սպիտակ ճագոմից պատրաստվում են դեղամիջոցներ, օրինակ` «Օմելին», որը խորհուրդ է տրվում սկսվող հիպերտոնիայի դեպքում։ Սպիտակ ճագոմի ճյուղերը կտրում են հատուկ մկրատով, չորացնում տաք, օդափոխվող տեղում, ջեռոցում չորացնելու դեպքում ջերմաստիճանը չպետք է գերազանցի 40 աստիճան C-ն։ Հումքը պետք է պահել փակ կափարիչով ապակե տարայի մեջ, չոր եւ մութ տեղում։ Պահպանման ժամկետը մեկ տարի է։
Զգուշացում։ Սպիտակ ճագոմը թունավոր բույս է։ Ջրային պատրաստուկները չի կարելի օգտագործել մեկ շաբաթից ավելի։ Սպիտակ ճագոմի ջրային պատրաստուկները խստորեն արգելված են անուժականության (ասթենիա), հիպոտոնիայի, հիպոտերիոզի դեպքում։
Սպիտակ ճագոմի պատրաստուկներն ունեն հիպոտենզիվ, հանգստացնող, կապող, միզամուղ, արյունարգել, ցավազրկող, հակաբորբոքային հատկություն։
Ավանդական բժշկությունն օգտագործում է ճագոմը հիպերտոնիկ հիվանդության դեպքում։
Սպիտակ ճագոմի թուրմն ակտիվացնում է սրտի աշխատանքը, լայնացնում արյունատար անոթները, հանգստացնում նյարդերը։
Կիրառվում է նաեւ կանացի հիվանդությունների, ռեւմատիզմի, թութքի դեպքում։
Եփուկը եւ թուրմը կարգավորում են աղիների գործունեությունը, կանխում աղեստամոքսային համակարգի, թոքերի, քթի, այլ բնույթի արյունահոսությունները։
Ճագոմը այլ դեղամիջոցների հետ համատեղ օգտագործվում է աթերոսկլերոզի եւ երիկամային հիվանդությունների բուժման համար, ավանդական բժշկությունում։ Ճագոմի պատրաստուկները կարգավորում են ազոտային միացությունների փոխանակման գործընթացը։
Ժողովրդական բժշկությունն օգտագործում է ճագոմը բրոնխների ասթմայի, ջղակծկումների, նեւրալգիայի, գիշերամիզության, երակների լայնացման, հիպերտերիոզի դեպքում` որպես որդաթափ միջոց։
Թարմ հյութը բուժում է կանացի անպտղությունը։ Սպիտակ ճագոմն օգնում է վերքերի, մաշկային հիվանդությունների, մկանային ցավերի, ռադիկուլիտի դեպքում։
Դեղատոմսեր
Ոգեթուրմ. Ճագոմի չոր խոտը մեկ ամիս թրմեք 500 մլ օղու մեջ (1։10)։ Պահեք մութ տեղում։ Խմեք մեկական թ/գ, օրը 3 անգամ։ Բուժման ժամկետը 70 օր է, ընդ որում, յչուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ընդմիջել դեղի ընդունումը եւս 7 օր։ Այս միջոցը հանգստացնում է նյարդերը։
Ընկնավորության դեպքում. Թրմեք 1 ճ/գ չորացրած ճագոմի պտուղը 500 մլ սպիտակ խաղողի գինու մեջ, պահեք 21 օր, քամեք։ Խմեք մեկական թ/գ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։ Չափաբաժինը չի կարելի խախտել, քանի որ բույսն ամբողջությամբ եւ հատկապես պտուղները թունավոր են։ Ոգեթուրմը նվազեցնում է նոպաների հաճախականությունը։
Գլխացավի, անքնության դեպքում. Խառնեք մանրացրած չոր ալոճենու ծաղիկները, ձիաձետի խոտը, կատվախոտի արմատը, դաղձի տերեւը, սպիտակ ճագոմի խոտը (առանց պտուղների) եւ ասպիրակի (spiraea) խոտերը։ Խառնուրդի 1ճ/գ-ն 3 ժամ թրմեք 200 մլ զտված սառը ջրի մեջ, եփեք 5 րոպե մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք), թրմեք եւս 1 ժամ ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք օրվա ընթացքում` փոքր կումերով։ Բուժման ժամկետը 21 օր է։ Ընդմիջեք 7 օր։ Այս հերթականությամբ շարունակեք 4 ամիս։ Անհրաժեշտության դեպքում կրկնեք 2 ամիս անց։
Դիմադրողականությունը բարձրացնող, նյարդերը հանգստացնող միջոց. 1 ճ/գ ճագոմի խոտը (պտուղների հետ) թրմեք 5-6 ժամ` տաք (ոչ եռացրած) ջրի մեջ։ Բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։ Խմեք 1 շաբաթ։ Ընդմիջեք մեկ ամիս։ Կարող եք կրկնել տարին մի քանի անգամ, բայց 5-7 օրից ոչ ավելի։
Ռեւմատիկ ցավերի դեպքում. 2 ճ/գ մանրացրած ճագոմի խոտը 2-3 ժամ թրմեք ջերմապահում մեկ լիտր տաք ջրի մեջ։ Քամեք։ Թրջեք թանզիֆը թուրմի մեջ, քնելուց առաջ դրեք ցավոտ հատվածին, վրայից` պոլիէթիլենային թաղանթ, կապեք բրդյա շալով։
Որդաթափ (փորձված) միջոց. Խառնեք 2 չոր, մանրացրած, կատվախոտի արմատը, ճագոմի տերեւը եւ պտուղը (2։1։1), աղացեք սրճաղացով։ Ընդունեք քնելուց առաջ 0,5-1 գրամ` (խառնած) քերած գազարի հետ։ Շարունակեք 3 օր։
Հորմոնալ խանգարումների դեպքում. 3-5 գրամ մանրացրած ճագոմի խոտը 5-6 ժամ թրմեք ջերմապահի մեջ 200 մլ տաք ջրում։ Բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ։
Կամ` – 5 գրամ մանրացրած հումքը 30 րոպե թրմեք եռման ջրում, 15 րոպե տաքացրեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Խմեք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 15-20 րոպե առաջ։ Խմեք 7 օր, ընդմիջեք 2 շաբաթ, այդ ընթացքում խմեք ձիաձետ դաշտայինի թուրմը (1ճ/գ – 500 մլ եռջուր, 1 ժամ թրմեք, բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում)։
Արյունահոսող թութքի դեպքում. կես թ/գ մանրացրած խոտը (առանց պտուղի) 8 ժամ թրմեք 50 մլ սառը ջրի մեջ, խմեք առավոտյան` նախաճաշից առաջ։
Ինֆարկտի, ինսուլտի վտանգի դեպքում.
– Խառնեք սպիտակ ճագոմի, հովտաշուշանի խոտերը, ալոճենու ծաղիկը, կատվախոտի արմատը (3։3։2։2), 2 ճաշի գդալին ավելացրեք 500 մլ եռջուր։ Մեկ ժամ թրմեք տաք տեղում, քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3-4 անգամ, սնունդ ընդունելուց 1ժամ հետո։
– Խառնեք հավասար քանակությամբ վերցրած սպիտակ ճագոմի, ձիաձետ դաշտայինի խոտերը, ալոճենու պտուղը եւ ծաղիկը, կատվախոտի արմատը, սպիտակ կեչու տերեւը, 1 ճաշի գդալին ավելացրեք 200 մլ եռջուր։ Մեկ ժամ թրմեք եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ։
Սկլերոզի դեպքում. Խառնեք կուսածաղկի (vinca) տերեւը, ալոճենու ծաղիկը, ձիաձետի, սպիտակ ճագոմի, հազարատերեւուկի խոտերը (1։1։1։1։2), 1 ճ/գ հումքը թրմեք 1 ժամ 200 մլ եռջրի մեջ։ Քամեք, բաժանեք մասերի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։ Բուժման ժամկետը` 1 ամիս, ընդմիջումը` կրկին մեկ ամիս։
Հիպերտոնիայի (1-ին, 2-րդ փուլ) դեպքում. Խառնեք լեռնային առնիկայի ծաղիկը (arnica), սպիտակ ճագոմի խոտը, հավասար քանակությամբ ալոճենու պտուղը եւ ծաղիկը, ձիաձետի խոտը (1։1։3։3։3։3), 1 ճ/գ հումքը կես ժամ թրմեք 300 մլ եռջրի մեջ, 5 րոպե եռացրեք եւ թրմեք 6-8 ժամ։ Քամեք, խմեք մեկական ճ/գ, օրը չորս անգամ, սնունդ ընդունելուց առաջ։ Հետեւեք ճնշման փոփոխությանը։