Արդյունաբերական «բումի» փուչիկը

27/06/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր երկրի տնտեսական անցուդարձով հետաքրքրվող ուշադիր ընթերցողը, կարդալով վերնագիրն ու աչքի անցկացնելով ներկայացված աղյուսակները, միանգամից կհասկանա` խոսքն ինչի մասին է։ Միգուցե նաեւ ավելի լավ շարադրեր այն պատկերը, որը ցույց են տալիս այս թվերը։

Այդուհանդերձ, քանի որ վիճակագրական տվյալներից «ծաղկաքաղ» անելով` ներկայացրել ենք այս տվյալները` մարդկային եւ հասկանալի լեզվով փորձելով ներկայացնել մեր արդյունաբերության իրական պատկերը։

Ինչո՞ւ տնտեսության մյուս ոլորտներից ընտրեցինք հենց արդյունաբերությունը։ Որովհետեւ այս ոլորտի ցուցանիշները վերջին շրջանում դարձել են մեր իշխանության խոսնակների ոգեշնչման հիմնական աղբյուրը։

Սրանից մեկ շաբաթ առաջ, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր մայիս ամսվա նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, կանխատեսել էինք, որ ամենաոգեւորիչը, անկասկած, լինելու էր արդյունաբերության ոլորտի ցուցանիշը։ 2011թ. մայիսի ընթացքում այս ոլորտը տվել է 828 միլիարդ դրամի արտադրանք, ինչը 25.1%-ով գերազանցում է նախորդ տարվա մայիսի ցուցանիշը, եւ 11.4%-ով՝ այս տարվա ապրիլի ցուցանիշը։ Մյուս ոլորտներում առանձնապես աճ չկար, եւ ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.9% աճը պայմանավորված էր հենց արդյունաբերության ցուցանիշով։ Ասենք, որ մեր կանխատեսման մեջ չսխալվեցինք. իշխանամետ բոլոր փորձագետներն ու ԶԼՄ-ները հատուկ ուշադրության արժանացրին այս ցուցանիշը։ Սակայն ամենակարեւորը, թերեւս, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի կարծիքն էր։ Օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա հատկապես ոգեւորիչ էր համարել արդյունքները հենց արդյունաբերությունում՝ նշելով, որ 10-12 տոկոս աճով արդյունաբերությունը դարձել է տնտեսության շարժիչ ուժը: «Տնտեսության շարժիչ ուժը»։ Այն, որ այս խոսքերը փոքր-ինչ չափազանցված են, ակնհայտ է թեկուզ այն պատճառով, որ խոսքը վերաբերում էր ընդամենը մայիս ամսվա ցուցանիշին։ Սակայն կան նաեւ այլ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս չափից դուրս ոգեւորվել այդ ցուցանիշներով։

Այսպես, վիճակագրությունը սովորաբար տարբեր ոլորտների ցուցանիշները ներկայացնում է երկու տարբերակով՝ ընթացիկ գներով եւ, այսպես կոչված, համադրելի գներով։ Համադրելի գներով ներկայացված ցուցանիշը հաշվի է առնում նաեւ գների աճը։

Ենթադրենք, դուք արտադրում եք բաժակ, եւ ապրիլին արտադրել եք 1000 հատ, որոնցից յուրաքանչյուրի գինը եղել է 50 դրամ։ Այսինքն՝ ապրիլին տվել եք 50 հազար դրամի արտադրանք։ Մայիսին արտադրել եք 900 հատ բաժակ, սակայն յուրաքանչյուրը` 60 դրամով։ Ստացվում է՝ ապրիլին տվել եք 54 հազար դրամի արտադրանք՝ 4 հազարով ավելի, քան նախորդ ամիս։ Եթե դիտարկում ենք ձեր արտադրանքի ծավալն ընթացիկ գներով, ապա կարող ենք ասել, որ աճ կա։ Սակայն իրական վիճակը պատկերացնելու համար հարկավոր է գները համադրելի դարձնել՝ դիտարկել մայիսի արտադրանքը ապրիլի գներով (քանի որ համեմատում եք ապրիլի հետ)։ Այդ դեպքում կստացվի, որ մայիսին ձեր արտադրանքը կազմել է 45.000 դրամ (900 x 50)։ Ստացվում է՝ ընթացիկ գներով՝ աճ եք տեսնում, համադրելի գներով՝ անկում։

 

Աղյուսակ 1-ում ներկայացված են արդյունաբերության ոլորտի պաշտոնական վիճակագրության տվյալները՝ 2011թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար։ Ինչպես տեսնում եք, այս տարվա առաջին 4 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է 284.1 մլրդ դրամ, իսկ համադրելի գներով (նախորդ տարվա հունվար-ապրիլի գներով)՝ շատ ավելի քիչ՝ 259.2 միլիարդ դրամ։ Ըստ այդմ, եթե արդյունաբերության ոլորտի աճի ցուցանիշը ընթացիկ գներով կազմել է 16.7%, ապա համադրելի գներով այդ ցուցանիշը 2.6 անգամ ցածր է՝ 6.4%։

Այս ամենը վերաբերում էր հունվար-ապրիլ ժամանակահատվածին։ Ինչ վերաբերում է մայիսին, ապա տվյալները դեռ նախնական են, եւ լիարժեք տեղեկատվությունը կհրապարակվի օրերս։ Սակայն այդ նախնական ցուցանիշներում կա մի նախադասություն, որն արդեն շատ բան է ասում. «Ծանոթություն: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով»։ Հաշվի առնելով, որ նախորդ տարվա մայիսին գները շատ չեն տարբերվել ապրիլից, հանգիստ խղճով կարելի է ենթադրել, որ մայիսին արդյունաբերության ոլորտի իրական աճը 2-2.5 անգամ պակաս է 25%-ից։ Այսինքն՝ մեր պաշտոնյաների ոգեւորությունը առնվազն կրկնակի չափազանցված է։

Այսքանը՝ արդյունաբերության ոլորտի աճի իրական ցուցանիշի մասով։ Սակայն կա նաեւ երկրորդ կողմը՝ աճի որակը։ Մեր արդյունաբերության ցուցանիշները քննադատվում են հիմնականում այն տեսանկյունից, որ արդյունաբերության կառուցվածքում առյուծի բաժինը պատկանում է հանքարդյունաբերությանը, եւ աճն էլ արձանագրվում է հենց այդ ոլորտի, մասնավորապես՝ մետաղների համաշխարհային գների աճի արդյունքում։ Տ. Դավթյանը վերը նշված ասուլիսում հերքել էր այդ կարծիքը` նշելով, որ աճ արձանագրվում է բոլոր ոլորտներում, իսկ ամենից շատ աճել է մեքենաշինությունը։ Աղյուսակ 2-ը ուսումնասիրելով՝ ընթերցողը կարող է ինքնուրույն եզրակացություններ անել արդյունաբերության իրական որակի մասին։

 

Օրինակ՝ երեւում է, որ արդյունաբերության ոլորտի արտադրանքի շուրջ 40%-ը ապահովում են հանքագործությունը, էլեկտրաէներգիան ու ջրամատակարարումը։ Ընդ որում, այս ոլորտները արդյունաբերության ոլորտի աճի ընդհանուր ցուցանիշից (6.4%) ավելի բարձր աճ են ապահովել։ Մշակող արդյունաբերությունը կազմում է ընդհանուր արդյունաբերության 60%-ը, սակայն աղյուսակից երեւում է, թե իրականում ո՛ր ճյուղերն են մեր մշակող արդյունաբերության առանցքը։ Դրանք են, առաջին հերթին, սննդի արդյունաբերությունը (կազմել է մեր ընդհանուր արդյունաբերական արտադրանքի (23.3%-ը), հիմնային մետաղների արտադրությունը (18.7%), խմիչքների արտադրությունը (7.7%) եւ «այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը» (3.8%)։ Արդյունաբերության մնացած ճյուղերը էական դեռ չեն խաղում եւ նրանց տեսակարար կշիռը 1%-ի շրջակայքում է։ Ինչ վերաբերում է նախարարի նշած մեքենաշինության աճին, ապա ընթերցողը թող ինքը փորձի այս ցուցանիշների մեջ նման բան գտնել։ Մեզ, անկեղծ ասած, դա չհաջողվեց։

Փոխարենը՝ պարզ երեւում է, որ մշակող արդյունաբերության իրական աճը հունվար-ապրիլին եղել է 3.7% (ավելի ցածր, քան արդյունաբերության ոլորտի ընդհանուր աճը)։ Ընդ որում, այդ 3.7% աճը հավասարաչափ չի բաշխվել բոլոր ճյուղերի միջեւ. մի շարք հոդվածներով մենք շատ տպավորիչ, երկնիշ անկում ունենք։ Ծխախոտի արտադրությունը նվազել է 44.2%-ով, կահույքինը՝ 27.1%-ով, ռետինե եւ պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝ 16.4%-ով եւ այլն։ Այսքանից հետո ասել, որ արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության շարժիչ ուժը, անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չի։