Եթե չնվաստացվեն

27/06/2011

«Ժառանգություն» կուսակցությունում դեռ չի քննարկվել այն հարցը, թե երբ է ավարտվելու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ-ին հայտարարված բոյկոտն, ու երբ են խմբակցության պատգամավորները վերադառնալու խորհրդարան` նիստերին մասնակցելու»,- Tert.am-ին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: «Մենք միշտ քննարկում ենք ստեղծված իրավիճակը: Իհարկե, երբեք չենք ասել, որ սա անժամկետ, անվերջանալի քայլ է, բայց ժամկետների մասին խոսելն այս պահին ճիշտ չէ»,- նշել է Սաֆարյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանական գարնանային նստաշրջանի ժամանակ` մարտյան քառօրյային, «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից իր դժգոհությունն արտահայտեց փետրվարին ստորագրված կոալիցիոն նոր հուշագրի կապակցությամբ, որից հետո այդ խմբակցության պատգամավորները լքեցին խորհրդարանի Նիստերի դահլիճը: Դրանից հետո Հովհաննիսյանը 15 օր հացադուլ արեց Ազատության հրապարակում: Որոշ ժամանակ անց «Ժառանգության» պատգամավորները մի քանի անգամ մասնակցեցին խորհրդարանական նիստերի մի մասին, սակայն վերջին մի քանի քառօրյաներին նրանք այդպես էլ ամբողջական կազմով չեն ներկայացել ԱԺ նիստերին: Հարցին, թե ի՞նչ հանգամանքների փոփոխության դեպքում խմբակցությունը կվերադառնա ԱԺ դահլիճ, Սաֆարյանը պատասխանել է. «Կվերադառնանք, եթե տեսնենք` ինչ-որ բեկման, ինչ-որ վերանայումների լուրջ դրսեւորումներ են լինում: Եթե պիտի մենք բոլորս գնանք Ազգային ժողով եւ Նիստերի դահլիճում նվաստացվենք կառավարության կողմից, որովհետեւ կառավարությունը պարտադրում է օրենքների ընդունումը, սա արդեն անընդունելի է»: Ս. Սաֆարյանը նշել է, որ իրենք մտավախություն չունեն ԱԺ նիստերը բոյկոտելու պատճառով ընտրողներին կորցնելու առումով: «Մեր կամ որեւէ այլ ուժի հայտնվելը խորհրդարանում վտանգվում է ոչ թե դրա, այլ ընտրությունները կեղծելու արդյունքում: Մենք մեր ընտրողներից որեւէ դժգոհություն, քննադատություն չենք ստացել, թե ինչու ենք լքել Նիստերի դահլիճը»,- ասել է նա: Նշենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 13-ին: