Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Ճանապարհ դեպի ինքնասպանություն» հոդվածում ներկայացրել էինք Քանաքեռ 6-րդ փողոցի 62 տանը վարձակալական հիմունքներով բնակվող Լաուրա Խուդինյանի ընտանիքի պատմությունը: Հիշեցնենք, որ չորս անչափահաս երեխաներն ապրում են քաղցի ու անմարդկային պայմաններում, իսկ նրանց մայրը` Լաուրան, այլեւս ելք չգտնելով` ցանկացել էր կյանքին վերջ տալ: Հոդվածը «Facebook» սոցիալական ցանցում տեղադրվելուց հետո այս հրապարակումն այնպիսի արձագանք է ստացել, որ մինչեւ օրս մարդիկ չեն դադարում այցելել եւ օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին: Ընտանիքի անդամները մեզ տեղեկացրին, որ իրենց այցելում են անհատներ, ովքեր չեն ցանկանում ներկայանալ եւ օգնություն են ցուցաբերում` լինի դա գումար, սնունդ, դեղորայք եւ այլն: Ոմանք չցանկանալով ներկայանալ` պատրաստակամություն են հայտնել զբաղեցրած բնակարանի մի քանի ամսվա վարձավճարը տրամադրել, իսկ մյուսներն էլ` խանութում գոյացած պարտքերն են մարել: «Vistaa plus» ընկերության աշխատակից Զառա Փաշինյանը «Facebook»-ում «Օգնենք» խորագրով խումբ էր բացել, որտեղ ընդգրկված հարյուրից ավելի մասնակիցներ ցանկություն էին հայտնել օգնել այս ընտանիքին: Ի դեպ, ոմանք` հագուստ, ոմանք` սնունդ, որոշ մարդիկ էլ` մեծ ու փոքր գումարներով Զ. Փաշինյանին խնդրել էին իրենց օգնությունը փոխանցել Լաուրայի ընտանիքին: Այս երկու շաբաթների ընթացքում Զ. Փաշինյանը «Vistaa plus» ընկերության գրասենյակում կոորդինացրել էր ամբողջ օգնությունը, որն, ի դեպ, անհավանական մեծ չափերի էր հասնում: Բացի տեղաբնակներից, ընտանիքին օգնության ձեռք էին մեկնել Ռուսաստանի Դաշնությունից` Հասմիկ Բաղդասարյանը եւ Ստեփան Ավետիքյանը, ովքեր բանկային փոխանցում կատարելով` Զ. Փաշինյանին խնդրել էին օգնությունը հասցնել ընտանիքին: Բացի դա, Իտալիայից արձագանքել է մեր հայրենակցուհի Հասմիկ Հարությունյանը, ով նույնպես այս ընտանիքին շատ մեծ օգնություն է ցուցաբերել: Զ. Փաշինյանը մեզ տեղեկացրեց, որ մինչ օրս մարդիկ խնդրում են ընտանիքի անվամբ հաշվեհամար բացել, որի միջոցով հնարավոր կլինի փոխանցում կատարել: Օրեր առաջ մենք «Օգնենք» խմբի անդամների հետ այցելեցինք Լաուրայենց տուն: Ի դեպ, հարկ է նշել, որ այս խմբի անդամների մեծահոգության շնորհիվ օգնությունն այնքան մեծ էր, որ երեք մեքենաներն անգամ չէին բավարարում դրանք տեղափոխելու համար: Բացի հագուստից, սնունդից, խաղալիքներից եւ հիգիենայի պարագաներից, մասնակիցները բավականին մեծ սննդամթերքի գնումներ կատարեցին, որով այս ընտանիքը որոշ ժամանակ կգոյատեւի: Մասնակիցներից մեկն էլ առաջարկեց տունը փոքր-ինչ վերանորոգելու հարցում աջակցել: Զ. Փաշինյանը մեզ տեղեկացրեց, որ հավաքված գումարն այնքան մեծ է եղել, որ պատրաստվում են ընտանիքի համար նաեւ սառնարան գնել: «Օգնենք» խմբի անդամների այցելությունն այնպես էր ոգեւորել այս ընտանիքին, որ նրանց ուրախությունը նկարագրել հնարավոր չէ: Ի դեպ, չորս երեխաները «քչփորում» էին խաղալիքի եւ քաղցրավենիքի պարկերն ու կապոցները ու այնպիսի հրճվանք էին ապրում, կարծես տոն լիներ նրանց համար: Այն, ինչ կազմակերպեցին մի խումբ մարդիկ, այնքան հուզիչ ու տպավորիչ էր, որ դժվար է դա նկարագրել: Ընտանիքը մեզ խնդրել է շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ունեցածը կիսեցին մի աղքատ ընտանիքի հետ: Այս ընտանիքին արձագանքել են ոչ միայն «Օգնենք» խմբի անդամները, այլ նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր այցելելով նրանց` չեն էլ ներկայացել: «Աստված կա, փաստորեն էս աշխարհում դեռ բարի մարդիկ կան: Մեր երեխաներով հետաքրքրվողներ ու սրտացավ մարդիկ կան: Էս ամեն ինչն էնքան անսպասելի ու հուզիչ ա»,- ասում էին երեխաների ծնողները` ուրախությունից դժվարանալով արտահայտել իրենց զգացողությունները: