Տասը տարի անց

25/06/2011

1998-2008թթ. Հայաստանում կատարված իրադարձությունների, ձեռքբերումների ու կորուստների մասին ընդհանրական, ամփոփիչ գնահատականներ դեռեւս չեն տրվել:

Իհարկե, այսօր էլ հնչում են այդ տարիներին վերաբերող հիմնականում հատվածական` առավելապես բացասական գնահատականներ, որոնց լույսի ներքո արձանագրված ձեռքբերումների մասին գրեթե չի խոսվում: Մինչդեռ այդ տարիներին, բացի բացասական գործընթացներից, տեղի են ունեցել մի շարք կարեւոր գործընթացներ, որոնց արդյունքում հաջողվել է հաղթահարել ժամանակի մարտահրավերները:

1990-ականների վերջին Հայաստանի առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերները մի քանիսն էին` անվտանգության ապահովում, սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարում, ժողովրդավարական անցում եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակում:

Անվտանգության առումով, կարծես, ամեն ինչ հստակ է: Առաջնային խնդիրը` թե այդ ժամանակ եւ թե դրանից առաջ եւ հետո, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցն էր: Թե ինչ ունեինք 1998-ից առաջ եւ ինչ ունեցանք հետո` այդ մասին շատ է խոսվել: Գնահատականներ տալն այս հարցի վերաբերյալ դեռ վաղ է: Պատճառը` խնդրի կարգավորված չլինելն է: Բայց ընթացիկ մեկ արձանագրում, այնուամենայնիվ, կարելի է անել. Լիսաբոնի 1996թ. հայտնի գագաթաժողովից հետո Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին հայկական կողմին հաջողվեց միջազգային հանրության մոտ հիմնավորել այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելն անհնար է:

Անվտանգության առումով ղարաբաղյան բանակցային գործընթացից նշված ժամանակահատվածում ոչ պակաս կարեւոր գործոն էր հայ-ադրբեջանական ռազմա-քաղաքական հավասարակշռության պահպանումը: Միջազգային խաղաղության հետազոտությունների Ստոկհոլմի ինստիտուտի (SIPRI) տվյալներով` 1998-2008թթ. Ադրբեջանի 6.7 մլրդ դոլար ռազմական ծախսերի պայմաններում (հաշվարկված է դոլարի 1990թ. հաստատուն փոխարժեքով) Հայաստանը նույն նպատակների համար հատկացրել է 2.1 մլրդ դոլար: Թեեւ ընդհանուր ծավալով այս թվերը համադրելի չեն, բայց նույն աղբյուրի տվյալներով` արտացոլում են պատերազմի շրջանում եղած հարաբերակցությունը, ասել է թե` պահպանվել է հավասարակշռությունը: Բնականաբար, հատկացված միջոցները ծախսվել են ոչ միայն սպառազինությունների ձեռք բերման, բանակի արդիականացման եւ ռազմական բնույթի այլ կարիքների համար, այլեւ` ծառայեցվել են զինվորականների կենսամակարդակի բարձրացմանն ու սոցիալական կարիքներին: Այսպես, 2007-ին ՀՀ ԶՈՒ-ում ծառայող սպաների աշխատավարձի ծավալները 1998-ի համեմատ աճել են 4 անգամ:

Իսկ թե ինչ հաջողությունների է հասել բանակը մարտական պատրաստականության առումով, գնահատականներ կարող են տալ միայն մասնագետները: Բայց մի փաստ տեսանելի է` հենց այս ժամանակահատվածում տեղի ունեցավ ազգային բանակի կորիզի սերնդափոխությունը, համապատասխան պատրաստություն անցած մասնագետներով համալրումը: Արդյունքում` մարտունակ, բայց նվազ պրոֆեսիոնալ բանակն աստիճանաբար դարձավ կուռ, կանոնավոր պետական մի կառույց, որը ոչ միայն արդյունավետ իրացնում է երկրի սահմանները պաշտպանելու իր գործառույթը, այլեւ` աստիճանաբար խորացնում է միջազգային համագործակցությունը:

Անվտանգության ապահովման տեսանկյունից չի կարելի աչքաթող անել միջազգային համագործակցությունը: Եվ հարկ է նշել, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, կոնկրետ` 2004 թվականին, Հայաստանն անդամակցեց ՀԱՊԿ-ին ու, միաժամանակ, խորը համագործակցություն ծավալեց ՆԱՏՕ-ի հետ:

Անցած դարավերջին Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներից կարեւորագույնը, թերեւս, երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակն էր, ցածր կենսամակարդակն ու դրա հետեւանքով շարունակվող արտագաղթը:

Այսպես, եթե Համախառն ներքին արդյունքը 1997թ.-ին մեկ շնչի հաշվով, Համաշխարհային բանկի տվյալներով, կազմում էր մոտ 600 ԱՄՆ դոլար, ապա 2007-ի ցուցանիշներով այն աճել է 5 անգամ` կազմելով 3000 դոլար: Բնականաբար, նույն տեմպով աճել է նաեւ ողջ ՀՆԱ-ն` 1998-ի 1.9 մլրդ դոլարի դիմաց 2007-ին կազմելով 9.2 մլրդ դոլար:

Անշուշտ, կարելի է տարբեր մեկնաբանություններ անել նշված աճի կառուցվածքի, հնարավորությունների ոչ լիարժեք օգտագործման մասին, առանձին քաղաքական ու կառավարչական որոշումների հիմքերի շուրջ եւ այլն: Բայց փաստը մնում է փաստ. Հայաստանին հաջողվեց հաղթահարել գլխավոր մարտահրավերը` որակապես բարձրացնել կենսամակարդակը ու դրանով իսկ կանխել արտագաղթը: Իսկ այս առումով թվերը խոսուն են. 1990-ականների վերջին 100.000-ի հասնող արտաքին միգրացիայի բացասական սալդոն 2007-ին փոխվել էր դրականի:

Սրան գումարած` որակական առաջընթաց էր գրանցվել ծնելիության ոլորտում: 1990-ականների վերջին բնական աճի -0.8% ցուցանիշը 2000-ականների կեսին արդեն փոխվել է դրականի` կազմելով 0.2 տոկոս:

1998-2008թթ. փոփոխությունների դրական միտումներն առկա են եղել հասարակության կենսագործունեության բոլոր բնագավառներում: Համաշխարհային բանկը միանգամայն թափանցիկ տվյալների հսկայական բազա է վարում, որտեղից կարելի է ցանկացած երկրի վերաբերյալ ավելի քան 7000 ինդիկատորներով տեղեկություններ քաղել: Դրանցից գերակշիռ մեծամասնության ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել մարդկային զարգացման համար էական բոլոր բնագավառներում` տնտեսությունից մինչեւ սոցիալական խնդիրներ, առողջապահություն, կրթություն եւ այլն:

Մկրոտնտեսական բազմազան ցուցանիշներն ու տվյալները լայն հանրությանը գուցե ոչինչ չասեն, բայց այն, որ համեմատաբար նվազ գնաճի պայմաններում արձանագրվել է կայուն եկամուտների աճ, ակնհայտ է: Այն, որ 1998-ի 56.1% աղքատության ցուցանիշը 2006-ին արդեն կիսով չափ նվազել ու կազմել է 26.5%, տեսանելի է բոլորին: Ըստ որում` շատ աղքատ բնակչության տեսակարար կշիռը նույն տարիներին 21.0%-ից նվազել է մինչեւ 4.1%-ի:

Այս տարիներին հաջողվեց լուծել նաեւ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած տասնյակ-հազարավոր մարդկանց մեծ մասի բնակարանային հարցերը, այս տարիներին նատուրալիզացվեցին ու ինտեգրվեցին հարյուր-հազարավոր փախստականները: Սրանք լուրջ սոցիալական խնդիրներ էին, որոնց լուծումը թեեւ ոչ բոլորի համար է նկատելի, բայց թերագնահատել չի կարելի:

Նարեկ ԳՐԻԳՈՐՅԱՆ