Սովորել, սովորել, սովորել…

23/06/2011

Երեկ ԵԽ ԽՎ նիստում ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, անդրադառնալով նաեւ իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմային: Ինչպես եւ սպասվում էր, նա չի կոնկրետացրել, առավել եւս` ՀԱԿ-ի անունը չի հնչեցրել ԵԽ ԽՎ ամբիոնից, այլ ընդհանուր ձեւակերպումներով խոսել է դրա կարեւորության մասին:

«Ներքաղաքական ճգնաժամի որեւէ պահի անգամ Հայաստանի ժողովրդավարական ապագան դույզն-իսկ կասկածի չի ենթարկվել: Այս համոզմունքով է բացատրվում նաեւ վերջին երեք տարիների եւ մասնավորապես վերջին ամիսների ընթացքում երկրում առողջ քաղաքական միջավայրի խթանմանն ուղղված քայլերի տրամաբանությունը: Նման վճռականությունը նաեւ շարունակում է մնալ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման նպատակով բոլոր կառույցների համապարփակ եւ շարունակական բարեփոխումների առանցքը: Մենք սովորում ենք: Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը: Սովորում եւ մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, եւ պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին: Մենք հանդուրժողականություն ենք սովորում եւ երկխոսության մշակույթ ձեւավորում: Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարեւորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել: Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը եւ չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով` փոխել մեր իսկ կայացրած որոշումները: Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով: Ո՛ղջ հասարակությամբ ենք սովորում: Այս դահլիճում` խորը ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրների ներկայացուցիչներիդ համար իմ այս խոսքերը գուցե ինքնին հասկանալի մի բան թվան, բայց, վստահեցնում եմ ձեզ, որ սա իրականում շատ եւ շատ կարեւոր գործընթաց է, որի միջով մենք պարտավոր ենք անցնել, եւ որը մեծ ջանք ու հետեւողականություն է պահանջում: Եվ մենք պատրաստ ենք դրան, ու չենք զլանում ցանկացած առիթ օգտագործել այդ ուղղությամբ քայլ անելու կամ խոսք հնչեցնելու համար»,- ասել է Սերժ Սարգսյանը: ՀԱԿ-ից դեռեւս «քաղաքավարական» պատասխան չի հնչել այս առնչությամբ: