Գործընթացը պետք է շարունակել

22/06/2011

«Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությունը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բանակցել հայկական կողմի հետ»,- «Hurriyet Daily News»-ի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ըստ թերթի, մի քանի օր առաջ Ք. Քըլըչդարօղլուն եւ կուսակցության փոխնախագահ Օսման Քորութուրքը հանդիպել են հայ, ամերիկացի եւ թուրք լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում թուրք ընդդիմադիրները խոսել են մի շարք հարցերի, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ ղարաբաղյան հիմնախնդրի մասին: «Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող եւ Ժողովրդա-հանրապետական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունները պատրաստ են բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները եւ բացել սահմանը»,- գրում է թերթը` միաժամանակ նշելով, թե իշխանության եւ ընդդիմության դիրքորոշումներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հիմնախնդրին շաղկապելու հարցում առկա է որոշակի տարբերություն: Ի պատասխան ամերիկացի լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ժողովրդա-հանրապետական կուսակցության մոտեցումը չի տարբերվում Էրդողանի գլխավորած կուսակցության որդեգրած քաղաքականությունից, քանի որ երկուսն էլ հարաբերությունների կարգավորման համար որպես նախապայման առաջ են քաշում ԼՂ-ից հայկական զորքերի դուրսբերման հարցը, Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է. «Մենք պատրաստ ենք բանակցել հայերի հետ առանց նախապայմանների»: Նաեւ հայտարարել է, թե ոչ ոք չի կարող ասել, որ ինքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում համաձայն է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ունեցած դիրքորոշման հետ:

Օսման Քորութուրքը նույնպես հաստատել է, որ իրենք ղարաբաղյան հիմնախնդիրը չեն դիտում որպես նախապայման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: «Մեր եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության միջեւ տարբերությունն այն է, որ մենք զորքերի հնարավոր դուրսբերումը դիտում ենք որպես ժեստ, այլ ոչ` նախապայման»,- ասել է Քորութուրքը:

«Hurriyet Daily News»-ն անդրադարձել է նաեւ հայ, ամերիկացի եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի պետնախարար, ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ արած հայտարարութուններին: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` Էգեմեն Բաղըշը նշել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը թեմայի առնչությամբ համարձակ քայլեր են իրականացրել: Նաեւ ընդգծել էր, որ սկսված գործընթացը պետք է շարունակել: Անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը` Բաղըշն ասել էր, որ դա զգայուն թեմա է թուրք հանրության համար` հավելելով. «Սակայն եթե ցանկություն կա, լուծում էլ կլինի»: Խոսելով Թուրքիայի «զրո խնդիր» քաղաքականության մասին, Բաղըշն ասել է, թե Թուրքիան մի կողմից «զրո խնդիր» է ցանկանում իր հարեւանների հետ, իսկ մյուս կողմից ուզում է, որ իր հարեւանները նույնպես «զրո խնդիր» ունենան միմյանց հետ իրենց հարաբերություններում: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին` թուրք պետնախարարը նշել էր, թե իրենք ցանկանում են, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները կարգավորվեն, հակառակ դեպքում Թուրքիան հիասթափություն է ապրելու:

Պատասխանելով հարցին, թե` ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը, Էգեմեն Բաղըշն ասել է. «Ենթադրում եմ` ՀայաստանգԱդրբեջան ձեռքսեղմման հենց հաջորդ օրը»: