«Արարատբանկն» օգուտ քաղեց ճգնաժամից

22/06/2011

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, չնայած իր բացասական կողմերին, այդուհանդերձ որոշ դրական հետեւանքներ էլ ունեցավ։ Խոսքն այն մասին է, որ այն շատ ընկերությունների ստիպեց առավել զգաստանալ, ետ նայել, վերլուծել անցած ուղին ու նոր լուծումներ գտնել՝ ապագա մարտահրավերներին դիմակայելու համար։ Պատկերավոր ասած, ճգնաժամը սառը ցնցուղ էր, որը թույլ ընկերություններին «մրսեցրեց» եւ խաղից դուրս թողեց, իսկ հաջողակներին օգնեց թարմանալ եւ ավելի կայուն տեղ զբաղեցնել շուկայում։

«Արարատբանկը» այս վերջինների թվում էր։ Ասվածի ապացույցն այն է, որ ետճգնաժամային առաջին տարում՝ 2010 թվականի ընթացքում, բանկն աննախադեպ բարձր աճ է ապահովել հիմնական բոլոր ցուցանիշների գծով։

Այսպես, բանկի ակտիվները 2010թ. աճել են 44.8%-ով եւ կազմել 62.9 մլրդ դրամ, պարտավորություններն աճել են 48.3%-ով եւ կազմել 52.7 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 29.1%-ով (10.26 մլրդ դրամ): Բանկի հաճախորդների թիվը 2010-ի ընթացքում ավելացել է 41.4%-ով եւ տարվա վերջի դրությամբ կազմել 93.523: Բանկի ակտիվների եւ կապիտալի եկամտաբերությունը (ROA եւ ROE), բանկի գլխավոր տնօրեն Աշոտ Օսիպյանի տեղեկացմամբ, 2010թ. կազմել է, համապատասխանաբար, 19.2% եւ 2.3%:

Այս տվյալները երեկ ներկայացվեցին Երեւանում կայացած տարեկան ժողովում, որն, ի դեպ, խորհրդանշական էր այն առումով, որ «Արարատբանկն» իր պատմության մեջ առաջին անգամ շահաբաժիններ վճարեց։ Դա հնարավոր է դարձել շահութաբերության աճի շնորհիվ։ Բանկի զուտ շահույթը 2010թ. նախորդ տարվա համեմատ աճել է 44.8%-ով եւ կազմել 1 մլրդ 279 մլն դրամ։ Շահույթի շուրջ 20%-ը (248,491 մլն) բանկը կվճարի որպես շահաբաժիններ, 70 մլն-ը կուղղվի պահուստային հիմնադրամի համալրմանը, իսկ մնացած գումարը կմնա բանկի տրամադրության ներքո: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ շահաբաժնի չափը կկազմի 4.17% (անվանական աժեքը 5000 դրամ է):

Բանկի տնօրենի խոսքերով, իրենք նախատեսում են մեծացնել կապիտալը եւ անցկացնել բաժնետոմսերի նոր թողարկումներ ոչ միայն Հայաստանում, այլեւ Մերձբալթիկայում։ Որոշ ժամանակ առաջ բանկի տնօրենի տեղակալն այնտեղ անցկացրել է «Արարատբանկի» ներկայացում («road show»): Ա. Օսիպյանի խոսքերով, այդ միջոցառումը բավականին հաջող է անցել, եւ կարելի է ասել, որ Մերձբալթյան երկրներում «Արարատբանկի» բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկ կա։

Բացի այդ, ներկայումս դիտարկվում է նաեւ Լոնդոնի այլընտրանքային հարթակներից մեկում ցուցակագրվելու հնարավորությունը: Ա. Օսիպյանի խոսքերով, բանկը մտադիր է հասցնել իր ազատ շրջանառվող բաժնետոմսերը մինչեւ կապիտալի 10%-ը: