ՀԱԿ-ը «գյալաջիի» ցանկություն չունի

25/06/2011

«Մեր պատասխանը երկխոսության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը կհնչի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում` հունիսի 30-ի հանրահավաքում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա ասել է, որ երկխոսության թեմային Սերժ Սարգսյանի անդրադարձից հետո ՀԱԿ-ում եղել են քննարկումներ, հրավիրվել է կենտրոնական շտաբի արտահերթ նիստ, տարածքային կառույցների հետ խորհրդակցություն, քաղխորհրդի նիստ: Այնուհետեւ նա ՀԱԿ-ի անունից «լրջության վեց կոչ» է ուղղել իշխանություններին: Մասնավորապես, ՀԱԿ-ը կոչ է անում դադարեցնել Կոնգրեսի նկատմամբ տեղեկատվական շրջափակումը, քանի որ, Զուրաբյանի խոսքերով, իրենք դեռեւս հեռուստաեթերում ներկայացված լինելու խնդիր ունեն: Բացի այդ, ՀԱԿ-ը կոչ է անում իշխանություններին` դադարեցնել հանրահավաքների օրը իրականացվող տրանսպորտային շրջափակումը, հակառակ դեպքում` սպառնալով դատական հայց ներկայացնել «տրանսպորտային երթեւեկությունը կազմակերպող գործակալության դեմ»: ՀԱԿ-ը նաեւ կոչ է անում ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը` դադարեցնել Կոնգրեսի վարկաբեկման նպատակով կեղծ տեղեկատվության տարածումը: Ըստ Զուրաբյանի` տարածվում են այնպիսի կեղծ տեղեկություններ, թե Կոնգրեսի եւ իշխանության միջեւ տեղի ունեցողը խաղ է, ՀԱԿ-ի հետ կան պայմանավորվածություններ, տարածվում են անգամ «այնպիսի ախմախ լուրեր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է դառնալ ԱԺ նախագահ, կամ Կոնգրեսին քսան տեղ են խոստացել Ազգային ժողովում»: «Հստակ տեղեկություններ ունենք, որ այդ կեղծ տեղեկությունների տարածումն արվում է Ոստիկանության եւ ԱԱԾ մարմինների կողմից»,- հայտարարել է նա: ՀԱԿ-ն իշխանություններին կոչ է անում նաեւ կիսաքայլերից անցնել երկխոսության` ձեւավորելով լիարժեք ձեւաչափ: «Ինքնանպատակ երկխոսություն հանուն երկխոսության չի լինելու. երկխոսությունը պետք է լինի արդյունավետ, որի արդյունքում պետք է Հայաստանի համար բախտորոշ, կարեւորագույն համաձայնություններ ձեռք բերվեն»,- ասել է Զուրաբյանն` ավելացնելով, որ երկխոսության այս գործընթացը, այդ թվում` ձեւաչափի ճշտումը, չի կարող երկար տեւել, եթե չբերի շոշափելի արդյունքների: ՀԱԿ-ը երկխոսության գործընթացից ակնկալում է համակարգային փոփոխություններ, որոնք թույլ կտան օր առաջ ձեւավորել լեգիտիմ իշխանություններ: Նա անդրադարձել է նաեւ Սերժ Սարգսյանի` ԵԽ ԽՎ-ում ունեցած ելույթին: Մասնավորապես պատասխանելով հարցին, թե ԵԽ ԽՎ-ում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրության անհրաժեշտություն չի տեսնում, Լ. Զուրաբյանն ասել է. «մարդն այսօր այդ կարծիքի է, վաղը կարող է այլ կարծիքի լինել»: Լրագրողները նաեւ հարցրել են, թե ինչու Զուրաբյանը արտահերթ ընտրության փոխարեն` օգտագործել է համակարգային փոփոխություններ բառերը: Նա հիշեցրել է, որ ինքը ասել է, որ խոսքը այն համակարգային փոփոխությունների մասին է, որոնք թույլ կտան օր առաջ ձեւավորել լեգիտիմ իշխանություն: Ինչ վերաբերում է երկխոսության վերաբերյալ իշխանությունների արձագանքին, Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե աբսուրդ է իշխանությունների այն մոտեցումը, որ երկխոսությունն ընդունելի է, սակայն բանակցություններն անընդունելի են: «Բանակցությունը ընդամենը երկխոսության ձեւ է: Բայց «բանակցություն» բառից նրանք վախենում են, որովհետեւ բանակցությունը մի գործընթաց է, որն ուղղված է պայմանավորվածությունների ձեռքբերմանը: Բանակցության վերջում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ, կամ դրանք պետք է ձախողվեն,- ասել է նա` ավելացնելով,- Նրանք ուզում են, ինչպես իրենք են ասում, երկխոսել, նրանք ընդամենը ուզում են կազմակերպել կարծիքների փոխանակություն, եթե կուզեք` գյալաջի: Մենք գյալաջիի ժամանակ չունենք: Մեզ հետաքրքրում են արդյունքներ, մեզ հետաքրքրում են համակարգային փոփոխություններ, ուստի ուղղակի գնալ հանդիպել մարդկանց հետ ու նրանց հետ գյալաջի անել, վստահ եղեք, որ մենք գյալաջիի համար շատ ավելի հետաքրքիր շրջապատ ունենք»: