Կազանը խորացրեց անորոշությունը

25/06/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ երեկոյան Կազանում ավելի քան երեքուկես ժամ տեւած քննարկումից հետո Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել:

«Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպեցին 2011թ. հուլիսի 24-ին Կազանում եւ քննարկեցին աշխատանքների ընթացքը, որոնք անցկացվել են նրանց հանձնարարությամբ` ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծերը համաձայնեցնելու նպատակով: Երկրների ղեկավարները արձանագրել են, որ մի շարք հարցերում հասել են փոխըմբռնման, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն»,- նշված է հայտարարության մեջ:

Եվ այս հայտարարության կարճ ու առաջին հայացքից` գրեթե ոչինչ չասող տեքստից հասկանալի է դառնում, որ նախապես 2 ժամ պլանավորված, բայց կրկնակի երկար տեւած քննարկումն անցել է բավականին լարված մթնոլորտում: Ամեն դեպքում այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ երեկ Կազանում կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Դա թերեւս սպասելի էր նաեւ նախօրեին «Euronews»-ին Ս.Սարգսյանի եւ Ի.Ալիեւի տված հարցազրույցներից: Ի.Ալիեւն ասել էր, թե իրականում իրենք մտադիր չեն որեւէ բան առաջարկել նրա դիմաց, ինչը պատկանում է իրենց: «ԼՂ-ն դարեր ի վեր պատկանել է Ադրբեջանին, դա միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածք է: Մենք պատրաստ ենք ԼՂ բնակիչներին եւ այնտեղ վերադարձողներին տրամադրել ամենալայն ինքնավարության երաշխիքներ, ինչը հնարավոր է միայն խաղաղության դեպքում»,- ասել էր Ալիեւը:

Մենք դեմ ենք միակողմանի զիջումներին, մենք կողմ ենք երկկողմանի զիջումներին, նույն օրը նույն հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր Ս.Սարգսյանը: «Եթե Ադրբեջանը չի ընդունում այն սկզբունքները, ապա ինչո՞ւ է ասում, որ Մադրիդյան սկզբունքներն են այն հիմքը, որի վրա պետք է շարունակել բանակցությունները եւ գտնել խնդրի լուծումը: Ինչպես գիտենք, երեք սկզբունքներ կան` զենքի կիրառման կամ դրանով սպառնալու բացառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք: Մադրիդյան սկզբունքներում միայն մեր սկզբունքները չեն գրված: Տարօրինակ է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որի սկզբունքներից մեկը անընդունելի է համարում»,- ասել էր Ս.Սարգսյանը:

Եվ այս` իրար ըստ էության հակասող հայտարարություններից հետո դժվար էր սպասել, որ երեկ Կազանում բեկումնային փաստաթուղթ կամ հայտարարություն կընդունվեր, թեեւ նման սպասումներ էին առաջացնում թե մեկ ամիս առաջ Դովիլում ստորագրված Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը, եւ թե ընդհանրապես դրանից հետո ամեն օր եւ օրը մի քանի անգամ ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ երկրների, միջազգային կառույցների, տարատեսակ պաշտոնյաների ու փորձագետների հայտարարությունները: Կազանյան հանդիպման նախօրեին Ս.Սարգսյանի ու Ի.Ալիեւի հետ հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ս.Սարգսյանին ուղերձ էր հղել: Եվ այդ բոլոր խոսակցությունների ու հայտարարությունների մեջ կարեւորվել է կազանյան հանդիպումն ու հավանական առաջընթացը: Եվ այդ բոլոր հայտարարությունները թեեւ դիվանագիտական նուրբ կամ ցանկություն արտահայտող տոնով էին ձեւակերպված, սակայն դիտարկվում էին որպես հակամարտող կողմերին ուղղված բավականին մեծ ճնշում: Երեկ ողջ օրը նույնպես միջազգային մամուլը կանխատեսում էր, թե ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հետ կապված փաստաթուղթ է ստորագրվելու: «Ստորագրվելու է մի փաստաթուղթ, որը պարունակում է արդեն 20 տարի չլուծված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ: Սրա հիմքում ընկած են լինելու Մադրիդում 2007 թ. ԵԱՀԿ-ի կողմից ներկայացված կարգավորման սկզբունքները, որոնք նախկինում մերժվել էին Բաքվի եւ Երեւանի կողմից»,- երեկ գրել էր ռուսական «Կոմերսանտը»` մեջբերելով ՌԴ ԱԳՆ իր աղբյուրի մեկնաբանությունը, թե «հաջողությանն այսքան մոտ մենք դեռ երբեք չէինք եղել»:

Ռուսական լրատվամիջոցները նաեւ գրել էին, թե Կազանում 14 կետից բաղկացած փաստաթուղթ է ստորագրվելու, եւ այլն: Հիշեցնենք, որ ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքներն են բաղկացած 14 կետից: Եվ այդքան սպասումներից հետո էլ երեկվա բավականին երկար, ենթադրվում է` նաեւ լարված հանդիպումը, բայց արդյունքում այս շատ կարճ հայտարարությունը տպավորություն է ստեղծում, որ քննարկման ընթացքում մեծ ճիգով փորձ է արվել փրկել գոնե դրական սպասումները եւ կամ թույլ չտալ բանակցությունների ձախողում: Ամենայն հավանականությամբ, ներկայացված փաստաթղթին դեմ է եղել Ադրբեջանը: Հայկական կողմը միշտ հայտարարել է, որ կողմ է ԼՂ կարգավորման հիմքում ընկած Մադրիդյան սկզբունքներին: Իսկ այս ողջ ամսվա ընթացքում հայտարարություններ էին հնչում, թե Կազանում Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացվելու էր հիմնարար սկզբունքների այն տարբերակը, որի շուրջ հունիսի 11-ին բանակցել են նաեւ երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը:

Սակայն, մյուս կողմից, «Երկրների ղեկավարներն արձանագրել են, որ մի շարք հարցերում հասել են փոխըմբռնման, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն» ձեւակերպումը ենթադրելու տեղիք է տալիս, թե, իսկապես, դիրքորոշումների մոտեցում են արձանագրել: Հիշեցնենք, որ մինչ այս հայտարարություն եղավ, թե ընդամենը մի քանի հարց է մնացել համաձայնեցնելու, ու կարելի է ենթադրել, թե երեկ կողմերը հենց այդ հարցերում են եկել փոխըմբռնման: Պարզապես դժվար թե եռակողմ հանդիպման ժամանակ ընդունվեր ավելի հիմնարար փաստաթուղթ: Չէ՞ որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբում, Ռուսաստանից բացի, կան նաեւ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, առանց որոնց գուցե բեկումնային փաստաթուղթ չէր ընդունվի: Եվ եթե, իսկապես, կողմերը մի շարք հարցերում հասել են փոխըմբռնման եւ դրանց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, ապա ակնկալվում է, որ առաջիկայում կլինեն արդեն Մինսկի խմբի ողջ ֆորմատով հանդիպումներ:

Ամեն դեպքում, Կազանում արված հայտարարությունն այնքան անորոշ է, որ կարելի է երկու հակադիր եզրակացություններ անել: «Ես հասկանում եմ այնպես, որ այս հայտարարությունից չի բխում, որ ձախողված են մասնակցությունները, հակառակը, խոսվում է որոշակի առաջընթացի մասին, որ համաձայնեցված են մի քանի դրույթներ: Ես կարծում եմ, որ սա ինչ-որ մի միջանկյալ հանգրվան է, եւ իրադարձությունները դեռ առջեւում են: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ կնճիռը բավականին խորն է, եւ հարցը` բարդ: Բայց հարցը գնում է առաջ: Թվում է, որ սա ոչինչ չասող հերթապահ հայտարարություն է, բայց ես որոշակի շեշտադրումներ տեսնում եմ: Փուլային է ընթանում այս պրոցեսը: Դիվանագիտությունը ոչ միայն միտք է արտահայտում, այլ նաեւ թաքցնում է մտքերը»,- Կազանում ընդունված հայտարարությունն այսպես մեկնաբանեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կարծում է, որ երեկվա հայտարարությունը պարզապես փորձ էր հանդիպումը փրկելու համար: «Հասկացան, որ համաձայնել են, որ կան մի շարք խնդիրներ, եւ ճշտել են այդ խնդիրները, որոնց շուրջ տակավին չեն համաձայնել: Իսկ այն ակնկալիքը, որ որոշ շրջանակներ սերմանում էին մթնոլորտի ստեղծման համար, փաստորեն չիրականացավ: Ես կարծում եմ, որ շատ հստակ Ադրբեջանի կեցվածքի պատճառով: Իրենց հրապարակային կեցվածքը փոփոխության նշույլ իսկ ցույց չէր տալիս»,- ասում է Կ.Մանոյանը:

Նախագահների հանդիպումից հետո Է.Նալբանդյանն ու Է.Մամեդյարովն այսօր Կազանում պետք է հանդիպեն Մինսկի խմբի համանախագահների հետ: Դրանից հետո հավանաբար ավելի ընդարձակ հայտարարություններ կհնչեն, որից որոշակիորեն պարզ կդառնա, թե ինչ քննարկում է տեղի ունեցել, եւ ինչ հարցերի շուրջ են համաձայնության եկել, կամ ոչ: