Վճռականորեն

25/06/2011

ԱՄՆ-ը շարունակելու է համագործակցել Թուրքիայի հետ եւ աջակցել այդ երկրի` Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին: Այդ մասին Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտում կազմակերպված ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Վերշբոուն: «Մենք վճռականորեն աջակցում ենք Թուրքիա-Հայաստան մերձեցման գործընթացին, ինչպես նաեւ` տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասել է նա: Ֆորումում ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը, ով ընդգծել է, որ Թուրքիայի համար առաջնահերթություն է Հարավային Կովկասում եւ հարեւան այլ տարածաշրջաններում առկա հակամարտությունների կարգավորումը: Քալընն ասել է, թե Անկարան հուսով է, որ Հարավային Կովկասում դիվանագիտական ակտիվությունը կհանգեցնի ղարաբաղյան հիմնախնդրում կոնկրետ զարգացումների, ինչն էլ իր հերթին` կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: