Հարկերն աճում են, իսկ տնտեսությո՞ւնը…

22/06/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ 2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.9%-ով կամ 26.6 մլրդ դրամով եւ կազմել 325.7 մլրդ դրամ։

Այդ թվում՝ հարկերը, պետական տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն ավելի շատ են աճել՝ 10.5%-ով։ Պետական բյուջեի եկամուտների 95%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 0.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Հավաքագրված հարկերի կառուցվածքում էական փոփոխություններ չկան. առյուծի բաժինը պատկանում է ավելացված արժեքի հարկին, որը, չնայած մյուս հարկատեսակների համեմատ ավելի քիչ է աճել, սակայն ընդհանուր հարկերի մեջ ունի 48.3% տեսակարար կշիռ։ Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում պետբյուջե է մուտքագրվել 124.8 մլրդ դրամ, ինչը 8.1%-ով կամ 9.4 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 77.1 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 47.7 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից։ Ֆիննախի հաղորդագրության մեջ հատուկ շեշտվում է, որ «եկամուտների աճն ապահովվել է գերազանցապես ներքին շրջանառությունից ստացված մուտքերի հաշվին»: Այսինքն, սրանով ցանկանում են ցույց տալ, որ մանրամեծածախ առեւտրաշրջանառության ոլորտում ստվերը կրճատվում է։ Սակայն անհասկանալի է, թե ինչպես է ԱԱՀ-ն աճել «գերազանցապես ներքին շրջանառությունից ստացված մուտքերի հաշվին», եթե ներմուծումը այս տարվա 5 ամիսներին աճել է 11%-ով՝ կազմելով 1 մլրդ 570 միլիոն դոլար։ Իհարկե, որոշ ընկերություններ ազատվել են սահմանի վրա ԱԱՀ վճարելու պարտավորությունից, սակայն ընդհանուր հարկերի մեջ դա մեծ թիվ չի կազմում։

Ինչեւէ, ԱԱՀ-ի տեսակարար կշիռը ընդհանուր հարկերի մեջ նվազել է 0.9 տոկոսային կետով, ինչը կարելի է դրական միտում համարել։ Նախորդ տարվա առաջին 5 ամիսների տվյալներով՝ ԱԱՀ-ի տեսակարար կշիռը ընդհանուր հարկային եկամուտների մեջ կազմում էր 49.2%։

Դրական միտում կարելի է համարել նաեւ շահութահարկի տեսակարար կշռի մեծացումը 1.3 տոկոսային կետով։ Հարկերի կառուցվածքում իր տեսակարար կշռով երկրորդ տեղում հենց շահութահարկն է։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 17.5%-ն ապահովվել է այս հարկատեսակի հաշվին` կազմելով 45.3 մլրդ դրամ: Նշենք, որ շահութահարկի գծով հավաքագրումներն ամենից շատ են աճել՝ 19.5%-ով կամ 7.4 մլրդ դրամով:

Ուղղակի հարկերից 10.1%-ով կամ 2.9 միլիարդ դրամով հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 31.1 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի եւ տուրքերի 12%-ը: Ինչպես երեւում է աղյուսակից, եկամտահարկի տեսակարար կշիռը ընդհանուր հարկերի մեջ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ չի փոխվել։ Եկամտահարկի մուտքերն աճել են 10.1%-ով կամ 2.9 մլրդ դրամով:

Ինչ վերաբերում է մյուս մուտքերին, համառոտ նշենք, որ բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.6%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին (14.6 մլրդ դրամ), 5.4%-ը՝ մաքսատուրքի հաշվին (14 մլրդ դրամ, 10.9%-աճ 2010 թվականի համապատասխան ցուցանիշի համեմատ), 3%-ը՝ պետական տուրքերի հաշվին (7.7 մլրդ դրամ, աճը՝ 15.3%), 3.2%-ը՝ հաստատագրված վճարների հաշվին (ավելի քան 8.3 մլրդ դրամ)։ Նշենք, որ նախորդ տարվա համեմատ նվազել են միայն հաստատագրված վճարները, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:

2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել նաեւ 4.9 մլրդ դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 53.3%-ով կամ 1.7 մլրդ դրամով։ Աճը, ինչպես պարզաբանում է Ֆիննախը, պայմանավորված է օգտակար հանածոների արդյունահանման եւ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար գանձվող վճարների աճով:

Մի խոսքով, ինչպես երեւում է այս ցուցանիշներից, բյուջեի գործերը վատ չեն, ամեն ինչ գնում է ըստ պլանավորվածի։ 2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 325.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 332.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81%-ով եւ 72.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 38.7%-ով, ծախսերի գծով` 35.4%-ով:

Սակայն հարկաբյուջետային քաղաքականությունը գնահատելու գործում, բացարձակ թվերից բացի, մեկ այլ կարեւոր ցուցանիշ կա՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ Գաղտնիք չէ, որ մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որ այդ հարաբերակցությունը գոնե 17%-ից անցնի։ Օրինակ, 2010 թվականին հարկեր/ՀՆԱ-ն 16.9% էր։ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տարվա սկզբին հույս էր հայտնել, որ այս տարի այդ ցուցանիշը կհասնի 17%-ի։

Այս պահին՝ հունվար-մայիս ժամանակահատվածի համար, հնարավոր չէ ասել, թե հարկերը ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն են կազմում։ Պատճառն այն է, որ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ-ի ընթացիկ ցուցանիշը այլեւս չի հրապարակում։ Փոխարենը՝ տնտեսությամբ հետաքրքրվողների համար հրապարակվում է տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ամենաթարմ տվյալներով, այս տարվա մայիսին մեր տնտեսությունը 9.9%-ով ավելի ակտիվ էր եղել, քան նախորդ տարվա մայիսին։ Իսկ հունվար-մայիս ժամանակահատվածի ակտիվությունը, ըստ գնահատականների, կլինի 3.5-4%-ի միջակայքում։ Հաշվի առնելով, որ հարկային մուտքերն ավելացել են 10.5%-ով, կարելի է ենթադրել, որ նման տեմպով շարունակվելու դեպքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի։ Այսինքն՝ տնտեսության դանդաղ աճն այնքան էլ լավ բան չէ, բայց մյուս կողմից՝ բարելավում է շատ կարեւոր մի ցուցանիշ։ Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի։