Ռուս գործարար Միխայիլ Պրոխորովը մտադիր է սեփական կապիտալից 100 մլն դոլար ծախսել «Արդար գործ» նորաստեղծ կուսակցության նախընտրական քարոզարշավի համար, որի նախագահն է դարձել շաբաթ օրը:
Վկայակոչելով ռուս միլիարդատիրոջ շրջապատի աղբյուրները` «The New Times» պարբերականը գրել է, որ նույնքան գումար էլ նա հույս ունի հավաքել գործարար շրջապատի իր գործընկերներից: Հիշեցնենք, որ դեռ մայիսին ռուսական «Վեդոմոստի» թերթը գրել էր, թե Պրոխորովը գործարար Սուլեյման Քերիմովին առաջարկել է ընդգրկվել «Արդար գործի» նախընտրական ցուցակում: «Սենատորը լսել է, որ Պրոխորովը մտադիր է կուսակցություն հրավիրել համեմատաբար երիտասարդ, հաջողակ եւ, այսպես կոչված, ինտելեկտուալ գործարարների»,- երեկ գրել է «The New Times»-ը` մասնավորեցնելով, որ խոսքը «Yandex»-ի եւ «Կասպերսկիի լաբորատորիայի» գլխավոր տնօրեններ Արկադի Վոլոժայի ու Եվգենի Կասպերսկիի մասին է: