Շուշան Արեւշատյանը դրական էներգիա է փոխանցում նույնիսկ նրանց, ում ընդհանրապես չի ճանաչում, այլ պարզապես զրուցում է, ասենք` հարցազրույցի շրջանակներում: Սակայն, երբ էներգիայի քանակը շատանում է՝ այն կարող է դառնալ պայթյունավտանգ: Շուշան Արեւշատյանի խոսքով` այն պետք է ընդունել չափաբաժիններով միայն:
– Նկատել եմ, որ Ձեզ մեծամասամբ կանացի թեմաների շուրջ հարցեր են ուղղում:
– Կա մի կերպար, ով հետաքրքրություն է առաջացնում այն կանանց մոտ, ովքեր չեն կայացել իրենց բիզնեսում, որոշակի պատճառներով՝ ամուսնացել են, երեխաներ են ունեցել… Դա եւս մեծ աշխատանք է, ի դեպ, հսկայական եւ ամենօրյա աշխատանք: Նրանց թվում է, թե բիզնեսով զբաղվող կնոջ կյանքը շատ հեշտ է եւ հետաքրքիր: Տան պատերի, կենցաղի մեջ «սեղմված» կինը, բնական է, որ շուտ է ձանձրանում, եւ նրան թվում է, թե տանից դուրս հետաքրքիր է ամենուր:
– Կինն ինքնակամ կցանկանա՞ լինել այն աստիճանի ինքնուրույն եւ ուժեղ, որ տարիների հետ զգա, որ մոռացել է իր սեռը:
– Այսօր անգամ տղամարդիկ են մոռացել, որ տղամարդ են. դարձել են միջին սեռի պատկանող ինչ-որ բան: Նույնն էլ` կանայք: Եթե ձիու վազքը ճիշտ ժամանակին չկանգնեցնենք, այդ ձին կդառնա վայրի եւ կփախչի մարդկանցից:
– Ի՞նչն է Ձեզ կանգնեցրել:
– Գիտակցությունը: Մենք խելք ունենք եւ պետք է այն օգտագործենք: Չի կարելի «կոտրել» բնության ընթացքը: Եթե կին ես ծնվել, պարտավոր ես կին մնալ: Աշխատանքը, կենցաղը երբեք չպետք է խանգարեն կնոջն այդ հարցում: Այլ հակառակը՝ պետք է խթանիչ ուժ հանդիսանան կին մնալու համար:
– Կանացի թուլությամբ՝ «shopping»-ով հետաքրքրվա՞ծ եք:
– Ինձ նորաձեւությունը բացարձակ չի հետաքրքրում: «Shopping»-ից զզվում եմ: Չեմ հասկանում այն կանանց, ովքեր պատրաստ են ամբողջ օրը խանութներում թրեւ գալ: Ես մեծ հաճույքով կշրջեմ խանութում՝ գրքեր, ֆիլմեր, երաժշտություն ընտրելիս: Եթե տեսնեք, թե ինչպես եմ ես հագուստ գնում, ծիծաղից կընկնեք: Եթե ինձ կոշիկ է պետք, ես գնում եմ ուղիղ գծած ճանապարհով դեպի կոշիկի բաժին՝ աջ ու ձախ չեմ նայում:
– Տղամարդկային մոտեցում է: Հետաքրքիր է, նման մոտեցում միայն «shopping»-ի հանդե՞պ եք ցուցաբերում:
– Ատում եմ խոհանոցային «թիթիզությունները». ափսեներ, որոնք պետք է համապատասխանեն բաժակների հետ, սփռոցներ, որոնք պետք է պարտադիր պատառաքաղների հետ «բռնեն»: Ես շատ հանգիստ կարող եմ սեղանին շարել տարբեր գույնի ափսեներ, տարբեր չափսերի բաժակներ: Երբ սեղան եմ գցում, մայրս մշտապես զայրանում է: Դրա համար նախօրոք գալիս է եւ իր ձեռքով է ամեն ինչ դասավորում: Ինձ համար միեւնույն է, թե ինչ սպասք է դրված սեղանին: Ինձ համար կարեւոր է, թե ի՞նչ ենք ուտելու, ովքե՞ր են իմ հյուրերը, ինչպե՞ս ենք լավ ժամանակ անցկացնելու…
– Փաստորեն Դուք եւ Ձեր մայրը, համենայնդեպս այդ հարցում, տարբեր մոտեցումներ ունեք: Իսկ Ձեր դուստրը՝ Աննան, որքանո՞վ է նման Ձեզ:
– Նա շատ ավելի ուշադիր է այդ հարցերում, քան ես: Սակայն մենք երբեւէ չենք ունեցել տարաձայնություններ այդ հարցում: Ինձ համար միեւնույն է, թե խոհանոցում բաժակը որ դարակում է դրված՝ ա՞ջ, թե՞ ձախ: Որտեղ ուզում է` թող դնի: Եթե իմ երեխաների սենյակում ինչ-որ առարկաներ դրված են այնպես, ինչպես իրենք են ցանկացել, ինչո՞ւ ես պետք է խառնվեմ այդ հարցերում: Նույնն էլ վերաբերում է իմ սենյակին, իմ սեղանին, իմ տարածությանը՝ բառիս լայն իմաստով: Եթե իմ սեղանին թղթեր կան թափթփված, նշանակում է` դա այդպես էլ պետք է լինի, ինձ այդպես է պետք: Իմ տարածքը միայն իմն է:
– Ասում են` աղջիկը ժառանգում է մոր եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմերը: Ի՞նչ եք ակամայից ժառանգել Ձեր դստերը:
– Շատ վատ բան: Նա, ինչպես եւ ես, ատում է տղամարդկանց: Սակայն դա ինձ դուր չի գալիս: Այս վերջին երկու տարին փորձում եմ փոխել նրա մոտ այդ կարծիքը: Ասում եմ, որ տղամարդն էլ է մարդ, նա էլ է մարդու ընկերը: Ես զգացել եմ, որ բացասական վերաբերմունք եմ սերմանել նրա մեջ տղամարդ, ընտանիք ասվածի մեջ: Այսօր նա ասում է, որ կարելի է շատ հանգիստ երեխա ունենալ առանց ամուսնանալու: Ես ընդունում եմ, որ դա իմ բացասական ազդեցությունն է: Դրական ժառանգությունը, որ ես փոխանցել եմ նրան, դա թեթեւ ապրելու ունակությունն է: Ուրախանալ կյանքի ամեն ակնթարթով, երբեք չկենտրոնանալ մանրուքների վրա: Ես սովորություն ունեմ ներսս կուտակված «աղբը» օրը մի քանի անգամ թափել դուրս: Չեմ սիրում, երբ շաբաթներով կուտակում են ներսի «աղբը», զգում են, որ «փտել» է, եւ հետո միայն դուրս են թափում, քանի որ հոտն անտանելի է արդեն:
– Տղամարդկանց նկատմամբ ատելության պատճառն ո՞վ է կամ ի՞նչն է հանդիսացել:
– Երբ հետեւում եմ տղամարդկանց վարվելակերպին, հիասթափություն եմ ապրում: Թասիբ, սկզբունք գոյություն չունի: Ինչպե՞ս է այսօր տղամարդը վերաբերվում կնոջը: Սարսափելի: Տղամարդու որակն ընկել է: Այսօր տղամարդու տեսակը փոքրացել է այնքան, որ վախենում ես պատահմամբ տրորել:
– Միգուցե Դո՞ւք եք շատ մեծացել:
– Ո՛չ… Իհարկե, նաեւ հոյակապ տղամարդիկ կան: Սակայն ամենահոյակապ տղամարդու մեջ անգամ ներքին «խավարասեր» է ապրում:
– Ձեր ղեկավարած «հիմնարկում» աշխատող տղամարդկանց չի՞ նյարդայնացնում, որ իրենց «շեֆը» կին է:
– Երբեք: Ինձ մոտ աշխատող տղամարդիկ բոլորը հասուն, խելացի անձնավորություններ են: Բացի այդ, ես միշտ ասել եմ, որ իմ աշխատակազմի հետ երբեք «ուղղահայաց» հարաբերություններ չեմ ստեղծում: Միայն «հորիզոնական»՝ հավասարը հավասարի հետ: Ֆեոդալատիրական կարգերի դարաշրջանը շատ վաղուց է անցել:
– Ձեզանից հզոր էներգիա է հորդում: Այդ նույն էներգիան չի՞ վանում ձեզանից տղամարդկանց:
– Երեւի վանում է, քանի որ ընդհանուր առմամբ միայնակ եմ: Ես տղամարդկանց միշտ ասում եմ, որ նրանք պետք է ճիշտ ժամանակին փախչեն ինձանից: Ինձ հետ հետաքրքիր է, բայց՝ դժվար:
– Հետաքրքրում եք որպես ընկե՞ր միայն:
– Ոչ միայն` իբրեւ ընկեր: Նաեւ՝ որպես կին: Հետո ես նրանց համար մի տեսակ շատ եմ: Իսկ տղամարդիկ սիրում են, որ կինը լինի չափաբաժիններով: Ի դեպ, չափաբաժիններն իրենք են որոշում: Օրինակ, հայ տղամարդիկ մեծամասամբ ինչպիսի՞ կանանց հետ են ամուսնանում:
– Ինչ տեսակի հետ էլ ամուսնանան, միեւնույն է` մեծամասամբ փորձում են փոխել նրան: Հաջողվո՞ւմ է, թե՞ ոչ, դա արդեն հարցի մյուս կողմն է:
– Այո: Բայց մինչ ձեւափոխելն ընտրում են հանգիստ, առանց հիստերիայի, մամային սիրող, խոհանոցում գլուխ հանող կնոջ… Այլ կերպ ասած, որ իրենց կյանքը չդժվարանա:
– Իսկ կա՞ մեկը, ով հոժարակամ կձգտի բարդացնել սեփական կյանքը:
– Համաձայն եմ, որ նորմալ է: Սակայն, երբ հայտնվում է իրենց պատկերացումներից դուրս մի կին, նրանք խուճապի են մատնվում: Նման կնոջ հետ ապրելը հավասարազոր է երկրաշարժի, ատոմային պատերազմի: Ամեն օր ցնցումների մեջ են հայտնվում: Այդ է պատճառը, որ ես այլեւս ամուսնանալու պլաններ չունեմ, ի դեպ, շատ վաղուց: Ես ինձ շատ լավ եմ զգում այն «կետում», որտեղ գտնվում եմ:
– Միգուցե այդպիսով Ձեզ համար պաշտպանիչ դիմա՞կ եք հորինել:
– Ես շատ վաղուց դիմակներով չեմ խաղում: Երբ ամուսնացած կանայք ինձ հետ շարունակ ամուսնական կյանքի դժվարություններից են խոսում, ես նրանց ասում եմ` տեսնո՞ւմ եք՝ որքա՜ն խնդիրներ ունեք: Իսկ ես չունեմ:
– Չէ՞ որ անգամ ամենաուժեղ կինն է երբեմն ուզում իրեն թույլ տալ լինել թույլ:
– Իհարկե, ես էլ կին եմ: Լինում են պահեր, երբ զգում եմ այդ ամուր թիկունք ասվածի բացակայությունը: Ուզում ես հենվել քեզանից ուժեղ մեկի ամուր ուսին ու հասկանում ես, որ այն պարզապես չկա: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ բոլորն ուզում են իմ ուսին հենվել:
– Ասացիք, որ կյանքին նայում եք թեթեւ` ձգտելով ավելորդ լարվածություն եւ բարդություններ չստեղծել… Միգուցե տղամարդկանց հետ իրականում ստեղծո՞ւմ եք այդ բարդությունները:
– Բարդություն առաջացնում եմ այնքանով, որքանով, որ դուք նշեցիք: Բոլոր տղամարդիկ փորձում են ինձ փոխել: Բացի փոխելու փորձերից` նրանք սկսում են կնոջը կոտրել, նախանձել, ձգտում են ցույց տալ, որ ավելի լավն են, քան դու ես… Սկսում են ինքնահաստատվելու փորձեր անել: Եթե նա, ինչպես եւ կինը, բիզնես ունի, սկսում է մրցել: Իսկ եթե երկարատեւ փորձերից հետո ոչինչ չի ստացվում, զայրանում են, եւ` վերջ ամեն ինչին:
– Ավելի քան 12 տարի ղեկավարում եք ռադիո «Վանը»: Որքանո՞վ է եկամտաբեր այս բիզնեսը Ձեզ համար:
– Իհա՛րկե եկամտաբեր է: Բայց այդ եկամտաբերությունը պահանջում է ամենօրյա աշխատանք: Ոչ եկամտաբեր գործ չկա: Կա վատ աշխատող:
– Ճգնաժամը որեւէ կերպ ազդե՞լ է Ձեր եւ աշխատակիցների աշխատավարձի եւ նյարդային համակարգի վրա:
– Ոչ: Մենք չեն իջեցրել աշխատավարձերը, որեւէ մեկը չի լքել իր աշխատավայրը: Ճիշտ հակառակը: Հասկանալով, որ գնաճն աննորմալ տեմպերի է հասնում, եւ, որ մարդիկ պետք է իրենց տունը պահեն, անգամ աշխատավարձ եմ բարձրացրել:
– Եղավ մի շրջան, երբ Ձեր ռադիոկայանը ոչ միայն լսում, այլեւ դիտում էին՝ բառիս բուն իմաստով: Ստեղծվել էր ռադիո «Վանի» հեռուստատարբերակը, որն ասես «reality show» լիներ:
– Մտահղացումը մերն էր: Միշտ ասում էի, որ եթե տեսախցիկներ տեղադրենք մեր ռադիոյում եւ առանց որեւէ բեմադրության նկարահանենք այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ, պատրաստի ֆիլմ կստացվի: Մենք հենց այդպես էլ գրեթե անում էինք: Դա համընկավ Հայաստանում սերիալային բումի հետ: Ստացվեց ռադիոյի աշխարհի մասին պատմող սերիալ, որը նկարահանում էր իմ դուստրը: Այն ընդհատվեց, քանի որ Աննան մեկնեց Մոսկվա՝ սովորելու:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն ծնողներին, ովքեր վախենում են իրենց երեխաներին «փեշից կտրել», ինչ մնաց` թույլ տան արտերկրում սովորել:
– Ատում եմ, երբ ասում են` ապրում եմ երեխաներիս համար: Եթե բացենք այդ արտահայտության փակագծերը, ստացվում է, որ Աստծո կողմից ինձ բաժին հասած իմ կյանքը ես փռում եմ երեխաներիս ոտքերի տակ: Ո՞վ է ասել, որ ունենք այդ իրավունքը: Ես ապրում եմ երեխաներիս հետ միասին, ապրում եմ եւ ուրախանում կյանքով: Եթե ծնողը սիրում է իր երեխային` պետք է ազատ թողնի նրան: Երեխաներին մենք ունենում ենք ոչ թե մեզ համար, այլ իրենց կյանք ենք տալիս: Նրանք ունեն իրենց կյանքն իրենց ուզածի պես ապրելու իրավունք:
– Որտեղի՞ց են Ձեր «ազատ թեւերը»:
– Օդեսայից: Մինչ Հայաստան մեկնելը ես 12 տարի ապրել եմ Օդեսայում:
– 12 տարին բավարա՞ր էր՝ հետագա ամբողջ կյանքում ազատության զգացողությունը չկորցնելու համար:
– Մայրիկիս գեներն են: Ես հոյակապ մանկություն եմ ունեցել: Երբ մարդն ազատ ու երջանիկ մանկություն է ունենում, նա հեշտ է հաղթահարում կյանքի հետագա դժվարությունները: Հեշտ է գտնում կյանքում իր տեղը:
– Դուք ունեք եւ՛ որդի, եւ՛ դուստր: Պատկերացնո՞ւմ եք Ձեզ` սկեսրոջ եւ զոքանչի դերում:
– Վայ, հեռու ինձանից… Իրենք թող ամուսնանան, ապրեն առանձին: Հյուր կգան միայն նախապես «գրանցվելով»: Երիտասարդները պետք է առանձին ապրեն: Ինքնուրույն հասկանան իրենց ճիշտն ու սխալը:
– Ձեր ամուսնալուծության պատճառը կասե՞ք:
– Դավաճանություն: Ինձ դավաճանել էին, երբ ես 7 ամսական հղի էի երկրորդ երեխայով: Ասացի, որ չեմ կարող ապրել դավաճանի հետ, եւ վերջ: Հետո նա երկար փորձում էր մեզ ետ բերել, բայց ամեն ինչ արդեն վաղուց վերջացած էր: Անցած փուլ է: