Մեկ ժամ ԵԽ ԽՎ-ում

23/06/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ ԵԽ ԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին 2008թ. մարտի 1-ի դեպքերին եւ ԼՂՀ հիմնախնդրին:

Հերթագրվել էր 26 պատվիրակ, սակայն, ժամանակի սղության պատճառով, նրանցից քչերին հնարավորություն տրվեց հնչեցնելու իրենց հարցերը: Ի դեպ, հերթագրված ադրբեջանցի 5 պատգամավորներից ոչ ոք այդպես էլ հարց չուղղեց Ս. Սարգսյանին` չնայած մինչ երեկ արված կանխատեսումներին, թե ԵԽ ԽՎ ազգությամբ թուրք նախագահ Մեւլութ Չավուշօղլուն նախապատվությունը կտա հենց նրանց: Փոխարենը Չավուշօղլուն հարց տալու համար ձայն տվեց ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ ընթացակարգի համաձայն` Ս. Սարգսյանի ելույթի ու դրան հաջորդող հարցուպատասխանի համար հատկացվել էր մեկ ժամ (յուրաքանչյուր հարցի համար` 30 վայրկյան):

Մարտի 1-ի դեպքերի մասին

«Քննությունը չի ավարտվել, որովհետեւ բոլոր մեղավորները դեռեւս չեն հայտնաբերվել: Թե ինչո՞ւ չեն հայտնաբերվել, ապա դա բավական մեծ եւ հիմքային պատճառներ ունի, եւ, կարծում եմ` շատ-շատերի համար նաեւ հասկանալի: Ինչ վերաբերում է մեր մասնագետների մասնագիտական պատրաստվածությանը, ապա, ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում եւս կան եւ լավ, եւ միջակ, եւ վատ մասնագետներ, մենք այս գործին ներգրավել ենք մեր լավագույն մասնագետներին, ու հսկայական աշխատանքներ են ծավալել»,- ի պատասխան պատվիրակներից մեկի` Մարտի 1-ի իրադարձությունների քննությանը վերաբերող հարցին, ասել է Ս. Սարգսյանը` հավելելով, թե ՀՀ իշխանությունները դիմել էին բոլոր երկրների կազմակերպություններին` համապատասխան փորձագետներով աջակցելու խնդրանքով, սակայն միայն Համարբերգն էր օգնել այդ հարցում: «Պիտի տեղյակ լինեք, որ վերջերս ես հանձնարարականներ եմ տվել Դատախազությանը, քննչական մարմիններին` ավելի հանգամանորեն, խորքային եւ ավելի մանրակրկիտ անդրադառնալ այս գործին: Եվ հուսով եմ, որ քննչական խումբը իր բոլոր հնարավորությունները կօգտագործի` բոլոր հանցագործությունները բացահայտելու համար»,- ասել է Ս. Սարգսյանը` հավելելով, թե մինչեւ աշուն Հատուկ քննչական ծառայությունը զեկույց կհրապարակի իր կատարած աշխատանքների վերաբերյալ: Մոլդովացի պատվիրակ Գրիգոր Պետրենկոյի հարցին էլ, թե` «մարդիկ հիշում են, որ երբ Դուք ընտրվեցիք, մարդիկ սպանվեցին, որեւէ մեկը ձերբակալվե՞լ է կրակողներից», Ս. Սարգսյանը պատասխանեց. «Ոչ միայն մեկը: Դատապարտվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում` Ոստիկանության չորս աշխատակից»: Նաեւ հավելեց, որ քննությունն ավարտված չհամարելու պատճառը հենց այն է, որ բոլոր հանցագործները չեն բացահայտվել:

ԼՂՀ հիմնախնդրի մասին

Պատասխանելով Կազանում նախատեսվող հանդիպման մասին ռուս պատվիրակ Վալերի Պարֆյոնովի հարցին, Ս. Սարգսյանն ասաց, թե դժվար է վստահաբար ասել, որ հունիսի 25-ին հնարավոր կլինի հասնել դրական արդյունքի, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը խնդրի լուծման համար լավագույնն է: Նաեւ հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքները հնարավորություն են տալիս հասնելու արդար կարգավորման` միաժամանակ հայտարարելով. «Հայաստանն ու Ղարաբաղը խորապես շահագրգռված են խնդրի կարգավորմամբ: Մեզ անհրաժեշտ է տեւական եւ կայուն խաղաղություն: Փաստաթուղթը, որը կքննարկվի Կազանում, պատրաստվում էր ավելի քան 1 տարի, սկզբունքները քննարկվել են տարբեր հանդիպումների ժամանակ: Իհարկե, հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ դա»: Նա ասաց նաեւ. «Մեր կողմից որեւէ խնդիր չկա: Մենք դեռեւս 2007թ. հայտարարել ենք, որ այն սկզբունքները, որ դրված են «Մադրիդյան սկզբունքներ» կոչված փաստաթղթում, հնարավորություն են տալիս հասնելու խնդրի արդարացի եւ երկարատեւ լուծմանը: Այդ սկզբունքները երեքն են` ուժի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում: Խնդիրն այն է, որ մենք այդ սկզբունքները հասկանում ենք մի այլ կերպ, ադրբեջանցիները` մեկ այլ կերպ: Բոլորիդ էլ հայտնի է, որ մանավանդ վերջին տարիներին Ադրբեջանն իր բոլոր պաշտոնյաների, ընդհուպ` մինչեւ երկրի նախագահի բերանով հայտարարում են, որ պատրաստ են ռազմական եղանակով հասնելու խնդրի կարգավորման: Կարծում եմ` սա առաջին սկզբունքի խախտում է Ադրբեջանի կողմից: Երկրորդ` տարածքային ամբողջականության սկզբունքը Հայաստանն ընդունել է, ընդունում է եւ մշտապես ընդունելու է: Այստեղ մեզ համար որեւէ հարցական խնդիր չկա: Եվ հենց այդ պատճառով է նաեւ, որ ՀՀ կառավարությունը երբեք որեւէ անգամ տարածքային որեւէ պահանջ չի ներկայացրել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ որեւէ այլ երկրի: Հենց այդ պատճառով է նաեւ, որ այսօր ՀՀ-ն դեռեւս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Երրորդ` ազգերի ինքնորոշման սկզբունքը մեզ համար հասկանալի է, ընկալելի է, ընդունելի է: Եվ մենք համարում ենք, որ հենց այդ սկզբունքի իրականացումը հնարավորություն տվեց վերջին 20 տարիների ընթացքում մի քանի տասնյակ պետությունների ձեւավորման: Այստեղ ադրբեջանցիներն ունեն տարակարծություններ: Նրանք այլ կերպ են մտածում եւ ասում են, որ` ազգերի ինքնորոշման իրավունքն ընդունում, բայց կոնկրետ դեպքում` ԼՂ ինքնորոշման իրականացումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում են ընդունում: Մենք ասում ենք, որ դա խուզած ինքնորոշման մասին է խոսքը, եւ ազգերի ինքնորոշումը հենց այնպիսին պետք է լինի, որ հնարավորություն տա տվյալ ժողովրդին ազատորեն տիրապետելու իր ճակատագիրը: Խնդիրը սրանում է, մենք որեւէ վերապահում չունենք: Կարեւորությունը կայանում է նրանում, որ այս սկզբունքները որեւէ երկրի կողմից չեն կարող չընդունվել: Ուղղակի այն երկրները, որոնք չեն ուզում, որ խնդիրները լուծվեն այս սկզբունքների հիման վրա, փորձում են տարբեր պատճառներ բերել: Մենք որեւէ վերապահում` խնդիրն այս սկզբունքներով լուծելու, չունենք»:

Խոսելով համանախագահ երկրների նախագահների կողմից Դովիլում ընդունված հայտարարության մասին, Ս. Սարգսյանն ասաց, որ այն «շատ բարձր» է գնահատում: «Նրանք ասացին, որ երկու երկրների ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Ես կարծում եմ, որ մենք այստեղ բավականաչափ առավելություն ունենք, որովհետեւ մենք այս 20 տարիների ընթացքում, իրոք, մեր ժողովրդին չենք պատրաստել պատերազմի, եւ համարում ենք, որ Ադրբեջանն առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետեւ Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստել է եւ պատրաստում է պատերազմի»,- ասաց Ս. Սարգսյանը` հույս հայտնելով, որ ռազմական գործողություններ չեն վերսկսվի, քանի որ այդ դեպքում շատ ավելի շատ կորուստներ կունենա թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը: «Եվ շատ լավ կլիներ, որպեսզի այդ ռեսուրսները մենք ծախսեինք մեր երկրների զարգացման համար եւ ոչ թե ռազմական գործողություններով խնդիրներ լուծելու համար»,- ասաց Ս. Սարգսյանը:

ԵԽ ԽՎ-ում ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի մասին

Այդ ենթահանձնաժողովի մասին Ս. Սարգսյանին հարց ուղղեց ԵԽ ԽՎ մոլդովացի պատվիրակ Գրիգոր Պետրենկոն: Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այս հանձնաժողովին, որի աշխատանքները բոյկոտում են ՀՀ պատվիրակության ներկայացուցիչները, եւ առանց որոնց անիմաստ կլինի քննարկում իրականացնել, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Համաձայն եմ, որ առանց ՀՀ պատվիրակության մասնակցության անհնար եւ աննպատակ կլինի աշխատանքը: Բայց շուտ պետք է այդ բանը հաշվի առներ Բյուրոն, նոր որոշումներ կայացներ եւ առանց ՀՀ պատվիրակության կարծիքը հարցնելու հանձնաժողովում հանձնաժողով ձեւավորեր կամ էլ, ինչպես ասում ենք` վերակենդանացներ հանձնաժողովի աշխատանքները: Մեզ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ ակնկալիք ունի Վեհաժողովն այս հանձնաժողովից: Մենք կարծում ենք, որ ԵԽ ԽՎ-ն շատ մեծ դերակատարություն ունի մեր տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու գործում: Եվ այստեղ շատ կարեւոր է սկսել քայլերից, որոնք գործին չեն վնասում: Համոզված եմ, որ եթե ԵԽ ԽՎ-ին հաջողվի գոնե իր պատերի ներսում բացառել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների փոխադարձ մեղադրանքները, կարծում եմ, շատ մեծ եւ դրական ազդեցություն կունենա եւ՛ խնդրի լուծման վրա, եւ՛ ընդհանրապես տարածաշրջանում երկխոսության մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ: Սա է մեր մոտեցումը»: Ըստ Ս. Սարգսյանի` տարածված կարծիքը, թե 2005թ. այդ ենթահանձնաժողովի գործունեությունը դադարեցվեց լորդ Ռասել Ջոնսթոնի մահվան պատճառով` չի համապատասխանում իրականությանը: Պատճառը, ըստ Ս. Սարգսյանի` նույնն էր. հանձնաժողովը իրավասու էր քննարկելու ԼՂՀ հարցը` չտիրապետելով բանակցությունների մանրամասներին: «Ի՞նչ լուրջ հարց պիտի քննարկեր ենթահանձնաժողովը` ԼՂ խնդրի հետ կապված, երբ չունի որեւէ հնարավորություն` տիրապետելու բանակցային գործընթացի մանրամասներին, երբ այդ հանձնաժողովը պատմական որեւէ հիշողություն չունի եւ չի տիրապետում նախորդ փուլերին եւ չի կարող օգտակար որոշում կայացնել: Եվ վերջապես, որքան տեղյակ եմ, ԵԽ ԽՎ մանդատի մեջ չի մտնում ԼՂՀ խնդրի լուծումը: ԼՂ խնդրի լուծումը եվրոպական կառույցները վստահել են ԵԱՀԿ-ին, եւ այդ ձեւաչափը Մինսկի խմբի համանախագահների, ՄԱԿ-ի անվտանգության գերակայությունն է: Ավելի կոմպետենտ ձեւաչափ ես չեմ տեսնում: Կարծում եմ, որ խորհրդի 5 անդամներից երեքն են։ Ավելի վստահելի, ավելի կոմպետենտ ձեւաչափ ես չեմ տեսնում: Այնպես որ` ես կարծում եմ, որ հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ չեն լինի, եւ ես լիարժեք պաշտպանում եմ մեր պատվիրակության կարծիքը»:

Արտահերթ ընտրությունների մասին

ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով դեռեւս Հայաստանում խոստանում էր իր հարցով «անակնկալի բերել» Ս. Սարգսյանին երեկ ԵԽ ԽՎ-ում, հարցրեց. «Հարգելի պարոն Սարգսյան, չնայած նշեցիք, որ առաջնթաց կա ՀՀ-ում, այնուամենայնիվ, ես այն կարծիքին եմ, որ ՀՀ-ում ձեւավորվել է ավտորիտար ռեժիմ: 1995թ. սկսած ընտրությունները կեղծվել են: Ես կցանկանայի իմանալ` չե՞ք ցանկանում Դուք նախաձեռնել իրական բարեփոխումներ, միանալ Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությանը, նախաձեռնել արդար ընտրություններ եւ հեռանալ: Միեւնույն է` ավտորիտար ռեժիմները տապալվելու են, եւ ավելի լավ կլինի կամովին հեռանաք, եւ դա մեր ժողովուրդը ճիշտ կընդունի»: Ի պատասխան, Ս. Սարգսյանն ասաց. «Չեմ կասկածում, որ Դուք այլ կարծիք ունեք, որովհետեւ մշտապես տեղյակ եմ լինում Ձեր կարծիքներին, որոնք Դուք շատ հեշտությամբ եւ ազատորեն հնչեցնում եք Հայաստանում` ինչպես ԱԺ-ում, այնպես էլ, շատ նորմալ է` փողոցներում կամ լրատվամիջոցներում: Հարգում եմ Ձեր կարծիքը, բայց, իհարկե, համամիտ չեմ դրա հետ: Եվ գնահատական տվողները, կարծում եմ` պետք է նաեւ իրենք կամք ունենան ուրիշի գնահատականները լսելու այնպես, ինչպես մենք լսում ենք մեր երկրի ընդդիմության, այնպես էլ` մեր գործընկերների կարծիքները: Բայց ինչպես Դուք լսեցիք այսօր (հավանաբար` խոսքը վերաբերում է ԵԽ ԽՎ նախագահ Չավուշօղլուի հայտարարությանը, ով Ս. Սարգսյանի ելույթից առաջ հայտարարեց, թե Հայաստանում իրավիճակը նորմալ է արդեն, երկու համաներում է եղել, ներքաղաքական խնդիրները լուծվում են.- Լ.Ս.), եւ ես` իմ հանդիպումների ընթացքում լսեցի գոնե ԵԽ ԽՎ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքը, Ձեր կարծիքի հետ բնավ չի համընկնում, ինչի համար ես շատ ուրախ եմ»: Նաեւ հավելեց. «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում, իրոք, ընթանում են կարեւոր, համապարփակ բարեփոխումներ: Մենք բազմաթիվ անգամներ կոչ ենք արել բոլորին` մասնակցել այդ բարեփոխումներին իրենց փորձով, քննադատությամբ եւ կոնկրետ ու կառուցողական առաջարկություններով: Ո՛չ, ես չեմ պատրաստվում անցկացնել արտահերթ ընտրություններ, որովհետեւ ոչ դրա անհրաժեշտությունը կա, եւ ոչ էլ մեր Սահմանադրությունը նման հնարավորություն է տալիս այդպես հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Ս. Սարգսյանը նաեւ ասաց, թե շատ ավելի ճիշտ կլինի, եթե Փոստանջյանը, որպես ակտիվ քաղաքական գործիչ, մասնակցի իշխանությունների կողմից կազմակերպվող քննարկումներին եւ իր «ավանդն ունենա ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին»: Նաեւ կոչ արեց նրան ակտիվորեն մասնակցել հերթական ընտրություններին:

ԱԷԿ-ի մասին

Պատասխանելով Հայաստանի Ատոմակայանի գործունեությանը վերաբերող հարցին` Ս. Սարգսյանն ասաց, թե` միայն ՀՀ կառավարության կարծիքը բավարար չէ` գնահատելու համար հայկական ատոմակայանի մակարդակը: «Երկու շաբաթ առաջ Հայաստանում էր

ՄԱԳԱՏԷ-ի տեսչական խումբը, որը դրական գնահատական տվեց հայկական ԱԷԿ-ի վիճակին: Մենք տեւական ժամանակ հսկայական աշխատանք ենք կատարել ատոմակայանի անվտանգության ապահովման ուղղությամբ»,- հայտարարեց Ս. Սարգսյանը` ավելացնելով, թե հայկական ատոմակայանի գործունեությունը մեծ ռիսկեր չի պարունակում մեր ժողովրդի, տարածաշրջանի ժողովրդի համար: «Տարածաշրջանի ժողովրդի համար ռիսկեր են պարունակում այլ էներգակիրներից ստացված գերշահույթները, որոնք դառնում են սպառազինությունների դիմաց վճարվող գումարներ: Հայաստանի կառավարությունը շարունակելու է ատոմային էներգիայի օգտագործելու իր քաղաքականությունը, ընդգծում եմ` միջազգային կազմակերպությունների հսկողության ներքո»,- ասաց Ս. Սարգսյանը: