Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեն դեռ չի տվել իր համաձայնությունը` մասնակցել ԱՊՀ միջկրոնական խորհրդի նիստին, որը կայանալու է նոյեմբերին` Երեւանում, սակայն կարծում է, որ այն օգտակար կլինի ԼՂ խնդրի կարգավորման համար: «Եթե հայոց կաթողիկոսն այցելելով այստեղ` արտահայտում է իր մտքերն ու կարծիքը, մասնավորապես, Ղարաբաղի մասին, ինչո՞ւ ես չպետք է գնամ այնտեղ եւ իրենց երեսին չասեմ իմ մտքերը: Ես կարծում եմ, որ դա վախկոտություն կլիներ»,- ըստ «Ինտերֆաքսի»` ասել է Փաշազադեն: Ըստ նրա` անհրաժեշտ է պահպանել նման կապերը եւ ասել «կարեւոր խոսքերը»: «Ընթանում են բանակցություններ, եւ ես դեռ չեմ տվել իմ համաձայնությունը: Մոտ ժամանակներս ես հանդիպելու եմ Համայն Ռուսիո պատրիարքին, որտեղ լինելու են նաեւ ԱՊՀ մի քանի կրոնական առաջնորդներ: Այդ հանդիպմանը կքննարկվի նաեւ Հայաստանում տեղի ունենալիք միջոցառումը»,- ասել է Փաշազադեն: Ի դեպ, նա ԱՊՀ միջկրոնական խորհրդի համանախագահն է: Նա նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում այս կամ հաջորդ տարի Ավստրիայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կրոնական առաջնորդների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, որի ժամանակ կքննարկվի ԼՂ խնդիրը: