Երիտասարդական երրորդ տունը

10/11/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Կիրակի օրը բարեգործական յուրօրինակ ակցիա տեղի ունեցավ «Ազատ հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության եւ «SOS մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի միջեւ: «SOS մանկական գյուղերի» տներից մեկի բնակիչներին նվիրաբերվեց 200 գիրք:

Քչերը գիտեն, որ Երեւանի Կենտրոն համայնքի ոչ կենտրոնական վայրում մի շենք կա, որի մի հարկում 18-21 տարեկան 14 ծնողազուրկ երեխաներ են բնակվում: Այդ հարկաբաժինը գրեթե 2 ամիս է, ինչ պատկանում է «SOS մանկական գյուղեր» հայ-ավստրիական կազմակերպությանը, որը Հայաստանում գործում է 1989 թվից եւ զբաղվում է ծնողազուրկ երեխաների խնամակալությամբ: Կազմակերպությունն Աբովյան քաղաքում կառուցել է յուրատեսակ մի գյուղ, որտեղ մինչեւ 14 տարեկան երեխաները կրթվում եւ բնակվում են, այնուհետեւ՝ տեղափոխվում Երեւանում գտնվող «երիտասարդական տներ»: Այդ տները երեքն են, իսկ ակցիան տեղի ունեցավ երրորդ՝ նոր տանը: Վերջինիս ղեկավար Առնակ Գասպարյանի խոսքերով, երեխաների կրթությամբ եւ դաստիարակությամբ զբաղվում են 4 մանկավարժներ եւ խոհարարը, որի հանգստյան օրը երիտասարդներն իրենք են ճաշ պատրաստում:

«Մեր հիմնական նպատակը երեխաներին հնարավորին չափ ինքնուրույն կյանքին նախապատրաստելն է, որպեսզի այս տունը լքելուց հետո կարողանան նորմալ ապրել ու ինտեգրվել հասարակությանը»,- ասում է տան ղեկավարը: Հսկողությունը թեեւ շատ խիստ չէ (երիտասարդներն ազատ ելումուտ են անում, շփումները սահմանափակ չեն), բայց այն հստակ սահմանված է՝ տանը միշտ հերթապահ մանկավարժ է լինում:

Տանը, ընտանեկան մթնոլորտ ստեղծելու նպատակով, հնարավորինս ամեն ինչ արված է: Ի դեպ, հենց երեխաներն էլ զբաղվում են սենյակների մաքրության պահպանմամբ: Մեր այցելության պահին տունը հյուրընկալում էր երիտասարդ մի ֆրանսուհու, ով Հայաստանում կամավոր աշխատում է եւ շփվում ծնողազուրկ երեխաների հետ: Նրա խոսքերով, փոխանակման այսպիսի ծրագրեր գոյություն ունեն արեւելյան ու արեւմտյան Եվրոպայի երկրների միջեւ, եւ Իտալիայում արդեն հայ երիտասարդներ են աշխատում: Արտասահմանցի հյուրը դժվարությամբ էր ֆրանսերեն խոսում, քանի որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում տան բնակիչների հետ անգլերենով էր շփվում, իսկ վերջիններս հասցրել էին նրան հայերեն սովորեցնել: Թեեւ երիտասարդները չուզեցին լուսանկարվել, այնուամենայնիվ, նրանք մեզ հավաստիացրին, որ կյանքն այս տանը բավական ուրախ է անցնում:

Իսկ ինչպե՞ս են երիտասարդները հայտնվում այստեղ: «Մեզ դիմում են տեղական ինքնակառավարման մարմինները: Մենք ունենք սոցիալական բաժնի աշխատող, ով զբաղվում է այդ հարցերով, ստուգում է, թե որքանո՞վ երեխաները կարիք ունեն մեզ մոտ գալու, բարեկամներ ունե՞ն, թե՞ ոչ, որպեսզի հետագայում պրոբլեմներ չծագեն»,- ասում է Ա. Գասպարյանը: Նա ավելացրեց, որ երեք երիտասարդ, որոնց կրթական եւ ֆինանսական հարցերով զբաղվում է կազմակերպությունը, բնակվում են իրենց արյունակցական հարազատների հետ:

Իսկ ինչո՞վ է զբաղվում «Ազատ հասարակություն» կազմակերպությունը եւ ի՞նչ առնչություն ունի երիտասարդական տան հետ: Եռամսյա պատմություն ունեցող այս կազմակերպությունը, որի հիմնադիրները երիտասարդ իրավաբաններ են, զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ: Այն ունի իր ներկայացուցիչները դատարաններում, իրականացնում է խորհրդատվական ծառայություններ եւ ընդհանրապես նպատակ է հետապնդում երիտասարդ հասարակությանն ինտեգրել Հայաստանի օրենսդրության հետ կապված հիմնախնդիրներին եւ դաշտում իրականացվող փոփոխություններին: Այս նպատակով նրանք իրականացնում են բարեգործական ակցիաներ եւ կազմակերպում սեմինարներ: Վերջերս աջակցել են «Երիտասարդ արվեստագետների ակումբ» հասարակական կազմակերպությանը՝ կապված հեղինակային իրավունքների պաշտպանության խնդրի հետ, իսկ Սլավոնական համալսարանում սահմանադրական բարեփոխումների առնչությամբ քննարկում են կազմակերպել: «Այս ակցիայով ցանկանում ենք նպաստել երիտասարդների՝ գիտելիքների ձեռքբերմանն ու աշխարհայացքի ձեւավորմանը»,- ասում է կազմակերպության նախագահ Տիրուհի Նազարեթյանը:

Ի դեպ, տան երիտասարդներից մեկը սովորում է Իրավատնտեսական քոլեջի երկրորդ կուրսում եւ նպատակ ունի ուսումը շարունակել Երեւանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: «Ազատ հասարակության» իրավաբանները երիտասարդին առաջարկեցին իրենց մասնագիտական աջակցությունը: