ՀՀ տնային տնտեսությունների ընդամենը 29.4%-ն է դրական գնահատում ՀՀ ներկայիս տնտեսական վիճակը։ Այդ մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված «Սպառողների վստահության ինդեքս» անունով փաստաթղթում։ Մյուս կողմից, նախորդ տարվա համեմատ տնտեսությունը դրական գնահատողների թիվն աճել է (2010թ. երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը 28.8% էր)։ Սպառողների վստահության ինդեքսը, ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ, աճել է 1.3%-ով։ Ընթացիկ պայմանների ենթաինդեքսը 2011թ. երկրորդ եռամսյակում 4.3%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ինդեքսը։ Իսկ ապագա պայմանների ինդեքսը նվազել է 0.6%-ով։ Մասնավորապես, գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու ակնկալիք ունեցող մարդկանց թիվն ավելացել է 1.2%-ով։ 0.2%-ով ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր ակնկալում են գալիք եռամսյակում ավելի շատ եկամուտներ ունենալ։ Իսկ զբաղվածության հարցում լավատեսությունը նվազել է. դրական փոփոխություններ ակնկալում է հարցված տնային տնտեսությունների 55.1%-ը, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 57%։