«Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Իլհամ Ալիեւի, Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը: «Խաղաքարտին Հայաստանի բախտն է դրած: Սերժ Սարգսյանը այսօր Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ` ի տարբերություն Ալիեւի: Նա 2-3 անգամ բարձր կարող է խոսել Կազանում: ՀԱԿ-ը մեծ բան է տվել (Ս. Սարգսյանին), ՀԱԿ-ը դա տվեց իր ռեյտինգի հաշվին: ՀԱԿ-ը փաստորեն երկխոսության մեջ մտավ հետը: Չնայած մենք երեխա՞ ենք, չե՞նք հասկանում, որ Մարտի 1-ի համար Սերժ Սարգսյանն էլ է պատասխան տալիս: Մենք չենք հասկանում, թե էս թալանն ինչո՞ւ է սկսվել, չենք հասկանում, թե ո՞վ առաջին օլիգարխներին ստեղծե՞ց»,- ասել է Բագրատյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը այժմ «արդեն չունի «մարդասպանի» պիտակը ընդդիմության կողմից»: «Այսօր համաշխարհային մամուլում Սարգսյանը երկխոսության մեջ է իր ընդդիմության հետ, իսկ Ալիեւը` ոչ: Ենթադրում եմ, որ ինքը նաեւ դրա կարիքն ուներ, որովհետեւ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ղարաբաղյան հարցում կարծես թե բանը բանից անցնում է: Ես չգիտեմ` այնտեղ ինչ է կատարվում, բայց այնտեղ շատ դժվար է: Ես չեմ ասում, թե զիջում չի կարելի անել, գուցե ինչ-որ բան պետք է կարողանալ զիջել, բայց դա փոխզիջում չէ: Պատրաստվող առաջին փաստաթուղթը, ըստ ինձ հասած տեղեկության, փաստաթուղթ է զիջման մասին, ոչ թե փոխզիջման»,- ասել է Բագրատյանը: Ինչ վերաբերում է կազանյան հանդիպմանը, Հ. Բագրատյանն ասել է. «Եթե մի փաստաթուղթ կա, որը վերջին հաշվով անընդունելի է, ապա առաջին անգամն է, որ Սերժ Սարգսյանը (Քոչարյանն էլ դա չէր կարող անել) կարող է ասել` մեր ժողովրդի համար սա անընդունելի է: Եթե առանց այս երկխոսության ասեր դա, կասեին` քո ժողովուրդը 200 հազարով կանգնած է Մատենադարանի մոտ կամ Ազատության հրապարակում, ժողովրդի անունից մի խոսիր»: Նա ասել է, թե ՀԱԿ-ի ներսում վեճ կա իշխանության հետ երկխոսության հարցում. «Որոշակի քայլ եղել է (Սերժ Սարգսյանի կողմից): Ես հատկապես տպավորված էի, որ քաղբանտարկյալներն ազատվել են: Միանշանակ ասեմ` քաղաքական հարցերում Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան չէ, բայց դա քիչ է: Ես ողջունում եմ երկխոսությունը: Բայց ես նաեւ ՀԱԿ-ի ներսում փորձում եմ պահել այս դիրքորոշումը, որ` վերջին հաշվով քաղբանտարկյալներին պարտավոր էին ազատել… Վերջին հաշվով, վերականգնվել է արդարությունը, չի արվել ավելացված արդարություն: Հեղափոխության, կտրուկ փոփոխությունների պատրաստակամությունն ու մահակը իշխանություններն ու Սերժ Սարգսյանը ամեն օր պիտի տեսնեն»,- ասել է նա: Հ. Բագրատյանը դժվարացել է ասել, թե ՀԱԿ-ՀՀԿ երկխոսությունը տնտեսության ոլորտում ինչպես կարող է ծավալվել, քանի որ այսօր Հայաստանում տնտեսությունը «կառուցված է լիովին սխալ որոշումների վրա եւ ամեն բան պետք է համակարգված փոխվի»: Բագրատյանի կարծիքով` առաջին հերթին նախագահը պետք է փոխի վարչապետին: «Գոնե, ասենք, էսօր բռնի, Տիգրան Սարգսյանին հանի. որեւէ կարիք չկա էդ տղուն պահելու»,- հայտարարել է ՀՀ նախկին վարչապետը` ավելացնելով. «Թող մի բան անի, թող Գալուստ Սահակյանին դնի: Շատ ավելի հետաքրքիր կլինի, նա գոնե ոչինչ չի անի: Ի՞նչ կա, չի՞ կարելի գտնել որեւէ մեկին ու խնդրել, որ ոչինչ չանի»: