Հաղորդավարներ Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանը սպասում են իրենց առաջնեկին: Այդ մասին կարող է գլխի ընկնել յուրաքանչյուր ոք, ով հետեւում է Յանայի վարած «Ի՞նչ եփել այսօր» հաղորդաշարին: Ապագա հայրիկը մեզ հետ զրույցում խնդրեց թույլ տալ իրեն տարբերվել մյուսներից եւ անձնական կյանքին չանդրադառնալ: «Պարզապես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր «թերթի են տալիս» սեփական երեխայի լուսանկարները, երբ փոքրիկը դեռ մի քանի օրական է: Այսօր մեր շատ ճանաչված մարդկանց երեխաներն արդեն եթերում են, չնայած դեռ նրանց 40 օրն էլ չի լրացել: Թույլ տվեք տարբերվել մյուսներից եւ երեխայիս ուղղված հարցերին չպատասխանել»,- ասում է Սուրենը: Հարգելով մեր զրուցակցի «գաղտնապահությունը», մենք անդրադարձանք նրա կյանքի ֆինանսական կողմին: Բացի հաղորդում վարելուց եւ սերիալում նկարահանվելուց, Սուրենն, արդեն երկու տարի է, ինչ սեփական բիզնեսն է ղեկավարում: «Ոչ ոք չի կարող ասել, թե միայն հեռուստատեսությունում աշխատելով կարող է իր գլխի ճարը տեսնել: Հատկապես, երբ արդեն ընտանիք ունես: Երկու տարի է, ինչ զբաղվում եմ մեքենաների բիզնեսով՝ ապակիների մգեցում, թյունինգ եւ այլն…»,- ասում է Սուրենը: Որքանո՞վ է եկամտաբեր այդ բիզնեսը, երբ քաղաքի յուրաքանչյուր անկյունում նմանօրինակ ծառայություն են մատուցում: «Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ինձ, իրենց մեքենաներն ինձ մոտ են բերում: Որ ամիսն այդ բիզնեսից եկամուտ չեմ ունենում, բավարարվում եմ միայն այն մտքով, որ սեփական գործ ունեմ: Իսկ երբ այն եկամուտ է բերում՝ կրկնակի եմ լավ զգում»,- ասում է Սուրենը: