«Մենք թատրոնի, բանակցողների, երկիշխանության ձեւ թափելու պահանջ չունենք»,- երեկ ՀՀ կառավարության Նիստերի դահլիճում մեկնարկած ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նաեւ պարզաբանել է, թե ինչու չեն ընդդիմության հետ միասնական ճակատ ձեւավորում. «Մի ուրիշ բանում էլ են մեզ մեղադրում. ինչո՞ւ ընդդիմությունը միասնական չէ, ինչո՞ւ միասնական ճակատ չի ձեւավորվում: Միանանք, որ ի՞նչ լինի: Միանանք, Սերժ Սարգսյանին փոխարինենք Լեւոն Տեր-Պետրոսյանո՞վ: Որ վերադառնան ներազգային անհանդուրժողականության, ցինիզմի, ազգային հարցերում զիջելու պատրաստ մթնոլորտն ու տարինե՞րը: Որ ընդամենը անձն անձով փոխարինվի՞: Ուզում են պարտադրել` Ս. Սարգսյան կամ Լ. Տեր-Պետրոսյան: Ո՞րն է նրանց տարբերությունը, իսկ եթե կա տարբերություն, որ կա` ո՞ւմ օգտին է այն: Եվ վերջապես, ինչո՞ւ ենք հարկադրված ընտրություն կատարել այս համեմատության մեջ: Այնուամենայնիվ, այստեղ տեղին եմ համարում հայտարարել, որ ցանկացած հարցով պատրաստ ենք գործակցելու ցանկացած ուժի հետ, եթե հստակ է նպատակը, օրակարգը, գործելաոճը եւ ղեկավարման բնույթը: Ազգային հարցերի առումով մենք հստակ հեռավորության վրա ենք գործող իշխանություններից եւ ավելի մեծ հեռավորության` ծայրահեղ ընդդիմությունից»: