Մեխակ դաշտային
Հնում համարվել է` «Եթե ժամադրության գնալիս բերանում կամ գրպանում պահես մեխակի տերեւ, ապա հաստատապես կշահես դիմացինիդ սերը եւ հարգանքը»։ Հավանաբար այդ է պատճառը, որ Հին Հունաստանում սիրահարված զույգերը նվիրել են մեկմեկու «աստվածային, սիրո ծաղիկ» մեխակը։
Մեխակազգիների ընտանիքն ընդգրկում է ավելի քան 2000 ենթատեսակներ, որոնք հանդիպում են Երկիր մոլորակի կլիմայական բոլոր գոտիներում` Անտարկտիդա, անապատներ, տունդրա, ալպյան գոտիներ, անտառներ։ Հիմալայան լեռներում 6000 մետր բարձրության վրա աճում է Վեներա աստվածուհու խորհրդանիշը` աստղային մեխակը։
Մեխակազգիների ընտանիքի դեկորատիվ Dianthus caryophyllus-մեխակ պարտեզայինի առաջին նմուշները ստացվել են Ֆրանսիայում։ Կա նաեւ կարծիք, որ ժամանակակից պարտեզային մեխակների նախահայրը ստացվել է բնության մեջ հանդիպող երկու տեսակների խաչաձեւումից եւ ներկայացվել է Բրիտանական գիտական ընկերության դատին 1717թ. Լոնդոնում։
Մեխակ դաշտայինը (դաշտամեխակ) Dianthus deltoides մեխակազգիների-caryophyllaceae ընտանիքի Dianthus ենթաընտանիքի բույս է, որն ընդգրկում է ավելի քան 350 տեսակ։ Այս ընտանիքի հայրենիքն է համարվում Հարավային Եվրոպան, հատկապես ժամանակակից Հունաստանի, Ալբանիայի, Հարավ Սլավոնական երկրների տարածքները։ Dianthus praecox, D.glacialis տեսակները հաճախ են հանդիպում լեռներում, չոր մարգագետիններում, D.barbatus տեսակը լայնորեն մշակվում է պարտեզներում։
Dianthus ենթաընտանիքի միակ խոնավասեր տեսակը superbus մեխակն է, որի ծաղկաթերթերը խիստ ծոփերիզավոր են, ունեն նուրբ բուրմունք։
Դաշտամեխակը մինչեւ 40 սմ հասնող բազմամյա բույս է։ Կոճղարմատը բարակ է, սողացող, ճյուղավորվող։ Բույսը ունի կարճ, ոչ ծաղկակիր եւ երկար, ուղղաձիգ ծաղկակիր ցողուններ։ Ցողունը վերին մասում կազմում է եղանաձեւ ճյուղավորումներ, որոնց վրա նստած են սակավաթիվ, գծային-նշտարաձեւ տերեւները։ Ցողունը եւ տերեւի ստորին հատվածը թույլ թավշապատ են։ Ոչ ծաղկակիր ցողունները խիստ տերեւապատ են, ձմեռող, գարնան վերջում չորանում են։
Ծաղիկները կարմիր են, երբեմն` բաց-մորեգույն, կարմիր պուտերով։ Երկսեռ են, որպես օրենք` միայնակ (երբեմն` 2-3 հատ)։ Ծաղկաբաժակը երկարավուն է, մինչեւ կեսը պատված թեփուկներով, ծաղկեպսակները հինգն են, առէջքները` տասը։ Պտուղը երկարավուն տուփիկ է, սերմերը բազմաթիվ են, տափակ, օվալաձեւ, սեւ գույնի։ Դաշտամեխակը հանդիպում է անտառների մոտակայքում, բացատներում, ոչ խոնավ մարգագետիններում։
Զգուշացեք նմանակից
Արջնդեղ թունավորը – Agrostemma githago, մեխակազգիների ընտանիքին պատկանող մոլախոտ է։ Արտաքնապես այն նման է դաշտամեխակին, տարբերվում է ծաղկաթերթերի եզրային ձեւով (ոչ սղոցաձեւ) բարձրությամբ` գրեթե 1 մետր, խորը թափանցող արմատով, պատված է բարակ, երկար մազմզուկներով։ Բույսի սերմերը խիստ վտանգավոր են տնային կենդանիների համար, մարդու մոտ առաջացնում են սուր ալերգիկ ռեակցիա եւ լուծ։ Արջնդեղի սերմերի 5 տոկոս պարունակությունը ալյուրի մեջ վտանգավոր է։ Հին ժամանակների գրքերում, հատկապես Աստվածաշնչում գրված է, որ պետք է մաքրել ցորենը այլ սերմերից։ Զավեշտալի է այն, որ արջնդեղը շատ գեղեցիկ բույս է, սակայն չի մշակվում, քանի որ հեշտությամբ կարող է տարածվել եւ աղտոտել ցորենազգիների դաշտերը։ Հնում այն օգտագործել են տոնական պսակների (stemma) մեջ։
Բուժական նպատակներով ծաղկման շրջանում հավաքում են դաշտամեխակի խոտը։ Բույսն օգտագործվում է միայն ժողովրդական բժշկության մեջ։ Պարունակում է ասկորբինաթթու, ֆլավոններ, կումարին, սապոնին, ալկալոիդներ, ստերոիդներ։
Դաշտամեխակը ունի արյունարգել, հակաբորբոքային, ցավազրկող, հականեխիչ, կապող, միզամուղ հատկություններ։
Կիրառում են սրտի աշխատանքի արագացման, արգանդային արյունահոսության, ռեւմատիզմի դեպքում։
Բույսն ունի հանգստացնող հատկություն, խորհուրդ է տրվում նյարդային գրգռվածության դեպքում։
Դաշտամեխակը չունի թունավոր ազդեցություն, սակայն պետք է պահպանել դեղատոմսերում նշված չափաբաժինները։
Դեղատոմսեր դաշտամեխակով
Մարսողության կարգավորման համար. Խառնեք մանրացրած դաշտամեխակի ծաղիկը, դաղձի տերեւը, բեկտենու կեղեւը, անիսոնի պտուղը (4։4։3։2), 2 թ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք քնելուց առաջ։
Հոդացավերի դեպքում. 1 ճ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 2 ժամ, քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ։
Ստամոքսաբորբի դեպքում. Մանրացրեք մեկ ճ/գ դաշտամեխակի ցողունը, ավելացրեք 5 ճ/գ ձիթապտղի կամ արեւածաղկի յուղ, թրմեք 14 օր, պարբերաբար թափահարեք, քամեք։ Խմեք 5-ական կաթիլ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց մեկ ժամ հետո։
Արգանդային արյունահոսության դեպքում.
– Խառնեք մեկական ճ/գ հազարատերեւուկ, ճնճղապաշարի (capsella bursa-pactoris), մեխակ դաշտայինի խոտերը, ավելացրեք 1 լիտր եռջուր, թրմեք 1 ժամ։ Խմեք 150-ական մլ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։
– Մանրացրեք դաշտամեխակի խոտը, 1 ճ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 1 ժամ ճենապակե տարայում (փակ վիճակում)։ Քամեք, բաժանեք 3-4 մասի, խմեք սնունդ ընդունելուց 15-20 րոպե առաջ կամ 1 ժամ հետո։
Բուժման ժամկետը` 10-30 օր։ Օրվա ընթացքում թուրմը պահեք մութ տեղում։ Սառնարանում պահելու դեպքում` 2 օրից ոչ ավելի։
Դաշտանային ցիկլի խանգարման դեպքում. 60 գ դաշտամեխակի խոտին ավելացրեք 1 լ օղի, թրմեք 14 օր, հաճախակի թափահարեք։ Քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ` 50 մլ ջրի հետ։ Շարունակեք 20-25 օր։