Ինչո՞ւ է ԲՀԿ-ն վախենում երկխոսությունից

23/06/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանի ներքաղաքական կյանքում ինտրիգային վիճակ է ստեղծել ՀԱԿ-իշխանություն երկխոսության թեման: Ինտրիգ գոյություն ունի ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխանական դաշտում:

Իսկ երկխոսության թեման մոտ մեկ ամիս ծավալվում է, բայց կարծես թե մնացել է օդում կախված եւ իր հանգրվանին չի հասնում: Կարծես թե բոլորը ցանկանում են երկխոսել, այդ մասին հայտարարություններ են անում, սակայն գործընթացներն այնպես են տարվում, որ, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում; Նախ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին ուշ պատասխանեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկխոսության առաջարկին: Եվ մինչ նա անձամբ կպատասխաներ, բազմաթիվ մեկնաբանություններ հնչեցին այդ թեմայով: Իսկ անցած շաբաթ արդեն Ս.Սարգսյանի պատասխանն ավելի խորացրեց ինտրիգը եւ երկխոսության համար ստեղծեց անորոշ վիճակ: Մինչեւ հիմա քաղաքական դաշտում կոնկրետ չեն կողմնորոշվում, թե նա ընդունե՞լ է այդ առաջարկը, թե՞ ոչ: Չեն կողմնորոշվում նաեւ ՀԱԿ-ում եւ դեռ չեն պատասխանել, թե ինչ են մտածում արդեն Ս.Սարգսյանի առաջարկի մասին:

Հասկանալի էր այն, որ ՀԱԿ-իշխանություն արդեն ծավալված հեռակա երկխոսությանը միանշանակ չեն վերաբերվի ընդդիմադիր մյուս ուժերը: Արդեն հավանական երկխոսության արդյունքում նրանք կհայտնվեին քաղաքական լուսանցքում: Բայց այս անգամ կարծես թե այդ ինտրիգը իշխանության` կոալիցիայի ներսում է` ի դեմս ԲՀԿ-ի: Ս.Սարգսյանի պատասխան-հայտարարությունից հետո նախօրեին երկխոսության հետ կապված հայտարարություն արեց նաեւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Վերջինիս խոսքերով` իրենք պատրաստ են սեղանի շուրջ քննարկումներ կատարել: «Շատ կարեւոր մոտեցում է դա, եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունը խնդիր չի տեսնում սեղանի շուրջ անձերով, անհատներով հանդես գալու եւ քննարկումները կատարելու: Եթե կգա այդ օրը, որ արդեն անհրաժեշտ է, որպեսզի մենք սկսենք այդ քննարկումները, ՕԵԿ-ը կտա իր թեկնածուներին, որն ընդամենը տեխնիկական խնդիր է»,- ասել է Հ.Բիշարյանն` ավելացնելով, թե երկխոսության մասին հարցը նախապես քննարկելու խնդիր չկա:

Ստացվում է, որ ՀԱԿ-ի առաջարկած երկխոսությանը, թեկուզ այլ ձեւաչափով, բայց արդեն պատասխանել են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: ԲՀԿ-ն, սակայն, հապաղում էր պատասխան տալ: Այդ կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե երեքշաբթի խմբակցության նիստի ժամանակ կքննարկեն այդ հարցը: Բայց հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարեց, թե խմբակցության նիստը արել են, բայց այդ հարցը չեն քննարկել: Եվ երեկ մինչեւ երեկո ԲՀԿ-ից դեռ պատասխան չկար, թե նրանք պատրա՞ստ են կամ ցանկություն ունե՞ն կոալիցիայի ֆորմատով ՀԱԿ-ի հետ երկխոսության գնալ: Մինչ այդ ԲՀԿ-ից կցկտուր պատասխաններ էին հնչում, թե իրենք դրական են վերաբերվում երկխոսությանը: Իսկ Հ.Բիշարյանն իր հայտարարությամբ կարծես թե ավելի լարեց ներկոալիցիոն ինտրիգը եւ ավելի պահանջված դարձրեց ԲՀԿ-ի պատասխանը: Նա կարծես թե սադրեց, որ ԲՀԿ-ն էլ ստիպված պատասխան տա: Եվ երեկ ողջ օրը ԲՀԿ պատգամավորները ԱԺ միջանցքներում խուսափում էին լրագրողների հետ նույնիսկ դեմառդեմ դուրս գալ: Իսկ Ա.Սաֆարյանը մեր հարցին ի պատասխան` ասաց, թե «տիկին Նաիրա Զոհրաբյանը կգա ԵԽ ԽՎ-ից եւ կպատասխանի այդ հարցին», իսկ ինքը որոշել է մինչեւ սեպտեմբեր ոչ մի մեկնաբանություն չտալ: Հավանաբար այդ հարցը սուր է դրված ԲՀԿ-ի համար, որ նրանք չսպասեցին Ն.Զոհրաբյանի գալուն եւ երեկոյան ստիպված պատասխան հնչեցրին: «ԲՀԿ-ն ողջունել ու ողջունում է երկխոսության գաղափարը, որը երկրում տեղի է ունենում, եւ պատրաստ է իր հնարավորությունների եւ լիազորությունների սահմաններում համապատասխան մարդկային, կադրային տեսանկյունից եւ առաջարկությունների տեսանկյունից սատարել այս գաղափարին»,- մի միջոցառման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության երիտպատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով մինչ այդ երբեք աչքի չի ընկել քաղաքական կարեւորագույն հարցերի շուրջ հայտարարություններ կամ պատասխաններ հնչեցնելով:

Իսկ երեկ` Վ.Էնֆիաջյանի հայտարարությունից հետո արդեն, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, թե խմբակցության նիստի ժամանակ այդ հարցն էլ է քննարկվել: Նիստին, սակայն, Գ.Ծառուկյանը չի մասնակցել, եւ դժվար է հավատալ, թե առանց նրա խմբակցության պատգամավորները նման հարց կքննարկեին: Ա.Սաֆարյանը նաեւ ասել էր, թե քննարկել են ընդամենը ԱԺ նիստի օրակարգում գտնվող օրինագծերի վերաբերյալ հարցերը: ԲՀԿ-ից նման իրարամերժ հայտարարությունները կամ ՀՀԿ նախագահի ու ՕԵԿ փոխնախագահի կողքին շարքային պատգամավորի միջոցով պատասխան տալով` այդ կուսակցությունը կարծես թե վերաբերմունք է արտահայտում թե երկխոսության, եւ թե կոալիցիոն մյուս կուսակցությունների նկատմամբ:

Իսկ Հ.Բիշարյանը հենց այդպես չարձագանքեց երկխոսությանն ու Ս.Սարգսյանի հայտարարությանը: ՕԵԿ-ից հնչող դրական պատասխանը պայմանավորված էր Ս.Սարգսյանի հայտարարությամբ: Հիշեցնենք, որ նա Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի հետ տնտեսական, ընտրություններին վերաբերող եւ այլ հարցեր քննարկելուց բացի, առաջարկում էր բանակցությունների շուրջ նստել կոալիցիոն կուսակցությունների հետ: Այսինքն` կոալիցիոն կուսակցությունները պետք է պատրաստ լինեն այդ բանակցություններին: Եվ պարզ է, որ ՕԵԿ-ը երբեք Ս.Սարգսյանի հայտարարությունից թեկուզ մազաչափ անգամ տարբերվող պատասխան չէր տա: Կոալիցիայում ինտրիգը սրվում էր ԲՀԿ-ի կողմից:

Երեկ քաղաքական շրջանակներում քննարկվում էր այդ թեման, թե ինչու կոալիցիայի երկրորդ ուժը դեռ հապաղում է ընդառաջ գնալ Ս.Սարգսյանի հայտարարությանը կամ էլ պատասխան են տալիս ոչ թե համարժեք պաշտոնյաների, այլ շարքային ու երբեւէ աչքի չընկած պատգամավորի միջոցով: Նախ` կարծիքներ էին հնչում, թե այդ հավանական երկխոսությունը եւ երկխոսության ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները կամ փոփոխություններն ի վնաս ԲՀԿ-ի է լինելու: Եվ այս դեպքում որքան էլ խոսակցություններ են շրջանառվում կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու կամ արտահերթ ընտրությունների հավանականության մասին, հասկանալի է, որ երկու գործընթացներն էլ այս կուսակցության օգտին չեն լինելու: Նախ` կոալիցիայից դուրս գալու դեպքում ԲՀԿ-ն իր հաջողակ գործարարներով չի ընկալվի որպես ընդդիմություն, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում էլ նույնքան քվե ստանալու հավանականությունն է փոքրանում: Եվ այդպիսով նա չի կարողանա ապագա խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցնելու համար անհրաժեշտ քվեներ հավաքել: ԲՀԿ-ին առայժմ ձեռնտու է, որ պահպանվի այս իրավիճակը, իհարկե, առանց ՀԱԿ-ի հետ երկխոսության: Չեն բացառում նաեւ, որ ԲՀԿ-ն փորձում է իր տեղը «ծանրացնել» եւ երկխոսության գնալու համար որոշակի պահանջներ ներկայացնել Ս.Սարգսյանին: Երեկ քաղաքական շրջանակներում հավանական էին համարում նաեւ այն տարբերակը, թե երկխոսության գնալու համար ԲՀԿ-ի «չկամության» ետեւում կանգնած է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով քաղաքական մեծ խաղերում անձամբ է ուղղորդում այդ կուսակցության դիրքորոշումները: Գոյություն ունեցող կարծիքների համաձայն` այդ կուսակցության ստեղծման ետեւում էլ Ռ.Քոչարյանն էր կանգնած: Եվ այն, որ երեկ Վ.Էնֆիաջյանի կողմից, այնուամենայնիվ, պատասխան հնչեց, ՀՀԿ-ում միանշանակ չեն ընկալում: Այնպես, ինչպես միանշանակ չեն համարում փետրվարի 17-ին կոալիցիոն հայտարարության ստորագրումը: Հիշեցնենք, որ տարեսկզբին նույնպես Հայաստանում բավականին լարված ներքաղաքական իրավիճակ էր ստեղծվել: Հանդիպումներ ու քննարկումներ էին ունենում կոալիցիոն ուժերը, եւ կանխատեսումներ կային, թե ուր որ է ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից: Եվ եթե նման խնդիր չլիներ, կոալիցիոն նոր հայտարարություն ստորագրելու անհրաժեշտություն չէր առաջանա: Եվ որ իր համար ոչ ցանկալի քաղաքական իրավիճակում ԲՀԿ-ն կարող է չեղյալ համարել թե կոալիցիոն, եւ թե երկխոսության հետ կապված հայտարարությունները: Եվ այս տարի արդեն երկրորդ անգամ ԲՀԿ-ն դառնում է ներկոալիցիոն ինտրիգների գլխավոր դերակատարը: