Արքայից արքան վերադառնո՞ւմ է
Դիվանագիտությունն արվեստ է, բայց նախ եւ առաջ գիտություն է: Գիտությունը շարժվում է օրենքներով, եւ այդ շարժումը խաթարվում է, երբ օրենքները խախտվում են: Այդ օրենքներից մեկը, թերեւս, ամենակարեւորներից մեկը, որպես աքսիոմատիկ ճշմարտություն` ուսուցանում է. դիվանագիտության արդյունավետությունը ուղիղ համեմատական է երկրի ներքին կայունությանը եւ քաղաքական ամրակուռությանն ու միասնականությանը: Այնպես որ, երբ Հելլադայի երկու հիմնական պոպուլյացիան` աթենացիները եւ սպարտացիները, խախտեցին այս ոսկե հավասարակշռությունը, երկիրը կանգնեց կործանման եզրին: Նրանք սկուտեղի վրա պարսիկին հրամցրին այն, ինչը ժամանակին պահել էին զենքի ուժով` միասնաբար…
Ասել, թե արքայից արքա Դարեհը ձեռքերը ծալած սպասում էր այդ երկնային մանանային, կնշանակի` թերագնահատել պարսիկների տաղանդները` քաղաքական խորաթափանցությունը, դիվանագիտական ճկունությունը, խորամանկությունը, պետական մտածողությունը եւ կայսերական ամբիցիաները: Արքայի երկնագույն երազն էր սրբագրել հույն-պարսկական պատերազմի` ամենեւին ոչ իր օգտին արձանագրված արդյունքները: Եվ այդ նպատակով արքայական բոլոր ծառայությունները` դիվանագիտական կորպուսը, ռազմական ու քաղաքական հետախուզությունները, բազմաճյուղ լրտեսական ցանցը ուշի ուշով հետեւում էին Հունաստանում ընթացող իրադարձություններին, ակտիվորեն աշխատում էին պատերազմող կողմերի հետ, շոշափում նրանց թույլ եւ խոցելի կետերը, խաղում նրանց միջեւ թշնամանքի եւ հակասությունների վրա: Արքայից արքան ճիշտ էր հաշվարկել, որ Աթենքի դիվանագիտական սխալներն իր կողմն են հրելու Սպարտան, եւ, որ նա առաջինն է կուլ տալու պարսկական խայծը:
Սպարտայի աքիլեսյան գարշապարն իր թշնամու` Աթենքի համեմատությամբ, թույլ նավատորմն էր: Դարեհ II-ը ֆինանսավորեց սպարտացիների նավաշինությունը` արքայաբար, այնքան առատորեն, որ նրանք կարող էին ոսկե նավեր կառուցել: Շահը պատրաստ էր ավելին անել, միայն թե Սպարտայի ձեռքով պատժեր իր ոխերիմ թշնամի Աթենքին: Սակայն ենթադրել, թե Դարեհը ձգտում էր ուժեղացնել Սպարտան, կնշանակի` սխալ մեկնաբանել պարսկական դիվանագիտության ուղղվածությունը, որի թիրախը Էգեյան ծովի ավազանում եւ Փոքր Ասիայում բոլոր խաղացողների քաղաքական եւ ռազմատնտեսական թուլացումն էր` այնտեղ իր հզորությունը վերականգնելու նպատակով: Ընդամենն այդ փուլում: Պարսկաստանը երբեք էլ չէր հրաժարվել Եվրոպան իր կայսրության մեջ ընդգրկելու սեւեռուն մտքից: Դիվանագիտական այդ գերխնդիրը դրվեց երկու փորձառու դիվանագետների` Փոքր Ասիայի սատրապներ Փառնասպեսի (հյուսիսային սատրապություն) եւ Տրիտանտայքմեսի (հարավային սատրապություն) վրա: 412 թ. ստորագրվեց երկկողմ պայմանագիր, որի մեջ սեւով սպիտակի վրա գրված էր, որ սպարտացիները ճանաչում են «արքայից արքայի ժառանգական տիրույթները»: Խոսքը վերաբերում է պատերազմի արդյունքում Հունաստանի կողմից ազատագրված փոքրասիական տարածքներին: Սպարտացիներն այսպիսով ոչ թե ստորագրեցին սոսկ դիվանագիտական արձանագրություն, այլ փաստեցին իրենց դավաճանությունը համահելլենական ազգային-պետական շահերին: Փաստաթղթի թանաքը դեռ չչորացած` սպարտացիները տեսան, որ պարսիկներն իրենց մի լավ խաբել են (մենք կասեինք` ֆռռացրել են): Պարզվեց, որ նշված քաղաքների հարկերը, որոնք գնում էին Աթենքի գանձարան, հետայսու հատկացվելու են Պարսկաստանին, այլ ոչ թե Սպարտային, ինչի մասին նրանք նախօրոք պայմանավորվել էին պարսից դիվանագետների հետ: Երբ սպարտացիները դժգոհեցին եւ սպառնացին սառեցնել հետագա բանակցությունները, պարսիկներն, առանց դադարեցնելու նրանց հետ բանակցությունները, գաղտնի դիվանագիտական խաղ սկսեցին աթենացիների հետ: Դժվար է հավատալ, բայց պարսկական կողմից բանակցություններին ակտիվորեն մասնակցում եւ առաջնային դեր էր խաղում Ալքիբիադեսը: Այո, այն Ալքիբիադեսը, եթե հիշում է ընթերցողը, ով աթենացիների առաջնորդն էր եւ սիցիլիական կամպանիայի խայտառակ պարտությունից հետո փախավ Սպարտա` խուսափելու համաքաղաքացիների զայրույթից: Որոշ ժամանակ սպարտացիներին ծառայելուց եւ աթենացիների դեմ նրանց պայքարին ակտիվ մասնակցելուց հետո Ալքիբիադեսն այս անգամ էլ դավաճանեց Սպարտային եւ փախավ Պարսկաստան: Դավաճանությունը, ըստ երեւույթին, նրա մոտ պաթոլոգիական բնույթ էր կրում ոչ միայն բարոյագաղափարական, այլ նաեւ ֆիզիոլոգիական առումով: Նա գայթակղեց իր բարեկամի եւ բարերարի` թագավոր Ագիսի կնոջը: Թագավորն իմացավ այդ մասին եւ նրանց բռնեց հանցանքի վայրում: Կիսամերկ «Կազանովան» մի կերպ ճողոպրեց, օգտվելով պալատում բարձրացած իրարանցումից, եւ ծառաների օգնությամբ փախավ ու թաքնվեց: Հետո թողեց երկիրը եւ հասավ Սուսա: Պարսից արքունիքը մեծ փորձ ուներ դավաճաններին ապաստան տալու եւ նրանց ուղեղներն օգտագործելու գործում: Ալքիբիադեսը դարձավ Դարեհի դիվանագիտական խորհրդականներից մեկը: Նրա խորհուրդների մեջ կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ հարկ է չափավորել Սպարտային ցույց տրվող օգնությունը, որպեսզի նա շատ չհզորանա: Բայց պետք է օգնել նաեւ Աթենքին, հավասարակշռություն պահելով պայքարող կողմերի միջեւ, փոխնիփոխ օգնելով նրան, ով որ այդ պահին թույլ է: Նպատա՞կը: Անել այնպես, որ պատերազմի կրակը չմարի Հելլադայում, եւ նա ուժասպառ լինի: Ալքիբիադեսը համոզում էր իր նոր տերերին, որ քանի դեռ հույները պատերազմում են, պարսից արքայից արքան կմնա այն ուժը, որի որոշումից կախված կլինի պատերազմի եւ խաղաղության հարցը, եւ հույներին նա կկարողանա հաղթել նրանց իսկ սեփական զենքով: Այդ իսկ պատճառով հարկ է Հունաստանին հոգնեցնել ներքին պատերազմներով, որպեսզի նա հնարավորություն չունենա վարելու արտաքին պատերազմ: (Դիվանագիտական նման սադրանքներ էին լարում ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը ԽՍՀՄ-ի եւ ֆաշիստական Գերմանիայի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ): Առաջին հայացքից թվում է, թե Ալքիբիադեսը դավաճանելով եւ՛ Աթենքին, եւ՛ Սպարտային` հիմա ծառայում է Պարսկաստանին: Ամենեւին: Կարմիր կովը մաշկափոխ չի լինում: Եթե կան կրկնակի դավաճաններ, ապա մեր հերոսը եռակի դավաճան էր: Իր նոր հանգրվանում նա հեռուն գնացող դավեր էր նյութում, որոնք ամենեւին էլ չէին խոսում պարսկական շահերի մասին: Սուսայից նա փորձում էր սպարտացիների եւ աթենացիների մոտ այն պատրանքը ստեղծել, որ ինքը կարող է ուղղորդել նրանց ճակատագրերը` շնորհիվ իր ազդեցության` արքունիքի եւ նրա ֆինանսների բաշխման վրա: Սակայն սա զուտ պարծենկոտություն եւ վտարանդիի թերարժեքության բարդույթի փոխհատուցման ձգտում չէր: Դրա տակ կար սառը եւ ռեալ քաղաքական հաշվարկ: Նա աթենացիներին հուշում էր իր ցանկացածը` ինչպես հմուտ դիվանագետներն են անում: Փորձենք վերարտադրել նրա ուղերձը աթենացիներին, որը պետք է որ մոտավորապես այսպես եղած լինի. «Դուք քշե՞ցիք ինձ Աթենքից եւ մահվա՞ն դատապարտեցիք: Շատ լավ: Հիմա եկեք եւ անվանարկված դեմոկրատական պետական կառուցվածքը (Ալքիբիադեսը այստեղ ճիշտ էր) եւ իշխանությունը հանձնեք ինձ: Ես նախ` ի զորու եմ դադարեցնել պատերազմը եւ կանոնակարգել հարաբերությունները Պարսկաստանի հետ: Ես Հունաստանին կվերադարձնեմ կայսերական նախկին փառքն ու հզորությունը»: Նա հավանաբար լռում էր այն մասին, որ այդ կայսության գահին ինքն է հավակնում: Օլիգարխներն Աթենքում եւ նրա սահմաններից դուրս ամուր կառչեցին այս ավանտյուրիստական առաջարկից, ինչպես փրկարար օղակից, եւ գործի անցան: (Չշփոթել հետխորհրդային կոռումպացված, կրիմինալ եւ թերուս օլիգարխների հետ: Հելլենական օլիգարխիան արիստոկրատական խավ էր, որի մասին մեծ գովեստով է արտահայտվել Արիստոտելը): Նրանք Աթենք ուղարկեցին պատվիրակություն` կատաղի հակադեմոկրատ եւ երկրից փախած, ճկուն դիվանագետ Պիսիստրատոսի գլխավորությամբ: Նա կարողացավ համոզել աթենացիներին, որ ստեղծված ռազմաքաղաքական ճգնաժամային իրավիճակից դուրս գալու միակ ելքը քաղաքական համակարգի փոփոխությունն է եւ Պարսկաստանի հետ դաշինք կապելը: Իսկ դրան հասնելու համար հարկավոր է իշխանությունը հանձնել օլիգարխներին, չեղյալ հայտարարել Ալքիբիադեսի մահվան դատավճիռը: Զուգահեռաբար գործում էին պարսկական փողերով ստեղծված քարոզչական-ապատեղեկատվական մեխանիզմները: (Նման մեխանիզմներ բոլորովին չէր խանգարի ունենալ հայկական քաղաքական խնդիրների լուծման գործընթացներում): Հինգերորդ շարասյունը սկսում էր գերակայել օրենսդրական եւ գործադիր ինստիտուտներում: Ամեն ինչում եւ բոլոր ձախորդություններում քավության նոխազ էր դարձվում դեմոկրատիան, ժողովրդական ամբոխը եւ նրա «անազնիվ» լիդերները: Աթենացիների հուսահատությունն այնքան մեծ էր, որ գրեթե առանց դիմադրության ընդունեցին օլիգարխների առաջարկները, որոնք ավելի նման էին վերջնագրի: 411թ. Ժողովրդական ժողովը հրաժարվեց դեմոկրատիայից եւ իշխանությունը հանձնեց օլիգարխներին: Այսպես կոչված 500-ի խորհուրդն արձակվեց, իսկ նրա փոխարեն կազմվեց 400-ի խորհուրդ, որը բոլոր գործերը կենտրոնացրեց իր ձեռքում: Ժողովրդական ժողովին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը սահմանափակվեց 5000 ամենահարուստներով, որոնց անգամ չէին հրավիրում նիստերի: Ամեն հարց, թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության բնագավառում լուծում էին մի բուռ օլիգարխներ: Իրենց չենթարկվողներին կամ դուր չեկածներին նրանք ուղղակի գլխատում կամ անկյունից սպանում էին: Բռնապետական ռեժիմը չէր կարող երկար գոյատեւել Աթենքում, որի դեմոկրատիան իր բոլոր արատավոր կողմերով հանդերձ` նրա ժողովրդի կացութաձեւն էր, մտածելակերպի եւ գոյության անբաժանելի բաղադրիչը: Դեմոկրատիան մոր կաթի հետ էր մտնում աթենացու մեջ: Մի քանի ամիս անց օլիգարխիան տապալվեց: Նրա դեմ ակտիվ հանդես եկան ցամաքային զորքերը, իսկ նավատորմը հրաժարվեց ենթարկվել, ընտրեց իր ստրատեգներին: 410 թ. դեմոկրատիան լրիվ վերականգնվեց Աթենքում: Նույն ժամանակ նա շահեց մի քանի ծովամարտ Պելոպոնեսյան նավատորմի հետ կռվում: Ալքիբիադեսը, որին ժողովուրդը ներել էր, եւ ով շարունակում էր իր պլանների իրականացումը, աչքի ընկավ այդ ծովամարտերում: Աթենացիները մեծ շուքով ընդունեցին նրան, իսկ նա, պետք է խոստովանել, իր բոլոր արատներով հանդերձ` տաղանդավոր զորավար էր, ճկուն դիվանագետ եւ փայլուն հռետոր: Սակայն հետագա ռազմական անհաջողությունները նրան չներվեցին, եւ Ալքիբիադեսը երկրորդ անգամ ստիպված եղավ փախչել հայրենի քաղաքից:
Աթենքի անկումը
406 թ. Սիփնոսի մոտ տեղի ունեցավ ամենամեծ հունական ծովամարտը: Սպարտացիներն ու աթենացիները հավասարապես կոտորեցին իրար: Ընդհանուր զոհերի թիվը կազմեց 20.000 մարդ: Քիչ անց նրանց նավատորմները ճակատամարտեցին Ագենուզյան կղզիների մոտ: Աթենացիները հաղթող դուրս եկան, սակայն խայտառակվեցին` սպանելով իրենց իսկ ծովակալներին, ինչ է թե` նրանք չէին հասցրել հողին հանձնել սպանվածներին: Այնուհետեւ սպարտացիներն առաջարկեցին հաշտություն` «status quo»-ն պահպանելու պայմանով: Իսկ Աթենքը պահանջեց հակառակորդից ազատագրել կայսրության բոլոր քաղաքները: Դիվանագիտական հերթական սայթաքում, քանի որ պահանջը հավասարազոր էր ստորացուցիչ վերջնագրի:
Այնուհետեւ Սպարտայական դաշնությունը պելոպոնեսյան նավատորմի ծովակալ նշանակեց սպարտացի Լիսանդրին, որը բարեկամական հարաբերություններ ունենալով պարսիկների հետ, նրանց փողերով սարքեց տեխնիկայի վերջին խոսքով հագեցած (անտիկ ժամանակների պարամետրերով) 200 ռազմանավ: Լիսանդրի թատերաբեմ իջնելը ճակատագրական եղավ Աթենքի համար: Նա հմուտ զորավար էր, հանդուգն եւ համարձակ իր գործողություններում: Հոգեխառնվածքով` դաժան եւ ցինիկ: Երբ նրան ասում էին, որ Հերկուլեսի սերունդներին վայել չէ հաղթանակ ձեռք բերել խորամանկությամբ, նա արհամարհանքով ծիծաղում էր. «Այնտեղ, որտեղ առյուծի մորթին կարճ է, կարելի է հագնել աղվեսի մորթի»: Նրա երդմնազանցության շուրջ առասպելներ էին պտտվում: Լիսանդրը խորհուրդ էր տալիս, օրինակ, խաբել մարդկանց, ինչպես երեխաներին են խաբում քարկտիկով: Լիսանդրը նավատորմը շարժեց Հելեսպոնտոս եւ մտավ Լամպսակոս նավահանգիստը, իսկ որոշ ժամանակ անց դեմ դիմաց, նեղուցի մյուս կողմում, երեք կիլոմետր հեռավորության վրա, խարիսխ նետեց աթենքյան նավատորմը (180 միավոր): Աթենացիների բոլոր փորձերը` հրահրել ծովամարտ` մնացին անպատասխան: Կողմերը փորձում էին միմյանց նյարդերի ամրությունը: Իսկ սպարտացիների հետախուզությունը հետեւում էր թշնամու յուրաքանչյուր քայլին: Մեկ շաբաթ անց աթենացիներն իրենց սովորության համաձայն` թուլացրին զգոնությունը, եւ նավաստիները սկսեցին ափ դուրս գալ ու անհոգ զբոսնել: Լիսանդրը հենց դրան էր սպասում: Նա սրընթացորեն հարվածեց աթենացիների գրեթե անտեր կանգնած ռազմանավերին: Նրանք կորցրին գրեթե ողջ արմադան` 171 նավ: Լիսանդրը գերի վերցրեց հազարավոր նավաստիների եւ զինվորների: Հետո հրավիրեց դաշնակիցներին: Բաց դատի նման մի բան սարքեց: Նրանք հիշեցրին աթենացիներին նրանց դաժանությունները, մասնավորապես այն, թե ինչպես մի քանի օր առաջ նրանք գերի վերցնելով նավաբեկության ենթարկված երկու սպարտայական ռազմանավ` կտրեցին բոլոր նավաստիների աջ ձեռքը: Դաշնակիցները աթենացի բոլոր գերիներին գլխատեցին: Նրանք 3000 էին: Լիսանդրը հետո արեց հերթական նենգ քայլը. շարժվելով Էգեյան ծովով, նա տեղահան արեց հունական համայնքներում մշտապես բնակվող Աթենքի քաղաքացիներին եւ բոլորին պարտադրեց վերադառնալ իրենց քաղաքը` սպառնալով մահապատժի ենթարկել բոլոր նրանց, ովքեր կգտնվեն այդ քաղաքի սահմաններից դուրս: Այսպիսով նա բոլոր աթենացիներին զոռով քշեց հարազատ քաղաք, որպեսզի այն գերբնակեցվի, եւ սկսվի սով ու խուճապ: Լիսանդրի հաշվարկները ճիշտ դուրս եկան: 405 թ. նոյեմբերին նրա նավատորմը շրջափակեց Պիրեա նավահանգիստը, իսկ Սպարտայի զորքերը թագավոր Ագիսի հրամանատարության ներքո պաշարեցին Աթենքը: Դա վերջի սկիզբն էր: Սովամահ լինելու սպառնալիքի դեմ հանդիման, մեկ ամիս հետո` դեկտեմբերին, Աթենքն ընկավ: Սպարտայի որոշ դաշնակիցներ առաջարկեցին Աթենքում անցկացնել andropodismos, այսինքն` սպանել բոլոր տղամարդկանց, ստրկության մատնել կանանց եւ երեխաներին:
Մի խոսքով` անել այն, ինչ արել էին աթենացիները Միլոս կղզում եւ ուրիշ տեղերում խաղաղ բնակչության հետ: Սակայն Սպարտան մեծահոգություն ցուցաբերեց եւ չուզեց կործանել այն քաղաքը, որն այնքան բան էր արել Հելլադային` Պարսկաստանի հետ նրա պայքարում: Բոլոր դեպքերում խաղաղության պայմանները ծանր եւ նվաստացուցիչ էին Աթենքի համար. դաշնակցության կազմալուծում, Աթենքի եւ Պիրեայի «Երկար պատերի» վերացում, որոնք նրանց պաշտպանության հիմնական կառույցներն էին հանդիսանում, նավատորմի հանձնում` բացի 16 հասարակ նավից, արտաքին քաղաքականության բոլոր հարցերում Սպարտայի ենթակայություն:
Մեր թեմայի սահմաններում անդրադառնանք Պելոպոնեսյան պատերազմի բազմաթիվ ասպեկտներից մեկին` դիվանագիտությանը: Քաղաքացիական պատերազմը կասեցրեց հունական դիվանագիտական հետագա զարգացումն ու առաջընթացը: Պատերազմն` ամբողջությամբ եւ Աթենքի անկումը` մասնավորապես, հնարավոր եղան աթենքյան դիվանագիտության կոպիտ սխալների հետեւանքով: Տեղի ունեցավ միջազգային հարաբերությունների կազուս. Հունաստանը հաղթեց պատերազմում, սակայն դիվանագիտությունն անկարող եղավ այդ հաղթանակն ամրագրել: (Ստացվում է, որ հազարավոր տարիներ առաջ եւս միջազգային հարաբերություններում տեղի էին ունենում կազուսներ` երբ ռազմական հաղթանակին հաջորդում էր դիվանագիտական պարտությունը: Ուրեմն մենք այդ հարցում, փառք Աստծո, առաջնեկ չենք: Դարեր անց նույն բանը կատարվելու էր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման ընթացքում: Հետո էլ ասում են, թե պատմությունը չի կրկնվում):
Սպարտան գրավեց Աթենքը, սակայն հունական պատերազմից հաղթող դուրս եկավ Պարսկաստանը: Նրանք համարյա առանց կռվի, առանց մի կաթիլ արյուն թափելու հասան այն բանին, որին չհասան Դարեհ I-ը եւ Քսերքսեսը` լարելով ողջ ռազմական պոտենցիալը: Հունաստանի արեւելյան տարածքները կրկին դարձան պարսկական թագավորության նահանգներ, իսկ Եվրոպական Հունաստանում ճանաչվեց պարսիկների եթե ոչ տիրապետությունը, գոնե նրանց գերիշխանությունը: Պարսիկներն, այսպիսով, ամրացրին իրենց թուլացած դիրքերը տարածաշրջանում: (Թերեւս համեմատությունը տեղին չէ, բայց այս կապակցությամբ ակամայից հիշում ես Երեւանում շրջանառվող արտահայտությունը, թե այն, ինչ չկարողացան անել սասանյանները Ավարայրում, արվում է այսօր խաղաղ ճանապարհով: Անշուշտ, ասված է կատակով, բայց ամեն կատակի մեջ…):
Հունական պատերազմը պատգամ է ներկա ու ապագա սերունդներին: Խուսափեք պատերազմներից, եթե կարող եք: Բայց ամենից շատ վախեցեք քաղաքացիական պատերազմից: Նա օտարի դեմ կռվելուց վտանգավոր է, քանզի որդի նման կրծում է ազգը ներսից:
Շարունակելի